Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակը փոխեց քաղաքապետին

Մայիս 06,2008 00:00

Մայիսի 4-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Գագիկ Սահակյանը

Համայնքի ղեկավար դառնալու համար ընտրապայքարի էր դուրս եկել յոթ թեկնածու: Ու չնայած նախընտրական իրավիճակը քաղաքում բավականին շիկացած էր, եւ տեղի ունեցան տարբեր տհաճ միջադեպեր, բուն ընտրության օրն անցավ սպասվածից խաղաղ ու առանց միջադեպերի։ Ընտրապայքարը, սակայն, թեժ էր, քանի որ գրեթե բոլոր թեկնածուներն ուժեղ էին եւ ունեին իրենց ընտրազանգվածը։ Այս ընտրությունը Սպիտակում աննախադեպ էր ընտրողների ակտիվությամբ՝ 11908 ընտրողից ընտրությանը մասնակցեց 8254-ը, այսինքն՝ ընտրողների մոտ 62%-ը: Նման ցուցանիշ Սպիտակի համայնքապետի ընտրություններում դեռ չէր արձանագրվել: Ընտրողների ձայների առավելությամբ առաջին տեղում Գագիկ Սահակյանն է՝ 2154 ձայնով, երկրորդում՝ Վանիկ Ասատրյանը՝ 1657 ձայնով, երրորդում՝ Արտյոմ Մակարյանը՝ 1440 ձայնով։ Ամենաքիչ ձայները ստացել է Սերժիկ Թադեւոսյանը՝ 30 ձայն:

Նախընտրական շրջանում սպասվում էր, որ հիմնական պայքարը կընթանա երկու ՀՀԿ-ական թեկնածուների՝ քաղաքապետ Վանիկ Ասատրյանի եւ Գագիկ Սահակյանի միջեւ: Սակայն ընտրության օրը պայքարի առաջին գծում հայտնվեց նաեւ ԲՀԿ-ական Արտյոմ Մակարյանը: Որոշ տեղամասերում նա զբաղեցնում էր երկրորդ տեղը: Նման «հաջողությունը» պայմանավորված էր ԲՀԿ կենտրոնական կառույցի եւ թեկնածուի թիմակիցների աշխատանքով: Այդ օրը մայրաքաղաքից իրենց «ջիպերով» Սպիտակ էին ժամանել շատ ԲՀԿ-ականներ: Քանի որ մյուս թեկնածուներն էլ մայրաքաղաքից շատ «հյուրեր» ունեին, Սպիտակում այդ օրը երթեւեկությունն աննախադեպ աշխույժ էր: Թե ընտրությունից առաջ, թե ընտրության օրը Սպիտակում լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ-ի շտաբում անձնագրեր են հավաքում: Այդ առիթով օրեր առաջ նույնիսկ ծեծկռտուք եղավ Արտյոմ Մակարյանի եւ Վանիկ Ասատրյանի թիմակիցների միջեւ: Իսկ ընտրության օրը «բարգավաճի» մարդիկ մեքենաներով ընտրողներին տանում էին տեղամաս, եւ լուրեր էին շրջանառվում, թե ընտրակաշառք է բաժանվում, ինչը, սակայն, հնարավոր չեղավ փաստերով արձանագրել: Ընտրության ողջ ընթացքը բոլոր տեղամասերում նկարահանում էր «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ական թեկնածուի եղբայր եւ վստահված անձ Մխիթար Մակարյանը ընտրությանը նայում է որպես բիզնեսի: Թիվ 4 դպրոցում տեղակայված տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելիս, տեսնելով, որ եղբայրը սպասված թվով ձայներ չի ստացել, նա դժգոհեց. «Ես բիզնեսում մենակ հաղթել եմ, էս մոմենտը ինձ չդզեց: Ուրեմն աշխատողներս ինձ խաբեցին: Լրիվի պրեմիաները պահելու եմ»:

Վանիկ Ասատրյանին սատարելու էին եկել ՀՀԿ Լոռու մարզային կառույցի անդամներ, մարզպետարանի պաշտոնյաներ, հարեւան համայնքների ղեկավարներ: Ընտրապայքարում հաղթած Գագիկ Սահակյանը նույնպես միայնակ չէր՝ նրան սատարում էր ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը, եւ թեկնածուի հաղթանակը պայմանավորված էր նաեւ դրանով:

Ընտրության ընթացքը հսկում էին ԿԸՀ որոշ անդամներ, ովքեր մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումը շրջում էին ընտրատեղամասերում: Ժամը 23.00-ի սահմաններում, երբ արդեն պարզ էին արդյունքները, հոսանքազրկվեցին այն փողոցի էլեկտրական լապտերները, որտեղ տեղակայված է Գագիկ Սահակյանի նախընտրական շտաբը: Քաղաքի փողոցների էլեկտրականության «ռուբիլնիկը» դեռեւս գտնվում է Վանիկ Ասատրյանի «տնօրինության» տակ: Սակայն հոսանքազրկումը չխանգարեց, որ հաղթած թեկնածուի կողմնակիցները հրավառությամբ, կենդանի երաժշտությամբ եւ քոչարիով նշեն իրենց հաղթանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել