Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեղուկ գազի դեֆիցիտ՝ Հայաստանում

Մայիս 03,2008 00:00

Ներկրողներն օրի օրի թանկացնում են այդ գազը՝ պատճառաբանելով, որ պահանջարկ չկա, օգուտ չեն ունենում:

Նախորդ ամսվա ընթացքում Հայաստանում 8-9%-ով թանկացել է հեղուկ գազը: Ներկրողները հեղուկ գազի գնաճը պայմանավորում են նրանով, որ այս տարվա հունվարին հանրապետությունում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել, որի պատճառով էլ 1 կիլոգրամ գազի գինը թանկացել է ավելի քան 150 դրամով: Եթե նախորդ տարվա նոյեմբերին 1 կգ գազն արժեր մոտ 350-370, իսկ դեկտեմբերին՝ 450 դրամ, ապա այս տարի գազի 1 կիլոգրամը վաճառվում է 600-650 դրամով: Սա հարուցել է այն վարորդների դժգոհությունը, ովքեր իրենց մեքենաները վերասարքավորել էին՝ հեղուկ գազով աշխատելու համար: Նշենք, որ նման վերասարքավորում իրականացնելը բավականին մեծ ծախսերի հետ է կապված, բայց քանի որ օր օրի բենզինը թանկանում էր, մարդիկ ստիպված նման քայլերի գնացին՝ ավելի էժան վառելիք ունենալու համար: Սակայն այսօր հեղուկ գազի գինն էլ գրեթե չի զիջում բենզինին:

Հատկապես վերջին 1-2 տարիներին Հայաստանում հեղուկ գազ սպառողների թիվը զգալի կրճատվեց, որովհետեւ այսօր շատերի բնակարաններն արդեն գազիֆիկացված են, եւ մարդիկ բնական գազից են օգտվում: Հենց բնական գազի սպառման ծավալների աճն էլ, գործարարների հավաստմամբ, ազդել է հեղուկ գազի գնաճի վրա:

Հեղուկ գազի իրացմամբ զբաղվող «Կոմֆորտ գազ» ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանն «Առավոտի» հետ զրույցում հավաստեց, որ «ՀայՌուսգազարդն» իրենց գործին «խփում» է ու իրենց ընկերությունը հեղուկ գազի իրացման ծավալներով բավականին տուժել է. «Մեր հիմնադրման տարվանից՝ 1999-ից սկսած, սպառման ծավալներն ավելի քան 70 տոկոսով նվազել են, ինչն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ ավելի ու ավելի շատ բնակարաններ են գազիֆիկացվում: Նախորդ տարիների համեմատ ներկրողներն սկսել են ավելի քիչ գազ ներկրել, որն էլ դեֆիցիտի ու գնաճի պատճառ է դարձել»: Մեզ հետ զրույցում պարոն Բաբայանն ասաց նաեւ, որ այս տարվա ողջ հունվար ամսվա ընթացքում իրենք ոչ մի կիլոգրամ գազ չեն իրացրել, քանի որ չեն կարողացել ներկրողներից հեղուկ գազ ձեռք բերել:

Հանրապետությունում հեղուկ գազի ներկրման եւ իրացման ծավալներով խոշոր ընկերություններից մեկը՝ «Դիդի գրուպը» եւս դժգոհ է գազի սպառման ծավալներից: Ընկերությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում իրենք ներկրել են 300 տոննա հեղուկ գազ, իսկ հիմա՝ մոտ 150 տոննա, այսինքն՝ իրացման ծավալները նվազել են կիսով չափ: «Դիդի գրուպից» տեղեկացրին նաեւ, որ իրենք փորձում են Հայաստանում գազի գնաճը հնարավորինս զսպել: «Մենք պարսիկ մատակարարի հետ փորձում ենք լեզու գտնել, որ ավելի էժան գազը ձեռք բերենք ու էժան էլ ծախենք»:

Մայրաքաղաքի գազի սպասարկման կենտրոններում հեղուկ գազի դեֆիցիտն ու գնաճը պայմանավորում են ներկրման դժվարություններով՝ ասելով, որ «մաքսայինում ինչ-որ պրոբլեմներ են առաջացել եւ ներկրող ընկերությունները չեն կարողանում հեղուկ գազի նոր խմբաքանակը մտցնել Հայաստան»: Սակայն մաքսային պետական կոմիտեից «Առավոտին» տեղեկացրին, որ գազի մաքսային արժեքի փոփոխություն չի եղել, մաքսային սահմանի վրա խնդիրներ նույնպես չեն առաջացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Մոտավորապես երբ կլուծվեն նշված խնդիրները և գազի դիֆիցիտը վերանա

Պատասխանել