Լրահոս
Օրվա լրահոսը

Կպսակվեն ու կկնքվեն եկեղեցում

Մայիս 06,2008 00:00

Վրաստանի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում մայիսի 1-ին հանդիսավոր պայմաններում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին:

Դամալա գյուղի եկեղեցին չէր գործում արդեն 80 տարի: Դամալայի բնակիչների պատմելով, 80 տարի առաջ Սուրբ Խաչը բոլշեւիկների «թեթեւ ձեռքով» փակվել էր եւ վերածվել կոլտնտեսության պահեստի: Գյուղի բնակիչ Վոլոդյա Սաղաթելյանի խոսքերով. «Քրիստոնյային վայել ոչ հարսանիք, ոչ կնունք, անգամ քրիստոնեական ավանդույթների համաձայն թաղում չենք կարողանում կազմակերպել։ Հիմա շատ լավ է, ամեն շաբաթ եկեղեցի կգնամ՝ մոմ կվառեմ»:

Եկեղեցու վերականգնման եւ վերաբացման գաղափարը գյուղից դուրս բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի դամալեցի գործարարներինն է: Սակայն այն վերանորոգվել է ոչ միայն նրանց ջանքերով, այլեւ՝ Դամալայի ողջ բնակչության. գյուղի յուրաքանչյուր ընտանիք եկեղեցու շինարարության համար նվիրաբերել է այնքան գումար, որքան կարողացել է։ Ծնունդով դամալեցի, Հայաստանում բնակվող գործարար Սոս Սահակյանի խոսքերով՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համաձայնության են եկել գյուղի ղեկավարութան հետ. «Անցյալ գարնանը աշխատանքն սկսվեց եւ ընդամենը 1 տարվա ընթացքում ավարտին հասցվեց»: Ս. Սահակյանի ներկայացմամբ՝ Դամալա գյուղում 1830-ականներին բացված այս հայկական առաքելական եկեղեցին գործել է ընդամենը 60-70 տարի: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայկական բնակավայր պետք է եկեղեցի ունենա»,- շեշտեց գործարարը:

Եկեղեցու բացումն իսկական տոն էր գյուղի բնակիչների համար: Դամալա մտնող ճանապարհի 2 կողմում ամրացված էին վրացական եւ հայկական պետական դրոշները: Ներկա էին վիրահայության թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը, Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աճապարյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Սիլվանյանը, Սամցխե- Ջավախեթիից պատգամավոր ընտրված Համլետ Մովսիսյանը եւ այլք: Հրավիրվածներին հենց գյուղի ճանապարհին երգ ու պարով դիմավորեցին հայկական տարազներով աղջիկներն ու տղաները՝ պարելով Սասնա յարխուշտան: Պարից հետո հյուրերին դամալեցիներն աղ ու հաց մատուցեցին եւ առաջնորդեցին նորոգված եկեղեցի: Եկեղեցու օծման արարողությունը սկսվեց հենց բակից: Վազգեն սրբազան Միրզախանյանը եկեղեցին օծեց ջրով ու մյուռոնով, այնուհետեւ վերաբացված եկեղեցում պատարագ մատուցվեց եւ ժողովրդին օրհնված նշխար բաժանվեց: Պատարագից հետո, եկեղեցու շուրջբոլորը շրջան կազմելով, դամալեցիները քոչարի պարեցին եւ մատաղի համար նախատեսված հորթի միսը հոգեւորականներին օրհնության հանձնեցին: Հենց այս առիթով էլ միջոցառման կազմակերպիչները որոշեցին ամեն տարի մայիսի 1-ն ու 2-ը նշել որպես Դամալայի օր: Տոնը շարունակվեց գյուղում, որտեղ դամալեցիները ճոխ սեղաններ էին բացել:

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Սիլվանյանի խոսքերով. «Վրաստանի հայաբնակ վայրերի մեջ Դամալան առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ այն Ասպինձայի շրջանի միակ հայկական գյուղն է: Այդ կղզիացած վիճակը չէր կարող իր հետքը չթողնել այստեղի ժողովրդի պատմության վրա, եւ պետք է նշել, որ այս գյուղը հատուկ ջանքեր է գործադրել հայապահպանության գործին նպաստելու համար: Գյուղը հիմնվել է 180 տարի առաջ, գրեթե միաժամանակ հիմնվել է նաեւ եկեղեցին, այսինքն՝ առաջին օրերից ժողովուրդը անհրաժեշտ է համարել ստեղծել նաեւ իր հոգեւոր դիմանկարը: Համոզված եմ, որ եկեղեցին էլ ավելի կնպաստի հայապահպանության գործին»:

Այլ երկրներում ապրող դամալեցիները նույնպես եկել էին իրենց սրբատեղիի բացման արարողութանը մասնակցելու: Դամալեցի մի քանի երեխաներ մկրտվեցին նորաբաց Սուրբ Խաչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել