Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարի կուրսը երբ ուզում՝ «լողացնում» են

Մայիս 03,2008 00:00

Որքան էլ փոխարժեքի տատանումները փորձում են կապել «տնտեսական բնականոն երեւույթների» հետ, այնուամենայնիվ, կուրսի փոփոխությունները համընկնում են քաղաքական իրադարձություններին:

2008թվականի պետբյուջեում 1 դոլարի փոխարժեքը հաշվարկված է 325,16 դրամով: Մինչդեռ այսօր արդեն դոլարի կուրսը 306-308 դրամ է: Այն, որ 2008-ի ընթացքում դոլարի կուրսը հաստատ 325 դրամ չէր կազմելու, ակնհայտ էր դեռեւս նախորդ տարեվերջին, երբ նոր-նոր հաստատվում էր բյուջեի մասին օրենքը: Ըստ այդմ էլ պարզ էր, որ բյուջեի ներմուծման ցուցանիշները լրիվ թյուրիմացություն են լինելու, որովհետեւ, փաստորեն, ամբողջ հաշվարկը պետք է փոփոխվի: Բնականաբար, այդ թյուրիմացությունը իշխանություններին միանգամայն ձեռնտու է, քանի որ տարեվերջին բյուջեի կատարման մասին թվային արտահայտությամբ բավաանին ողջունելի ցուցանիշներ են նկարվում: Եթե 1 դոլարը 325 դրամ հաշվարկով նախատեսված էր ունենալ առնվազն 2,5 մլրդ դոլարանոց բյուջե, 300 դրամ հաշվարկով արդեն կնկարվի, թե ունենք 2,7 մլրդ դոլարանոց բյուջե: Այդ է պատճառը, որ ամեն տարի բյուջեում դոլարի կուրսն ամրագրվում է ավելի բարձր գնով, քան լինում է իրականում: 2006-ին կուրսն ամրագրված էր 416 դրամ՝ 1 դոլարի դիմաց, մինչդեռ օգոստոսից արդեն դոլարը 405-406 դրամ էր, 2007-ին դոլարի կուրսը հաշվարկված էր 357 դրամով, բայց մայիսից արդեն դոլարը 340 դրամ էր:

Ու թեեւ պաշտոնյաներն ամեն տարի իրենց կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու, թե փոխարժեքի տատանումներն «անակնկալի» են բերել իրենց, թե տրանսֆերտներն են պատճառը, «վերջին զանգի» ճոխ արարողությունները եւ այլն՝ տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ մեր երկրում փոխարժեքի տատանումները տնտեսական որեւէ գործոնով չեն պայմանավորվում:

Նախորդ տարի մայիսի պատգամավորական ընտրություններից հետո, արդեն հունիս ամսին, դոլարի գինն իջավ 20 դրամով: Այս տարի դոլարի գինը 10 դրամով իջավ փետրվարին՝ նախագահական ընտրություններից հետո: Մի շարք պաշտոնյաներ պնդում էին, թե 2007-ի մայիսից դոլարի կուրսի փոփոխությունը «վերջին զանգի» հետ է կապված, քանի որ մենք փոքր տնտեսությամբ երկիր ենք, այդ օրերին մեծ քանակությամբ դոլար ենք դրել շրջանառության մեջ, ծախսեր ենք արել, ուստի կուրսն իջել է: Կուրսի փոփոխության մասին նման բացատրություն տալիս են նաեւ ամեն տարի դեկտեմբերին՝ Նոր տարվա պատրաստություններով պայմանավորված: Սակայն փետրվարին ոչ «վերջին զանգ», ոչ էլ Նոր տարի չենք նշել, ուստի դոլարի կուրսի այդ անկումը որեւէ բացատրություն չունի, մանավանդ որ՝ նախորդ 2-3 տարիներին փետրվար-մարտ ամիսներին դոլարի կուրսը միշտ ոչ թե իջել, այլ ընդհակառակը՝ նույնիսկ 8-10 դրամով բարձրացել է:

Դոլարի գնի փոփոխությունը, բնականաբար, ծանր է անդրադառնում ԱՄՆ-ից ու Ռուսաստանից ուղարկված դոլարներով ապրող ընտանիքների վրա, իսկ նման ընտանիքները Հայաստանում շատ-շատ են: Եթե ընդամենը անցյալ տարի 100 դոլարը մանրելով մարդիկ կարող էին ստանալ 34 հազար դրամ, հիմա հազիվ այն կկազմի 30 հազար դրամ: Ընդ որում, հաշվի առնելով, որ այս օրերին մեր երկրում բավականին մեծ գնաճ կա, 30 հազար դրամով այսօր մարդը կարող է գնել այնքան ապրանք, որքան նախորդ տարի՝ 20-25 հազար դրամով:

Այս «լավատեսական» ֆոնի վրա մեր իշխանությունները միջազգային կառույցներին ներկայացնում են տնտեսական աճի, դրամական եկամուտների ավելացման մասին հեքիաթներ՝ հավաստիացնելով, թե կյանքը Հայաստանում օր օրի, նույնիսկ ժամ ժամի լավանում է, աղքատությունն ու գործազրկությունը կրճատվում են, աշխատավարձերն ու կրթաթոշակները՝ բարձրանում: Միջազգային կառույցների պետքն էլ չէ, որ իրականում դոլարի գինը Հայաստանում իջնում է, իսկ դրա հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ քաղցած են մնում, կարեւորը ԿԲ-ի, ՀՀ կառավարության հորինած հեքիաթներն են, որոնց չհավատալու հիմքեր արտասահմանցիները չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել