Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

Մայիս 06,2008 00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական կայքէջում «սպասվող իրադարձություններ» խորագրի ներքո նշված է՝ «Հայ ազգային կոնգրեսի ստեղծում»:

Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց համաժողովրդական շարժումը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ու նշեց, թե ՀԱԿ-ի ստեղծումը շարժման անդամ կուսակցությունների «միաձուլում չի նշանակում. վերջիններս շարունակելու են պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը, ինչպես նաեւ անկախ քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը»: Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ ՀԱԿ-ը հետագայում կվերածվի «կուռ կառուցվածքով օժտված կենտրոնամետ կուսակցության։ Չի բացառվում նաեւ, որ այդ կուսակցությունն իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին»։

Փորձեցինք պարզել, թե շարժմանը մաս կազմող կուսակցություններից մի քանիսն ինչպե՞ս են վերաբերվում ՀԱԿ-ի ստեղծման գաղափարին:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի արձագանքը բավական զուսպ էր. «Նախնական առաջարկ է, դա դեռ կքննարկվի»:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնեց, թե ողջունում է այս գաղափարը. «Սա վերջին շրջանի ամենակառուցողական քայլն էր, որ կատարվեց: Եվ ես ՀԱԿ-ի ստեղծման կապակցությամբ շատ ավելի լուրջ խնդիրներ եմ տեսնում: Կարծում եմ, որ ՀԱԿ-ն իր շուրջը համախմբելու է ոչ միայն այն ուժերին, որոնք այսօր գործում են այս թեւում, այլեւ նորանոր ուժերի, եւ սա իրոք դառնալու է ազգային կոնգրես: Եվ ինչո՞ւ ոչ՝ սա նաեւ դառնալու է երկիշխանության սկիզբը. մի կողմում՝ գործող իշխանությունը, մյուս կողմում՝ այս կառույցը, որը քանի որ ունենալու է ժողովրդի աջակցությունը՝ կունենա շատ ավելի հզոր իշխանություն: Այս կառույցը գուցե մի քիչ կերկարացնի մեր հաղթանակի ճանապարհը, բայց այն ընթանալու է օրենքի սահմաններում եւ ժողովրդի կամքով»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որն ավելի վաղ էր «Առավոտին» հայտնել իր կարծիքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված ազատական ուժերը պետք է ձեւավորեն մեկ միասնական ազատական կուսակցություն, այժմ այս առաջարկի վերաբերյալ ասաց. «Մեր կուսակցությունը շատ դրական է վերաբերվում Հայ ազգային կոնգրես ստեղծելու առաջարկին: Մենք, բնականաբար, կանենք մեր կոնկրետ առաջարկները կառույցի վերաբերյալ: Պիտի ասեմ, որ այս գաղափարը շատ նման է իմ առաջարկին, սակայն հիմնադիր նախագահը համախմբման շատ ավելի արդյունավետ տարբերակ առաջարկեց: Ի դեպ, կազմակերպական այդ ձեւը, որ առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ շատ արդյունավետորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ երկրներում»:

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը շարժումը Հայ ազգային կոնգրեսի վերածելու առաջարկի կապակցությամբ նշեց. «Ցանկացած նախաձեռնություն, որը նպատակաուղղված է համաժողովրդական շարժումն ավելի արդյունավետ դարձնելուն՝ պետք է ողջունել, մանավանդ որ հանրապետության 1-ին նախագահը շեշտադրեց, որ ՀԱԿ-ը նպատակ չի հետապնդում որեւէ կուսակցության իրավունքները սահմանափակելու: Այս իմաստով ՀԱԿ-ը միանշանակ կարող է օգտակար լինել՝ գործելով այդ վեկտորով: Բայց եթե հանկարծ կազմակերպական զարգացումները գնան այնպիսի ճանապարհով, որ դրան կառավարման ֆորմալ ձեւ տանք, այսինքն՝ քաղաքական կուսակցության տեսք, կառաջանան բազում խնդիրներ, եւ այդ պարագայում շարժման համաժողովրդական էությունը կարող է տուժել: Իմ կարծիքով, շարժման տրամաբանությունը ենթադրում է, որ այսօր չարվեն ֆորմալ տեսք տալու քայլեր, եւ հասարակության բոլոր շերտերին պահենք շարժման մեջ, ինչն այսօր կա եւ ինքնաբուխ է՝ դա է կարեւորը»:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը նույնպես վերապահում էր հայտնել կուսակցությունների հետագա միաձուլման հեռանկարի առնչությամբ՝ ճեպազրույցում նշելով. «Հետագայի համար դա ընդամենը զարգացումների խնդիր է, եւ գնահատականները կարող են փոփոխվել: «Ժառանգություն» կուսակցությունը, համենայնդեպս, լինելով ժողովրդական շարժման կողքին, առայժմ դրա անհրաժեշտությունը ուղղակի չի տեսնում»:

Վերջում մեջբերենք նաեւ այս շարժման ամենաօրիգինալ մասնակցի՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի արձագանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին. «Իմ կարգախոսը եղել է՝ մարքսիզմը ազգի կուսակցական պատկանելությունը չի ընդունում, ազգը միասնական կուռ, մոնոլիտ, պատմակենսաբանական կատեգորիա է: Այդ իսկ պատճառով ազգի քաղաքական միասնությունը եւ գաղափարական միաբանությունն ամեն ինչի՛ց վեր է: Կոնգրեսը հետապնդում է հենց այդ նպատակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել