Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմանկարիչը պետք է բեմում ցուցահանդես չբացի»

Մայիս 06,2008 00:00

Հավաստիացնում է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը

Ժամանակակից հայ բեմանկարչությունը հիմնականում կանգ է առել նախկին ձեռքբերումների վրա, չափազանց քիչ հետազոտելով համաշխարհային բեմանկարչության արդի միտումները: Մեզ մոտ բեմանկարչություն ասելով հասկանում են ընդամենը բեմի արտաքին ձեւավորումը, մինչդեռ դա նկարչական ռեժիսուրան է՝ իր արտահայտչական, գաղափարական, գեղագիտական դրսեւորումներով: Օրերս Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացած Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացումը նվիրված էր բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի ծննդյան 50-ամյակին: Նա ավելի քան 20 տարի Դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է: Մասնագետների բնորոշմամբ, Կ. Գրիգորյանը հեղաշրջում է կատարել բեմանկարչության ասպարեզում՝ գնալով դեպի այլաբանական նկարչական ձեւավորման: Դրա վառ ապացույցն են Դրամատիկականի հատկապես շեքսպիրյան ներկայացումները («Համլետ», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», «Մակբեթ»):

«Առավոտի» հետ զրույցում բեմանկարիչը փաստեց, որ ցանկացած դրամատիկական ստեղծագործության առաջին էջում հեղինակը նախ նշում է, թե որտեղ են տեղի ունենում գործողությունները, իսկ որոշ դրամատուրգներ այնքան մանրամասն են նկարագրում, որ եթե նույնիսկ պրոֆեսիոնալ չլինես՝ դժվար չէ այդ ամենը «տեղափոխել» բեմ: Կ. Գրիգորյանի համոզմամբ. «Թատրոնի նկարիչը ոչ թե նկարչական ձեւավորող է, ինչը հաճախ օգտագործվում է մեզանում, այլ սցենոգրաֆ (բեմանկարիչ)»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին սցենոգրաֆը հայ իրականության մեջ եղել է Եվգենի Սաֆրոնովը, որը 70-ականներին Դրամատիկականում Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին» ներկայացման բեմանկարիչն էր: Մանրամասնելով այլաբանական բեմանկարչությունը, նա տեղեկացրեց, որ, որպես կանոն, չի օգտագործվում բեմի ընդհանուր վարագույրը. «Այսինքն, մինչ ներկայացման սկիզբն ու դերասանների ելքը, բեմանկարիչը հանդիսատեսին ժամանակ է տալիս տեղափոխվել տվյալ ժամանակաշրջան: Օրինակ, երբ «Մակբեթում», ըստ Շեքսպիրի, պետք է բեմում երեւային դղյակներ, Դրամատիկականի բեմում՝ աթոռ է, որը կարծես «ծլած» լինի խոտից, կանաչից: Վստահ եմ, որ նման մետաֆորները ավելի հետաքրքիր են դարձնում ներկայացումը եւ ռեժիսորին հնարավորություն տալիս ոչ շաբլոն մտածելակերպով, օրինակ, առանց անտառի «անտառ» ստանալ»: Տարածված կարծիքին, թե թատրոնը սինթետիկ արվեստ է, պարոն Գրիգորյանը չհամաձայնեց, ասելով. «Թատրոնը ավելի շուտ տարբեր մարդկանց միասնական աշխատանք է, իհարկե՝ ռեժիսորի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է բեմանկարչին, նա չպետք է «ցուցահանդես» բացի բեմում: Երբ գալիս ես թատրոն եւ, կոպիտ ասած, չես նկատում բեմանկարչի աշխատանքը, ինչպես հայերը սիրում են տվյալ դեպքում ասել, թե «բեմը դատարկ է», այ սա ամենամեծ գովեստն է բեմանկարչին: Այսինքն, այնքա՜ն «աննկատ» է նկարչի աշխատանքը, բայց, միեւնույն ժամանակ, վերջինս այնքան աննկատ ձուլվել է ընդհանուրին»: Արվեստագետից հետաքրքրվեցինք՝ ինքն այսօր գո՞հ է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում «պատրաստվող» բեմանկարիչներից եւ ինչպե՞ս է վերաբերվում տարիներ շարունակ հնչող այն մտքին, թե «հայ թատրոնը մեռնում է»: Կ. Գրիգորյանն ասաց. «Երեւանում ունենք մեռած թատրոններ, դրան զուգահեռ էլ՝ էքսպերիմենտ անող ռեժիսորներ: Իսկ չմեռած թատրոնը նոր մտածելակերպ ունեցող կոլեկտիվն է: Ինստիտուտում ուսանած բեմանկարիչները, հասկանալի պատճառով, չեն գալիս թատրոն (նկատի ունի ցածր աշխատավարձը), նրանք ավելի շատ ձգտում են TV-ներ ու զբաղվում գովազդային բիզնեսով, մինչդեռ նոր մտածողությամբ երիտասարդ բեմանկարիչների կարիք, իհարկե, ունենք: Այսօր դասականների գործերը բեմադրելիս որոշ թատրոններ վախենում են էքսպերիմենտից, դա համարելով սրբապղծություն մեծ գրողի հանդեպ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել