Մարմնավաճառները Մայրության եւ գեղեցկության միամսյակը տոնել են ինչպես միշտ՝ փողոցում տղամարդկանց սպասարկելով:
Արդեն քանի տարի է՝ Բագրատունյաց փողոցում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, գործում է մարմնավաճառների բավականին հայտնի մի շուկա: Մառայի ծառայությունների մեկ ժամն արժե նվազագույնը 10-12 հազար դրամ: Հաշվի առնելով, որ իր մյուս ընկերուհիները հաճախորդներից առավելագույնը 5-6 հազար դրամ են ուզում՝ Մառան այդ տարածքի «թանկանոց ծիտիկներից» է համարվում. «Բոլորին թվում ա՝ մենք նենց մեծ հաճույքով ենք սրանով զբաղվում, էլ չգիտեն, որ ձեռքներս ճար լիներ՝ ամբողջ օրը տանը կնստեինք եւ մեր երեխեքին տիրություն կանեինք: Հո լավ կյանքի՞ց չենք փողոց ընկել: Ամուսնացած էի, ամեն օր ծեծ ու ջարդ էր մեր տանը, դրա համար էլ բաժանվեցի: Կեսրայրս մի քիչ անհաջող մարդ էր, ինքն էր հիմնականում հրահրում, որ տղեն ինձ ծեծի, ես էլ չդիմացա: Իբր ամուսին էր: Գոնե մի օր չի հարցրել՝ ո՞նց ես էրեխուն պահում, երեւի չգիտի էլ՝ վերջը աղջի՞կ, թե՞ տղա ունեցա: Չնայած մեկ-մեկ զանգում է, բայց ուրիշ բաների համար: Երեւի հասկանում եք: Ես հղի հետ եկա, բայց հորս տուն չէ, սկսեցի վարձով ապրել, մի ամիս գործ ման եկա, տարբեր բաներ արեցի, ուր գնում էի՝ ընդունում էին, բայց ասում էին՝ ստեղ երկար մնալու համար պետք է տնօրենի սիրածը դառնաս, ես էլ մտածեցի՝ ըտենց-ըտենց, հենա փողոցում ավելի շատ գումար կաշխատեմ: Երեխա ունենալուց մի քանի ամիս հետո արդեն ընգա փողոցներն ու սկսեցի կուտակած պարտքերս փակել: Հիմա եթե գոնե կարողանամ տուն առնել՝ էլ փողոց դուրս չեմ գա, մի հատ էլ սիրած կպահեմ, որ մենակ չլինեմ ու իմ համար երջանիկ կապրեմ, էլ չեմ տանջվի հիմիկվա պես»: Մեր հարցից՝ ինչպե՞ս ես տոնում մայրության եւ գեղեցկության միամսյակը, նվերներ ստանո՞ւմ ես՝ Մառան նեղացավ. «Ես ուրիշներից ինչո՞վ եմ պակաս, որ նվեր չստանամ: Ծաղիկներ, դուխի-մուխի ստանում եմ: Բայց կոնկրետ որ ասեմ՝ Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը մյուս օրերից չի առանձնանում, հելնում եմ փողոց, կլիենտ կպավ՝ էդ իմ համար արդեն տոն ա»: Մառայի աղջիկը 4 տարեկան է: Նա դեռ չի հասկանում, թե ինչպես է գումար վաստակում իր մայրը. «Ես անգամ մեր շենքում շատ «ակուրատնի» եմ ինձ պահում, որ ոչ ոք գլխի չընկնի: Բայց ինչքա՞ն կարող եմ թաքցնել, նորմալ հագնվում եմ, ոչ մի բանս պակաս չի, բայց, դե, մի օր կիմանան: Համ էլ սենց ամբողջ օրը փողոցներում եմ, մի օր կտեսնեն երեւի: Ոչ մեկն էլ էսօր էշ չի, սաղ էլ հասկանում են, ես էլ եմ հասկանում, որ մի օր աղջիկս էլ կիմանա՝ ինչ եմ անում ես, բայց ավելի լավ է չիմանա, հույս ունեմ, որ չի իմանա։ Ինքը հիմա գիտի՝ մաման վարսավիր ա, գնում ա մարդկանց տները՝ մազ սարքելու»: Չնայած տանից ծպտված է դուրս գալիս, որ հարեւաններից ոչ ոք իր աշխատանքի մասին չիմանա՝ Մառան մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ չի ամաչում իր աշխատանքից: Ավելին, նրա խոսքերով. «Կարելի ա ասել՝ հիմա բոլորն էլ պուտանկա են դառել, բայց տակից են էդ անում, մենք ենք, որ ամեն ինչ բաց ենք անում: Կարող ա՞ իրանք մեզանից լավն են, ումի՞ց եմ պակաս, որ ես փողոցում եմ»: Այնուամենայնիվ, Մառան իր ողջ կյանքը չի պատրաստվում փողոցում անցկացնել՝ մարմինը վաճառելով. «Չեմ մտածում, որ միշտ սրանով եմ զբաղվելու: Արդեն քանի տարի ա՝ էս գործին եմ, բայց չեմ կարում մի քիչ փող հետ գցեմ ու տուն առնեմ: Եթե տան վարձը չլիներ, ո՞վ էր փողոց դուրս եկողը: Կգնայի, օրը 1000-2000 դրամով կաշխատեի: Հիմա ամեն ինչ իմ վրա ա, չեմ կարող ըտենց ցածր աշխատավարձով տան վարձ տալ, լույսի, գազի, ջրի կամ էլ զիբիլի գումար տալ, դայակ էլ եմ պահում, որ երեխուս հետ նստի, մինչեւ ես գնամ փողոց ու հետ գնամ: Էդ սաղ փող ա, չէ՞»:
Բնակարանի հարցով Մառան մի քանի անգամ դիմել է Երեւանի քաղաքապետարան. «Ողբերգական նամակ էի գրել, ներկայացրել էի՝ ես ով եմ, ինչ եմ անում ու ինչ եմ ուզում, բայց ինձ բանավոր ասեցին՝ գնա գործիդ, քաղաքապետարանը քո համար հարցեր լուծելու տեղ չի: Ինչի՞, ես էս երկրի քաղաքացի չե՞մ: Գնացել եմ նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, բայց դարպասների մոտ հավաքված էդ հաստավիզներն ինձ լարեցին էնտեղից: Իրանց ոչ մի բան հետաքրքիր չի, ամեն մեկն իր հացի մասին է մտածում կամ էլ աթոռի կռիվ ա տալիս, ոչ մեկը մեր մասին չի մտածում: Գոնե կիսաքանդված հանրակացարանում մի հատիկ սենյակ տան, թեկուզ քաղաքից դուրս, բայց մենք ոնց որ գոյություն չունենք, բոլորը մեզ արհամարհում են»:
Մարմնավաճառների շուկայում Մառան աշխատում է միայն ցերեկը, իսկ երեկոյան գնում է տուն: Պատճառն այն է, որ այդ տարածքը «նայող» կա, որին մյուս մարմնավաճառները փող են մուծվում՝ օրվա բաժնից: Իսկ ցերեկվա կանգնելու համար «տարածքի հսկիչը» տոկոս չի ուզում: Ոստիկանների հետ Մառան նույնպես չի համագործակցում: Մեր հարցին, թե այդ դեպքում ոստիկաններն ինչպե՞ս չեն տանում բաժին՝ «ցերեկային մարմնավաճառները» պատմեցին, որ նրանց հետ հարցերը լուծելու իրենց ձեւերն ունեն, բանակցում են, հետո մի ժամը նվիրում են նրանց ու այդքանով հարցը փակվում է: Մառայի պատմելով՝ իր հաճախորդների մի մասը հենց ոստիկան է. «Իրանք, սովորաբար, երբ գալիս են մեր մոտ, տանում են հոթել, վկայականը ցույց են տալիս, իբր թե պետք է վախենաս, որ բռնվեցիր, բայց մենք հո գիտենք ինչ է պետք անել, շուստրի ենք, ասում եմ՝ փողերդ մուծվի, գործդ արա-գնա, վկայականդ փաթթած ունեմ, ստեղ բերելուց չգիտեի՞ր ես ով եմ: Էդ ժամանակ ձենները կտրում են»:
Հարցին, թե այս տարիների ընթացքում չի՞ սիրահարվել հաճախորդներից որեւէ մեկին, Մառան քմծիծաղով ասաց. «Ո՞ւր էր նորմալ տղամարդ, որ սիրահարվեի, տենց բան բացառվում ա»:
«Մայամիի» հարեւանությամբ գործող մարմնավաճառների շուկայի «աշխատակիցներից» է նաեւ 32-ամյա Աննան: Նա արդեն 4 տարի այդպես է գումար վաստակում՝ երկու երեխաներին պահելու համար: Նրա հետ 1 ժամը 7 հազար դրամ է, բայց դա՝ նոր հաճախորդների համար, իսկ մշտականներին նա զեղչով է սպասարկում՝ մինչեւ 5 հազար դրամ: «Ես մի քիչ անհաջող տուն էի հարս գնացել, ամուսինս մի օր ասում էր՝ գնա հարեւաններից ցորեն ուզի, մյուս օրը՝ լավաշ ուզի, երրորդ օրը՝ կարտոշկա: Ամբողջ օրը գնում էի ստեղ-ընտեղ քոծություն էի անում, իրանց ընտանիքի պարտքերն էի փակում, երբ իրան էլ ասում էի գնա մի տեղ աշխատի, հեսա երեխա ենք ունենալու՝ հետս կռվում էր: Առաջին երեխեն ունենալուց հետո, երբ մի քանի ամսական էր աղջիկս, աղիքային ինֆեկցիա էր, համարյա մեռած էր, ես մենակս ձեռքերիս մեջ նրան հասցրեցի Աշտարակի հիվանդանոց, ոնց որ հեր չուներ: Բժիշկները աղջկաս հազիվ հետ բերեցին: Հետո հերն եկավ հիվանդանոց, ասեց, դե աղջիկ էր, էլի, թողեիր մեռներ-գնար, ինչի էիր ըտենց ոտ ու ձեռ ընկել: Ես արդեն երկրորդով հղի էի, բայց էդ ինձ չկանգնացրեց, կատաղեցի, էդքան օրերի կուտակված ջղայնությունս թափեցի, երեխայիս վերցրեցի-եկա մամայիս տուն՝ Մալաթիա: Մի քանի տարի տենց ապրեցի, գնում էի յառմռկում առավոտից իրիկուն քոծություն էի անում, մաքրում էի: Մամայենքս տունը ծախեցին, գնացին Ֆրանսիա, ես էլ մնացի դրսերը, չգիտեի ինչ անել, երեխեքը դոշիս մի քանի ամիս բորդյուրներին եմ քնել: Հետո խելքի եկա, տուն վարձեցի ու սկսեցի աշխատել սենց՝ փողոցում»,- պատմեց Աննան: Նա իր երեխաներին օրերով չի տեսնում ու տանջվում է կարոտից: Աննայի աղջիկը 12 տարեկան է, տղան՝ 11: Նրանք գիշերօթիկ դպրոցում են ապրում. «Երեխեքս գիտեն, թե մինչեւ հիմա էդ յառմռկում քոծություն եմ անում: Ավելի լավ, որ տենց գիտեն, Աստված տա երբեք էլ չիմանան ինչ եմ անում՝ իրանց պահելու համար: Հենց էդ ժամը գալիս ա, որ պիտի դուրս գամ փողոց, մտքումս ասում եմ, գոնե ոտքերս ջարդվեն, որ էլ չգնամ: Բայց էդ փողերն ինձ պետք են: Ես էլ եմ վարձով ապրում, ամսական 30 հազար մենակ դրա վարձն եմ տալի, չհաշված մնացածը: Հավաքարարությամբ կամ դրա նման մի բանով չեմ կարողանա երեխաներիս ուտելիքով ապահովել, համ էլ տան վարձ տալ: Գիտեմ, եթե այսօր կլիենտ չունեցա՝ վաղը երեխեքս սոված են մնալու: Էս քանի օրը ոչ մեկը չէր գալիս, հենա երեկ մեկին փշի-փշի անելով, գուրգուրելով հազիվ տարել եմ, որ էսօր հաց առնեմ, որ կարանամ շաբաթ-կիրակի երեխեքին կերակրեմ: Որ երեխաներիս տեսնեք՝ հեչ չեք ասի, որ իմն են, շատ խելացի ու սիրուն բալիկներ են, փառք Աստծու, հեչ ինձ ու իրանց պապային չեն քաշել: Իսկ հերը գոնե մի անգամ ձեւի համար չի եկել կամ չի էլ զանգել, որ իմանա մենք ոնց ենք»:
Հարցին՝ հաճախորդների կողմից երբեւէ բռնություններ եղե՞լ են՝ Աննան պատասխանեց. «Դե, իհարկե, լինում են, մի քիչ քեզ սխալ պահես՝ միանգամից կօգտվեն առիթից ու հերդ կանիծեն»:
48-ամյա Ռիման մարմնավաճառուհու 5 տարվա «ստաժ» ունի: Նա իր ծառայությունների դիմաց առավելագույնը 5000 դրամ է ստանում՝ 1 ժամի համար: Նա նույնպես փողոցում է հայտնվել, իր խոսքերով՝ անհաջող ամուսնությունից հետո: Երկար տարիներ երեխա չի ունեցել ու ամուսինը բաժանվել է իրենից: «Առաջ հիվանդանոցում սանիտարկա էի աշխատում, բաժանվելուց հետո երբ սկսեցի վարձով ապրել, մի քանի տեղ էի աշխատում, բայց էլի չէի կարում ծերը ծերին հասցնել: Մեկ-մեկ սկսեցի փողոց դուրս գալ ուշ ժամերին, տեսա կլիենտ գալիս է, սկսեցի ամեն օր դուրս գալ: Սկզբում գումարներից ոգեւորվեցի ու ավելի ու ավելի էի ձգտում փողոց դուրս գալ: Բայց հետո հասկացա, որ կյանքս կործանում եմ»,- պատմեց Ռիման: Պատահե՞լ է, որ սիրահարվեք կլիենտին՝ այս հարցին ի պատասխան Ռիման ծիծաղեց. «Ո՞նց կարող ես սիրահարվել, մենակ հասցնում ես կլիենտների հետ շփվել: Իրանց հետ ոչ մի բան չես զգում, մեխանիկորեն ես ամեն ինչ անում, իսկ տենց չեն սիրահարվում: Պետք ա շփվես, ճանաչես, համակրելով սեքս անես, որ բան հասկանաս, հետո նոր սիրահարվես: Բացառվում ա, որ մարմնավաճառը կլիենտի վրա սիրահարվի կամ էլ իրան սիրահարվեն, էդ սաղ հեքիաթներ են»:
«Մայամիի» տարածքում գործող մարմնավաճառների խմբակի, այսպես կոչված, «մեծը» 30-ամյա Սիրանն է: Նա չասաց, թե որքան արժեն իր ծառայությունները՝ «վախտը գիտի, մեկ էլ իմ հավեսը»: Սիրանը փոքր երեխա ունի, դրա համար էլ «գործի» դուրս է գալիս բացառապես միայն կեղծամով ու կերպարանափոխող շպարով. «Ես մի բան կասեմ, էն հայտարարությունները, որ տալիս են` բարետես արտաքինով, էսքանի-էսքան չափանիշներով, էլ չեմ խոսում լեզուների ու չգիտեմ ինչերի իմացությունը, էդ գործերը մեր համար չեն: Սաղի մերերը հնարավորություն չեն ունեցել իրենց երեխեքին բարձրագույն կրթություն տալու, հիմա մենք կրա՞կն ենք ընկել: Դրա համար էլ ստիպված դուրս ենք եկել մեր եղած-չեղածով գումար առնելու։ Ոչ մեկին վնաս չենք տալիս, հակառակը՝ օգուտ ենք տալիս՝ մանավանդ հոթելներին: Ընենց անկապ աշխատանքով ամենաշատը օրական կկարողանայի 2000 դրամ հետ գցել, 1000 դրամ էլ օրվա ուտելիքի համար, բայց ես տենց ոչ մի բանի չէի հասնի: Իսկ սենց հեսա տուն կառնեմ ու կգնամ սովորական աշխատանք անելու, որ երեխես մեծանա ու ինձանից չամաչի, մի քանի տարի հետո ո՞վ ա մեզ հիշողը, բոլորին էլ տենց մոռանում են: Ո՞ւմ ա դուր գալիս, որ իրան մատով են ցույց տալիս, ինձ էլ դուր չի գալիս, բայց ինչ անեի, որ չէի կարա ավելի բարձր տեղերից բռնացնել, շեֆերին կպցնեի: Ոչ էլ մասնագիտություն ունեմ, որ գլուխս կախ աշխատեի»:
Մարմնավաճառներն ու օբյեկտները
Սովորաբար, մարմնավաճառներն ինչ-որ կոնկրետ հոթելի հետ են համագործակցում եւ իրենց հաճախորդներին միայն այդտեղ են տանում: Մառան «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ իրենք նախկինում համագործակցում էին հենց «Մայամիի» հետ. «Իրանց շեֆը մեր հետ լավ էր, շուտ-շուտ կանչում էր մեզ հաց ուտելու: Բայց հենց 2-րդ հարկը սարքեց՝ մեզ արդեն վերեւից էր նայում, մուննաթով էր խոսում: Ես էլ նեղացա ու էլ չտարա կլիենտիս իրա մոտ: Գիտե՞ք, հենց ռեյդ ա լինում ու աղջիկներին հավաքում-տանում են՝ հոթելների գործը կանգնում է, այնպես որ՝ իրանց էլ է ձեռնտու մեր հետ լավ լինել»: Շատ մոթելներ կան, որոնք ստեղծվել են՝ հատուկ մարմնավաճառների համար: Որոշ օբյեկտներ հենց իրենք են հաճախորդ գրավելու համար ներքին կարգով նրանց ապահովում սեփական մարմնավաճառներով: Ըստ շրջանառվող լուրերի, նման օբյեկտ է Բաղրամյան փողոցում գտնվող «Ինջոյ» հոթելը: Ինչպես ճշտեցինք, «Ինջոյում» 1 սենյակը 3 ժամով զբաղեցնելն արժե 5 հազար դրամ, «լյուքս» համարը՝ 9000 դրամ, իսկ ողջ գիշերվա համար սովորական հարմարություններով սենյակի վարձը 12 հազար դրամ է: Հյուրանոցի տնօրեն եւ սեփականատեր Սպարտակ Մխիթարյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իրենք «աղջիկ» են տրամադրում: Նրա խոսքերով՝ «Մենք նույնիսկ մենակ աղջիկներին արգելում ենք մտնել մեր օբյեկտ, աղջիկների մուտքը մեզ մոտ սահմանել ենք միայն զույգի հետ, որովհետեւ ցանկացած աղջիկ տեղով շառ է ու միանշանակ խուսափում ենք թե՛ նրանց մատուցած ծառայություններից, թե՛ նրանց բերած եկամուտներից: Մարմնավաճառները ոստիկանների հետ համագործակցում են ու կարող են հանգիստ մի օր գլխներիս սարքել, դրա համար էլ աշխատում ենք որքան հնարավոր է նրանցից հեռու մնալ»: Ս. Մխիթարյանը չժխտեց, որ հաճախ իրենց օբյեկտից օգտվում են Բաղրամյան փողոցում կանգնող մարմնավաճառները, բայց նրանք «Ինջոյ» մտնում են միայն իրենց հաճախորդների հետ. «Առաջ այդ տարածքում միայն մենք էինք, ու Բաղրամյանի մարմնավաճառները, բնականաբար, մենակ այստեղ էին գալիս, հետո օբյեկտները վերջին տարիներին շատացան, ու հիմա մրցակցությունը շատ մեծ է»:
Ըստ լուրերի, Պռոշյանի մարմնավաճառներին սպասարկում է «Այգեձոր» հոթելը, հրապարակի մարմնավաճառներին՝ Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող «Սենյոր» օբյեկտը: Նման օբյեկտների թիվը Հայաստանում օր օրի ավելանում է, մեծանում է նաեւ դրանց պահանջարկը: