Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

500 ԴՐԱՄԱՆՈՑ ՕՂԻ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Մայիս 03,2008 00:00

\"\"Հայաստանում կոնյակի, գինու եւ օղու կեղծարարները, բացի խաղողի ու ցորենի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ, իսկ մի քանի օր առաջ պատրաստված խմիչքի վրա իրենց ուզած աստղերն են նկարում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի հայերն ալկոհոլային խմիչքներ, հատկապես օղի եւ կոնյակ ավելի շատ են խմում: Ալկոհոլային խմիչքների աճող պահանջարկը բավարարելու համար Հայաստանում այս բիզնեսով զբաղվող գործարարները կատարելագործել են նաեւ դրանց կեղծման մեթոդները: Մեր կոնյակագործներն ու գինեգործներն իրենց արտադրությունը կազմակերպում են ամենաանհավանական, չլսված ու չտեսնված մեթոդներով: Շատ դեպքերում կոնյակի յուրահատուկ գույնն ու համը ստացվում է ոչ թե մաքուր խաղողի սպիրտից, այլ սննդային ներկերի, բուրավետ նյութերի ու շաքարի հավելումներից: Բացի այդ, կոնյակի արտադրության մեջ օգտագործվող եւ բարձրորակ կոնյակի հիմքը հանդիսացող խաղողի սպիրտի փոխարեն, օգտագործվում է ցորենի կամ հայտնի չէ, թե ինչ ծագման էժանագին սպիրտ: Իսկ քանի որ Հայաստանում գոյություն չունի կոնյակի տարիքը որոշելու ստույգ մեթոդ ու ամեն ինչ թողնված է արտադրողի բարեխղճությանը, չի կարելի վստահ լինել, որ կոնյակի վրա նկարած աստղերը կամ տարիքը նշող թվերը համապատասխանում են իրականությանը: Այսինքն, խանութից գնելով 5 աստղանի կամ 10 տարվա հնեցմամբ կոնյակ, կարող է պարզվել, որ սպառողն իրականում մի քանի ամիս առաջ գունանյութերով ներկած ու ցորենի սպիրտից պատրաստված խմիչք է գնել:

Ըստ մասնագետների, մեր երկրում արտադրվող գինու եւ կոնյակի քանակը մի քանի անգամ ավելի մեծ է, քան մեր այգիների թիվն ու խաղողի բերքը: Սա նույնպես ապացուցում է, որ արտադրողները հաճախ են կեղծումներ անում: Թերեւս հենց կեղծումներն են պատճառը, որ մեր երկրում կարելի է գտնել նույնիսկ 500 դրամանոց գինի ու 300 դրամանոց օղի:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ օղին չի կարող այդքան էժան լինել. «Դեգեներացիայի փայլուն օրինակ է, երբ մեր երկրում կա անգամ 400-500 դրամանոց օղի: Հասկանալի է, որ մաքուր գինին կարող է 500-600 դրամով վաճառվել, քանի որ արտադրողը 100-120 դրամով 1 կիլոգրամ խաղող գնելով՝ դրանից կարող է մոտ 700 գրամ գինի ստանալ, 200-300 դրամ էլ ծախսվում է շշի, խցանի, ակցիզի ու ավելացված արժեքի հարկը մուծելու վրա, արդյունքում՝ գինի արտադրողը կարող է աշխատել 100-150 դրամ եկամտաբերությամբ, իսկ օղու պարագայում անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր բոլոր ծախսերը հանել ու 300-500 դրամով օղին վաճառելով՝ մի բան էլ եկամուտ ունենալ, ստացվում է, որ օղու բիզնեսով զբաղվող գործարարները աշխատում են վնասով»:

Ըստ պարոն Հարությունյանի, խմիչքների շուկայում կատարվող անօրինականությունների մեջ մեծ դեր ունի այն հանգամանքը, որ Ազգային ժողովում այդ բիզնեսով զբաղվող 9 պատգամավոր ունենք: Նրանք շահագրգռված չեն, որ այս ոլորտում պետական վերահսկողություն ու միջամտություն լինի. «Բնական է, հո մարդիկ իրենք իրենց դեմ դուրս չե՞ն գա»:

Չնայած շուկայում բազմաթիվ անորակ, մակնշմանը չհամապատասխանող բաղադրությամբ գինիներ են վաճառում, պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ, ի տարբերություն կոնյակի եւ օղու, գինեգործության մեջ կեղծարարություններ գրեթե չեն կատարվում. «Գինի արտադրողները հարուստ չեն եւ չեն կարող դրսում գովազդ անել, որ հայկական գինու իմիջը արտերկրում բարձրացնեն: Չնայած հայկական գինին իր որակով չի զիջում ո՛չ ֆրանսիականին, ո՛չ էլ վրացականին, բայց մեր պետությունն էլ միջոցներ չի ներդնում հայկական գինին արտերկրում ներկայացնելու ու գովազդելու համար: Գինի արտադրողին պետությունը գցել է սարսափելի ու անելանելի վիճակի մեջ»: Ավագ Հարությունյանի կարծիքով, հենց սա է պատճառը, որ օղու եւ կոնյակի արտահանման ծավալները հսկայական չափերի են հասնում, իսկ գինին արտահանվում է տարեկան ընդամենը մոտ 1 միլիոն լիտր, ինչը մի քանի անգամ պակաս է մյուս խմիչքների արտահանման ծավալներից: Բացի այդ, տեղական գինեգործները ներկրողների հետ անհավասար դաշտում են գտնվում, քանի որ նույն հարկն են վճարում: Դրա հետեւանքով էլ մեր տեղական գինու սպառումը բավականին տուժում է, մարդիկ հիմնականում գերադասում են նույն գնով արտասահմանյան գինի գնել:

Հայաստանում մի հարուստ խավ կա, որը հաճախ, թեկուզ «թիթիզության» համար, օգտվում է թանկարժեք՝ նվազագույնը 100 հազար դրամանոց գինիներից: Ցավոք, հայկական գինեգործությունը դեռեւս այն մակարդակին չի հասել, որ մենք կարողանանք այդքան թանկ գինիներ արտադրել, ուստի այդ գումարները նույնպես արտասահմանցիների գրպանն են մտնում: Ա. Հարությունյանի խոսքերով. «Մենք չունենք համապատասխան սարքավորումներ, չունենք տեխնոլոգիաներ, չունենք մասնագետներ, չունենք լավ հող, խաղողի լավ սորտեր, բայց պետք է 300 տարվա գինեգործական պատմություն ունեցող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են, ասենք, Ֆրանսիան, Իսպանիան ու Իտալիան, աշխատենք նույն դաշտում»:

Նշենք, որ վերջերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրինագիծը, ինչը թույլ կտա տվյալ տարվա հողի, ստացված բերքի եւ սպիրտի փորձաքննության միջոցով հստակորեն որոշել, թե կոնկրետ երբ է պատրաստված տվյալ խմիչքը: Սակայն, ըստ Ա. Հարությունյանի, ոչ մի օրինագիծ չի կարող ոլորտը կարգավորել ու կեղծարարություններից մաքրել, եթե սպառողն ու արտադրողը դա չեն ուզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել