Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՔՐԳՈՐԾԻ ՀԻՄՔ

Մայիս 06,2008 00:00

\"\"Ասում է ընդդիմության ներկայացուցիչը

Ապրիլի 17-ին Ստրասբուրգում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1609 բանաձեւը, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների առկա վիճակին: 14 կետից բաղկացած այդ բանաձեւում միջազգային հանրությունը ՀՀ գործող իշխանություններին ուղղված եւ կատարման համար պարտադիր մի քանի շեշտադրված պահանջ-առաջարկներ էր արել, որոնցից մեկով՝ 4-րդ կետով, ԵԽԽՎ-ն դատապարտում էր «բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների եւ խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերեւույթ արհեստական են եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով», եւ այդ փաստը որակել էր որպես՝ «իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»: Կար նաեւ պահանջ՝ «այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն»: Ընդ որում, սա համարվել էր իշխանություն-ընդդիմություն երկխոսության նախապայմաններից մեկը: Թե փետրվարի 19-ից հետո, նաեւ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ովքեր են, որ կալանավորվել են քաղաքական շարժառիթներով, շատ հեշտ է որոշել թեկուզ նրանց մասով ներկայացված մեղադրական եզրակացություններից: Դրանք բոլորն էլ սկսվում են միեւնույն ձեւակերպմամբ կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ քաղաքական գնահատականով, թեեւ մեղադրական եզրակացությունները սովորաբար իրավական փաստաթուղթ են համարվում: Բոլոր կալանավորվածների մեղադրական եզրակացության առանցքը, անկախ հետագայում նրանց առաջադրված կոնկրետ եւ տարբեր հատկանիշներ պարունակող մեղադրանքներից, որոշ խմբագրական տարբերություններով հանդերձ, այսպիսին է՝ «2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում կրած պարտության հետ չհաշտվելով՝ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները սանձազերծել են նախընտրական գործընթացն ու ընտրությունների բուն ընթացքը վարկաբեկելուն, միջազգային հանրության առաջ դրանց օրինականությունը կասկածի տակ դնելուն, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելուն, հասարակական դժգոհության եւ ընդվզումների պատրանք ստեղծելուն ուղղված լայնածավալ միջոցառումներ, նպատակ ունենալով զանազան ճնշումների գործադրմամբ ապակայունացնել երկրի ներքաղաքական իրավիճակը եւ դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ-ում սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու համար» կամ՝ «հասարակական դժգոհության, ընդվզումների պատրանք ստեղծելու նպատակով Երեւան քաղաքում կազմակերպել եւ անց են կացրել մայրաքաղաքի կենսագործունեությունը, ազգաբնակչության հանգիստը եւ անդորրը խանգարող զանգվածային, հրապարակային միջոցառումներ, շուրջօրյա հանրահավաքներ, երթեր»: Այս ձեւակերպումներից հետո մարդկանց առաջադրվել են մեղադրանքներ ՔՕ 225-րդ հոդվածի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, մասնակցելը, 235-րդ հոդվածով՝ զենք-զինամթերք պահել, կրել ու օգտագործելը, 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական իշխանությունը յուրացնելը, 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը:

Սա այն դեպքում, երբ այդ մեղադրանքներում իբրեւ առանցքային գործող դեմք հանդիսացող Լ. Տեր-Պետրոսյանին ՀՀ գլխավոր դատախազությունն ու հայրենի իրավապահները անգամ այդ դեպքերի առնչությամբ չեն էլ հարցաքննել: Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանի համոզմամբ, զուտ իրավական տեսանկյունից միայն մեղադրական եզրակացությունների ձեւակերպումից երեւում է, որ կազմված քրգործերում իրավական որեւէ նորմ պահպանված չէ. «Իրենք մի «շապկա» են դրել այդ քրգործերի վրա, որը վերցրել են Ռոբերտ Քոչարյանի ելույթից, տվել են քաղաքական գնահատական եւ ուզում են դրա տակ քրգործ սարքել, եւ դրանից է, որ նրանց մոտ բոլոր քայլերը անգրագետ են ստացվում»: Ա. Խաչատրյանի ասելով, մարտի 1-ի դեպքերի ժամանակ զենք կիրառելու մեղադրանք առ այսօր որեւէ քաղաքացու նկատմամբ չի առաջադրվել, ընդդիմադիր ճամբարի որեւէ ներկայացուցիչ մարտի 1-ին խանութները «գրոհելու» եւ թալանելու մեջ չի մեղադրվում: ՔՕ 235-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել է միայն անօրինական զենք պահելու, կրելու համար, թեեւ այդ մեղադրանքն էլ, Ա. Խաչատրյանի ասելով վիճարկելի է:

ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից հետո անցել է մոտ 20 օր: Այդ ընթացքում հայրենի իշխանությունները, կարծես, ի հեճուկս միջազգային հանրության, եւս երկու ամսով երկարացրել են ՀՀ առաջին նախագահ ու նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրություններում աջակցած քաղաքական գործիչների եւ վստահված անձանց կալանքի ժամկետները, նաեւ ապրիլի 12-ից հետո մինչ օրս մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հասցրել են կալանավորել եւս 7 հոգու, այդ թվում՝ Լ. Գասպարյանին, Լեւոն Կիզոկյանին, Էդվարդ Աշուղյանին՝ «զանգվածային անկարգությունների մասնակցելու», իսկ Լենդրուշ Տոնոյանին՝ «ապօրինի զենք կրելու» մեղադրանքով: Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, քաղաքական հետապնդումները ինչպես նախկինում այսօր էլ իրավապահների կողմից շարունակում են ուղեկցվել օրենքի խախտմամբ՝ բերման ենթարկվողին կամ ձերբակալվողին առանց ծանուցագիր ներկայացնելու, խաբելով, երբեմն նաեւ առեւանգելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել