Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԵԼ ՍԻՐՈՎ, ՈՉ ԹԵ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ

Մայիս 03,2008 00:00

Արդեն մի քանի տարի «Հովնանյան Ինթերնեյշնլ» եւ եւս մի քանի ընկերությունների նախագահ Վահագն Հովնանյանը կազմակերպում է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյու Միլֆորդ քաղաքում 1976թ.-ին իր հիմնադրած Հովնանյան վարժարանի աշակերտների եւ շրջանավարտների այցը Հայաստան: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Վ. Հովնանյանը, այս տարի նույնպես ապրիլի 19-ից մայիսի 1-ը դպրոցի սաները գտնվում էին Հայաստանում: Այս այցելությունը դպրոցի շրջանավարտների ծնողների յուրահատուկ նվերն էր իրենց զավակներին:Ամերիկահայ երեխաների ուղեւորությունների այս տարվա ծրագիրը եւս հագեցած էր՝ Ամբերդի վանք, Բյուրականի աստղադիտարան, Օշական, ուր ամփոփված է հայ գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, Ծաղկաձոր, Սեւանա լիճ, Դիլիջանի մանկատուն, Էջմիածին, Սարդարապատ, Մատենադարան, ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Խոր Վիրապ, Նորավանք, Արցախ, Լոռի (Դսեղում Հովհ. Թումանյանի տուն-թանգարան, Հաղպատ, Սանահին), Գառնի, Գեղարդ, Ս. Փարաջանովի տուն-թանգարան: Երեխաները տպավորված էին, հուզված, տալիս էին բազմաթիվ հարցեր, որոնք, ըստ Հովնանյան վարժարանի ուսուցչուհի Ազատ Քալաջյանի, հիմնականում առնչվում էին հայոց պատմությանը եւ մշակույթին:Երեխաներին ուղեկցում էին դպրոցի ուսուցիչները: Հայոց լեզվի ուսուցիչ Սիլվա Մեսրոպյանը 23 տարի աշխատում է վարժարանում: Նա եւ իր երեխաները նույնպես սովորել են Հովնանյան վարժարանում: Ըստ Ս. Մեսրոպյանի, ամերիկյան դպրոցներում ուսումը անվճար է, բայց հայերը ձգտում են ուսման տալ իրենց երեխաներին հայկական վարժարաններում: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր զավակը հայկական դաստիարակություն ստանա, իսկ Ամերիկայում, ըստ ուսուցչուհու, ամեն վայրկյան պետք է պայքարես, որ երեխադ հայ մնա: Այդ նպատակով էլ կազմակերպվում են նմանատիպ այցեր հայրենիք:Ս. Մեսրոպյանը նշեց, որ ներկայումս վարժարանում սովորում է 220 երեխա: Այս տարի վարժարանը կունենա 16 շրջանավարտ: Վ. Հովնանյանի վկայությամբ, ԱՄՆ կրթության դեպարտամենտի կողմից եզրակացություն է տրվել, որ Հովնանյան դպրոցը գործում է ամենաբարձր մակարդակով: Նրա խոսքերով, ամեն 10 տարին մեկ նշված դեպարտամենտի հանձնաժողովը քննում է դպրոցների համապատասխանությունը ուսումնական եւ կառավարման չափանիշներին: 1997թ. հանձնաժողովը տվել էր բազմաթիվ հանձնարարականներ, որոնց կատարման մասին՝ արդեն 2007-ին այցելած հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: Բացի այդ, հանձնաժողովը դպրոցի ղեկավարությանն առաջարկել է կիսվել կրթօջախի հաջողված կառավարման գաղտնիքներով՝ այդ փորձն ամբողջ ԱՄՆ-ում տարածելու համար: Այնինչ, ըստ Վ. Հովնանյանի, «գաղտնիքը՝ սիրով, ոչ թե ստիպողաբար սովորելն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել