Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՇՈՒՐՋ

Մայիս 06,2008 00:00

\"\"Այն, ինչ սկսվեց իբրեւ պատիժ Սուքիասյանների քաղաքական դիրքորոշման համար՝ վերածվում է սեփականության վերաբաժանման փորձերի՞:

Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, կրպակներ չի ուղարկվել «Հրապարակ» օրաթերթի այդ օրվա համարը: Այդ մասին մեզ հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը. «Մեր թերթի 80%-ի վաճառքը կազմակերպվում է «Պրեսս ստենդ» ընկերության միջոցով, որը թերթերի ամենամեծ առաքողն է: Եվ ահա «Պրեսս ստենդի» ղեկավարությունը որոշել էր, թե մեր թերթը կրպակ չպիտի տարվի: Զանգել, կանչել էին մեր տնօրենին եւ ասել, թե չենք տարել, քանի որ իրենց հետ կապված նյութ է եղել: Ես խոսեցի «Պրեսս ստենդի» տնօրեն Արման Սահակյանի հետ, որը նաեւ «Սովրանո» ընկերության ղեկավարն է: Նա ասաց՝ այո՛, պիտի գնայի կրպակներից հավաքեի, ավելի լա՞վ չի, որ չեմ ուղարկել կրպակներ, ես քո ծախսը փակում եմ, այդ օրվա ամբողջ գումարն էլ փոխանցում եմ: Ես ասացի՝ բայց մենք պայմանագիր ունենք, սա կրիմինալ է, դուք իրավունք չունեք նման բան անելու՝ հո գրաքննի՞չ չեք: Նախ՝ ինչի՞ են տարածելուց առաջ ծանոթացել համարի բովանդակությանը: Երկրորդը՝ մի՞թե պիտի համաձայնեցնենք, թե ինչ ենք հրապարակում»: Մինչ Արման Սահակյանի պարզաբանումները ներկայացնելը՝ փոխանցենք, թե ինչ էր հրապարակել «Հրապարակը»: Անդրադառնալով այն տեղեկությանը, թե «Սիլ» կոնցեռնը վաճառում է ծխախոտներ ներմուծող «Պարես Արմենիա» ընկերության իր մասնաբաժինը՝ թերթը մանրամասներ էր հայտնել հնարավոր գնորդի՝ «Սովրանո» ընկերության վերաբերյալ ու նշել. «Դժվար է այս գործարքի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնել, քանի որ անհավանական է, որ «Պարես Արմենիայի» սեփականատերը կամովին վաճառեր հայաստանյան խոշոր հարկատուների տասնյակի մեջ գտնվող ընկերությունը», եւ հարցական էր դիտել՝ «Արդյոք վաճառքի կազմակերպման հարցում իշխանությունն ակտիվ մասնակցություն չի՞ ունեցել, եւ Սուքիասյաններն ընկերությունը ճնշման տա՞կ չեն վաճառում»:

Արման Սահակյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «Այդ պահին, երբ Արմինե Օհանյանի հետ խոսում էինք՝ թերթն արդեն տարածված է եղել: Ինչ ինքն ասում է, թե ես ասել եմ՝ չի տարածվելու եւ այլն, այդ ամեն ինչը ճիշտ է ասում: Բայց դե ինձ մոտ էլ եղել է համարժեք ռեակցիա այն բանին, որ այդ մարդկանց ես ընկալում եմ որպես գործընկեր… դա չի ենթադրում, որ ինձ պիտի գովեն, բայց նաեւ ենթադրում եմ, թե չպիտի գրեն բաներ, որ երեւի իրենք էլ են համոզված, որ սուտ է: Խնդիրն այդ է: Ես էլ տաք-տաք խոսել եմ, ու այդպիսի տհաճ խոսակցություն է եղել մեր միջեւ: Հիմա ուզում եմ ասել՝ անկախ նրանից, թե իմ մասին ինչ կգրեն՝ «Պրեսս ստենդի» թափանցիկությունը դրանից չի կարող տուժել: Բոլոր թերթերն էլ գիտեն՝ այս ընթացքում միշտ նորմալ տարածվել է, ոչ մի խնդիր չի եղել եւ հիմա էլ չի լինի»:

Առիթից օգտվելով՝ փորձեցինք Արման Սահակյանից պարզել «Պարես Արմենիա»-ն ձեռք բերելու վերաբերյալ որոշ մանրամասներ: Ասենք, մամուլում լուր հրապարակվեց, ըստ որի՝ օգտվելով Սուքիասյանների ներկայիս դժվարություններից, «Սովրանոն» փորձել է նրանց մասնաբաժինը ձեռք բերել «Պարես Արմենիայի» իրական արժեքից մի քանի միլիոն դոլարով պակաս, կարելի է ասել՝ կես գնով: «Այսպես ասենք՝ ոչ մի գործարք դեռ չկա,- պատասխանեց Արման Սահակյանը:- Ուստի դրա մասին այժմ սխալ է խոսել: Բանակցություններ եղել են իմ եւ նրանց միջեւ՝ գնելու վերաբերյալ»: Մեր ունեցած տեղեկություններով՝ բանակցություններն արդեն իսկ ձախողվել են, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել գնի շուրջ:

Կարելի է ենթադրել, որ գործարքի ձախողումից հետո «Պարես Արմենիա»-ի առջեւ դարձյալ կսկսեն արհեստական պատճառներով եւ ակնհայտ խտրական մոտեցմամբ խնդիրներ հարուցել պետական մարմինները (հակառակ կառավարության ծրագրով հռչակված «բարեշրջությունների» կուրսի եւ կոալիցիայի համաձայնագրում «ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների» ապահովման վերաբերյալ խոստումների): Հիշեցնենք, որ շուրջ 2 ամիս շարունակ մաքսատան պահեստներից բաց չէին թողնում «Պարես Արմենիա» ընկերության ներկրած ծխախոտների հերթական խմբաքանակը՝ այդ ընթացքում պարզելով, թե ծխախոտի տուփերի վրա նշված գրառումները գովա՞զդ են, թե՞ բրենդի մաս: Բացառապես «Պարես Արմենիա»-ի նկատմամբ նման հասկանալի նախանձախնդրությունը վերացավ, ու պարզվեց, թե «Գովազդի մասին» օրենքի խախտում չկա, երբ հայտնի դարձան «Սովրանո»-ին վաճառքի բանակցությունների մասին լուրերը: Մեր վերջին դիտարկմանն ի պատասխան՝ Արման Սահակյանն ասաց. «Ճիշտն ասած, ես չեմ այն կողմը, որ պիտի պատասխանի այդ հարցին: Ես նրանցից եմ իմացել, թե գովազդի վերաբերյալ ինչ-որ խնդրով են պահել, ու գիտեմ, որ հիմա բաց են թողել, բայց թղթերը չեմ տեսել»:

Հ. Գ. Մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմությունը մտադիր է արձագանքել Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ տնտեսական հաշվեհարդարի այս նոր շրջափուլին, որի ակնհայտ նպատակը նրանց սեփականության վերաբաժանումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել