Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորչեն անարդար արդարադատները»

Մայիս 06,2008 00:00

Նորից դատական նիստն անցավ առանց մեղադրյալի

«Վարչախումբն այնքան վախեցած է, որ նույնիսկ չի ցանկանում մարդկանց բերել դատարաններ: Ես ցանկություն էի հայտնել այսօրվա դատական նիստին մասնակցել ու պայքարել իմ եւ մնացած քաղբանտարկյալների իրավունքների համար, սակայն ամեն ինչ արվեց, որ մնամ բանտում: Որ Հայաստանում արդարադատություն չկա, մենք բոլորս գիտենք, սակայն եթե դա իրականացվում է, այսպես կոչված, «ուժեղ» իշխանության թելադրանքով, որը վախենում է նույնիսկ քաղբանտարկյալի շիտակ խոսքից, ապա կարելի է արձանագրել, որ այս հանգրվանում մենք նրանց հաղթել ենք: Վարչախմբին ուզում եմ հիշեցնել հայկական հայտնի ասացվածքը՝ «երկու վախը մի մահ է»: Իսկ մեզ բոլորիս մաղթում եմ անսահման տոկունություն, մաքառելու եւ պայքարելու անսպառ կամք»,- երեկ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից նման հայտարարությամբ է հանդես եկել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ դռնփակ նիստում անփոփոխ թողեց Արամ Կարապետյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս մեկ ամսով երկարաձգելու մասին՝ Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Մեկ ժամ տեւած դատական նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ հավաքված Արամ Կարապետյանի համակիրներն ու հարազատները վանկարկում էին. «Ազատություն Արամին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Նրանք պահել էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Արդարներին բաց թողնել, մարդասպաններին դատել», «Կորչեն անարդար արդարադատները» մակագրություններով պաստառներ:

Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը հայտարարել է, թե քաղբանտարկյալների լուսանկարներով եւ պաստառներով ժողովրդի ներկայությունը դատարանի շենքի մոտ ճնշում է դատավորի վրա, սակայն ակնհայտորեն նիստը նախագահող դատավոր Մարտիկ Ռեհանյանի որոշման վրա ժողովրդի վանկարկումները չազդեցին: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը ձերբակալվել է փետրվարի 24-ին եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քր.Օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասով՝ սուտ մատնություն անելու համար: Սուտ մատնություն ասելով քննչական մարմինները նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերը: Ի դեպ, Արամ Կարապետյանի բնակարանում դիմակավորների եւ զինվածների կողմից խուզարկություն կատարելուց հետո Կարապետյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ մինչ օրս ծանր է:

Երեկ վերաքննիչ դատարանում սկսվեց մեկ այլ՝ Հուսիկ Բաղդասարյանի գործով առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկումը: Դատին ներկա գտնվել ցանկացողները շատ էին, իսկ վերաքննիչի դահլիճները՝ փոքր: Հավաքվածներին վրդովեցրեց, որ միայն 10 մարդու են թողնելու նիստերի դահլիճ: Ի վերջո, գտնվեց համեմատաբար մեծ դահլիճ: Հուսիկ Բաղդասարյանի համակիրները, հայտնի կարգախոսներից բացի, նաեւ հայրենասիրական երգեր էին երգում: Հ. Բաղդասարյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու իր միջնորդությունը մերժվել է, իսկ դատավարությունը հետաձգվել մինչեւ մայիսի 8-ը: Տեղեկացնենք, որ կասկածներ կան, որ քրեական գործում նշված փամփուշտների «գոստը ձեթի է»: Լրացուցիչ փորձաքննությամբ պետք է պարզվեր՝ Հուսիկ Բաղդասարյանին անօրինական փամփուշտների համա՞ր են դատում, թե՞ ձեթի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել