Հացադուլ հայտարարած ԱԺ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին նրա խնդրանքով հանդիպել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի անդամները: Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորը դժգոհել է իր առողջական վիճակից, մասնավորապես՝ սրտից, եւ դիմել դրսից բժիշկ բերելու խնդրանքով: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ տեղեկացրեց, որ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել Հակոբ Հակոբյանի ընտանեկան բժիշկ Արտաշ Սանոսյանը եւ անցկացրել բժշկական զննություն. «Զննության արդյունքում Արտաշ Սանոսյանը հայտնել է, որ Հակոբ Հակոբյանի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում եւ բավարար վիճակում է»: Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշված է. «Տեղեկացնում ենք, որ Հակոբ Հակոբյանն այսօր՝ մայիսի 5-ին, բանավոր հայտարարությամբ հրաժարվել է հացադուլից, հայտնելով, որ մայիսի 6-ին այդ հայտարարությունը կներկայացնի գրավոր ձեւով»: