Ուզում է հեռանալ «Այաքսից»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսից» հեռանալու ցանկություն է արտահայտել: 21-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ ակումբի հիմնական կազմում խաղադաշտ չի մտել՝ բավարարվելով միայն երիտասարդական թիմում հանդես գալով:
«Չնայած ներկայումս վատ մարզավիճակում չեմ, գլխավոր մարզիչ Ադրի Կոստերն ինձ ինքնադրսեւորվելու հնարավորություն չի տալիս: Ստեղծված իրավիճակում աճելու եւ առաջ գնալու հեռանկար ես չեմ տեսնում: Իմ ներկա դրությունն ինձ չի գոհացնում, սակայն հուսով եմ, որ ամռանն իրավիճակը կփոխվի: Բացառված չէ, որ ինձ վեց ամսով վարձավճարով տան ուրիշ թիմի»,- ասել է Էդգարը: Տեղեկացնենք, որ «Այաքսի» ղեկն ամռանը ստանձնելու է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենը: Հնարավոր է, որ անցյալում հանրահայտ այդ հարձակվողը Մանուչարյանին դրսեւորելու հնարավորություն ընձեռի:
Եթե միավորներ կորցրած չլինեին
Պլովդիվում երեկ կայացավ շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնության հիմնական մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրը:
Տղամարդկանց մրցապայքարում հանդես եկող հայաստանցի ինը մասնակիցներից մրցանակային տեղերի հավակնելու որոշակի հեռանկար էին պահպանում մեր երեք առաջատար գրոսմայստերները՝ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը: Ու այդ հեռանկարն ավելի իրական կարող էր դառնալ հատկապես Վլադիմիր Հակոբյանի համար, եթե նախավերջին տուրում հաղթանակ տանեին: Սակայն նրանք երեքն էլ վաստակեցին կեսական միավոր: Այդուհանդերձ, 7,0 միավորով Հակոբյանը ութ առաջատարներին զիջում էր ընդամենը կես միավորով:
Առաջնության վերջնամասը ավելի արդյունավետ անցկացրին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Նրանք երկուսն էլ 10-րդ տուրում պարտության մատնեցին մրցակիցներին եւ հավասար՝ 7,0-ական միավորով ընթանում էին, համապատասխանաբար, 8-րդ եւ 12-րդ տեղերում: