Հրապարակախոսի հայացքով
Աստծո զորությամբ՝ էլի դարեր, հույս ունենանք՝ մեզ սովոր օր ու դարերի նման՝ նույնալիք հազարամյակներ կանցնեն, շատ բան կիմանանք, շատ բան էլ չենք իմանա, կկորցնենք ու կմոռանանք, բայց էսպես էլ չենք իմանա Հայաստանի տարիքը: Անունը, ինչպես այսօր, կասենք-կգրենք՝ Հայաստան: Հայաստան մեր երկրի ծննդավայրը նույնպես հեշտ կգրենք՝ Հայաստան, էլ ո՞ւր, փակագծերում կգրենք՝ Արարատյան ժողովրդի լեզուն հայո՛ց լեզուն է, հայերե՛նն է: Հպարտությամբ կասենք՝ Արարատը հայ ժողովրդի սիրուց է ժայթքել: Կամ՝ Աստված Արարատն արարել է որպես հայ ժողովրդի հավերժումի վկայաբանություն… Ամեն մի հարցի ու հարցադրման էջով, լուսանցքով, գույնով, երանգով կպատասխանենք, բայց ճշգրիտ չենք կարող ասել մեր երկրի ծննդյան բուն թվականը: Դա Աստծո, Արարատի գործն է: Մինչ Հայկ-Բելին հասնելը, մեր առասպելը երկար դարեր է առասպելվել: Հեքիաթի ծերունու նման ամեն ինչ էլ գիտենք, բայց չգիտենք մեր տարիքը. անհիշելի ժամանակներից, հազարամյակների խորքերից եւ նման բազմաբառակապակցությունները արդարորեն փրկում են մեզ որոնման բերկրալի տանջանքից, շքեղ արարողությունների կապույտ-կարմիրի գունեղ ծփանքից՝ միշտ ընծայելով հպարտության շարմաղ զգացում, որ է՝ Արարատը՝ իր Արարատյան կարծր ու փխրուն ժողովրդով, Արարատյան բոցեղ լեզվով, աշխարհի ծխամատյանն է… (Վերոասածս վաղուց ընդունելի է, ու բառերն այս քաղել եմ վաղուց ընդունելի արար-արարումներից):
Ուրեմն՝ հին տուն ենք ու հին ժողովուրդ ենք: Ամեն ինչից աչքի լիություն պիտի որ կաթեր: Յոթանասուն տարի առաջ Վիլյամ Սարոյանը խոսք է դրոշմել Արարատի լանջին՝ Մենակ մեկ Հայաստան կա, ան ալ հոս է: Արցախի ազատամարտի զինվորի, իր իսկ բառով՝ հողի գույն ունեցող Լեոնիդ Ազգալդյանի համար կռվի էն թեժ ժամին պիտի հնչի Սարոյանի սուրբգրական խոսքից ծնված գունաբառապատկերը՝ Սա Հայաստան է ու վերջ:
Ի՞նչ ենք տալիս մենք մեր զավակներին եւ ի՞նչ են ուզում-պահանջում մեր զավակները մեզնից: Ամեն մեկիս բախտ չի վիճակվում թագավոր դառնալ կամ, որ ոչ պակաս, գուցե առավել կարեւոր է՝ ապրել լավ թագավորի օրոք: Բայց թագավորի զավակ լինելն ավելի կարեւոր է: Թագավորի մասին կարող են ասել՝ իր համար թագավոր է, էլի, որ թագավոր է, մեջն ի՞նչ կա, ո՞վ է զգում նրա թագավորությունը: Մի բան, որ չեն ասի գահաժառանգի մասին: Ակնածանքով, թագավորի ականջի լսելու կասեն՝ թագավորի տղա է, է՜, թագավոր հորը տալու-անցնելու է: Տան՝ ռանչպարի խրճիթի խոսք ու գործից մինչեւ թագավորի պալատի խոսք ու գործ պիտի երկրի, ժողովրդի խոսք ու գործ կոչվի: «Խոսքը խոսք չէ՝ եթե գործի պատկեր չի առնում, գործը գործ չէ՝ եթե չի տրվում խոսքի, չի պսակվում խոսքով»: Մենք մեր ծնողներից տաք տուն ենք ուզում, տաք եզերք, այո՛, հարուստ երկիր, աշխատանք: Արդ, ինչո՞ւ էր մեր արքա Արտավազդը դժգոհում մեր արքա Արտաշես հորից. «Մինչ դու գնացիր, զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ»: Պիտի մտածենք՝ նա իր արքայի՞ց էր դժգոհ, թե՞ իր արքա հորից: Շատերն ասում են՝ սա հին փիլիսոփայություն է՝ թագավորից ինչ նեղանաս, թագավոր է, էլի, խելքը շատ է հասնում, իսկ հորից միշտ էլ կարելի է նեղանալ:
Թվում է՝ մենք ամեն օր դատապարտված ենք փարվելու մեր պատմությանը՝ միայն դասեր քաղելու առաքելությամբ ու առաքինությամբ: Տողած-քաղարած է մեր պատմությունը՝ իր վայելչագիր հմայքով, հաստատումներով, ճյուղավորումներով, շնչառությամբ, ծանրախոհությամբ: Ինչո՞ւ հազարագանձ մատյանների հազար լուռ ու խոկուն տողերի միջից աչքիս եկավ արտավազդյան դժգոհությունը՝ … զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ: Մերօրյա թագավորացու-թագագնացները արտաշեսյան ոչինչ ունեն, ի՞նչ պատմուճան, ի՞նչ բան՝ ձիավորված գալիս են երկիրն ու ժողովրդին իրենց երդվյալ արեւով փրկելու, թե հարկ լինի՝ որպես երբեք չիրականացող երդում՝ պատրաստ են զոհվելու: Թագավորացուները՝ թեկուզ թագավորի պահանջ չլինի, գալիս են, որովհետեւ չեն կարող չգալ, գալիս են, որովհետեւ իրենցից լավն ու լավագույնը ճրագով էլ ման գանք՝ չենք ճարելու: Նրանք, իբր, գալիս են ժողովրդի միջից՝ ժողովրդի պահանջով, հանկարծ ինքնամոռաց են դառնում՝ խելքները թռցնում են գահ-աթոռի համար: Եթե գահ-երկիրը ավերակ է՝ նրանց աչքին չի երեւում: Խոստումների հրեղեն ինչ տեղատարափ: Գահաժառանգությունը, իհարկե, ցավ է: Ինչո՞ւ են դարեր շարունակ եկող թագավորի մասին մտածել որպես եկող ցավ: Անեծք է, երբ ավերակ է լինում տունը, ավերակ է լինում երկիրը: Հեքիաթ պատմել պիտի լինի, եթե ասենք, որ երկրիս երեսին փառահեղ թագավորներ ու թագավորություններ են եղել, թագավորներ, որոնց մտքակտրուկ խելքը չի հասել, որ իրենց երկիրն ավերակ դարձնեն, ժողովրդին, մեղմ ասած, դադարգյուն անեն, որ է՝ աշխարհացրիվ անել, մնացորդացին պահեն օրենքից դուրս: Խելքի պուտուկ թագավորներից շատերի խելքը էդքան է հասել՝ էդպես են արել: Պատմությունը քիչ է հիշում, որ մեկը դեմը կանգնի ու հարցնի՝ թագավորն ապրած կենա՝ քո ժողովուրդն է, քո գերին է, քո նվիրյալն է, քո արեւով երդում ուտողն է, չի՛ կարելի… Թագավորը գլուխը ի՞նչ քարը տա. մոռացել է կամ կորցրել է խոստումների լիքը ամբարը, հավաստիացումների լիքը ջվալը, մնացել է ճնճղապաշարի իր խելքով, որն իսկի իրեն չի հերիքում:
… Երբեմնի խշշան կանաչ ծառը չորանում է, երբեմնի վարար աղբյուրը ծլթան է դառնում, հորդուն գետը առու է դառնում, դար լացացրած աշուղի երգը էլ լսող չի լինում, ծովի ջուրն ավելի է աղիանում, դառնանում է երեկվա քաղցր թվացող կյանքը, լեղի է դառնում սերը, մարդը լուռ ու մունջ մահանում է՝ հա՛, որոնած խոսքը հենց նոր գտած, բայց չարտաբերած: Ամեն ինչ մարդկային է, բնապաշտական ու ոչինչ էլ խորթ չէ: Խորթ չէ նաեւ էն, որ ուզում ես Չինաստանի նման մե՜ծ տերություն լինես, թե թիզուկես մի երկիր, պիտի մի նախագահ ունենաս: Եվ ամենուր թագավորացուների մի բանակ է մտնում պայքարի գիծ՝ թեկուզ մահվան գնով նախագահ դառնալու անհագ ցանկությամբ, մոլագարությամբ, ավելի ճիշտ՝ գայթակղությամբ:
Աշխարհն աշխարհով թող կենա, մենք մեր բախտին քար չգցենք: Աստծո տված մեծ երկրից մի բուռ է մնացել՝ լեզվի պահած ժողովրդով: Մնացորդացս պարտավոր ենք զինվորագրվել Հայաստան երկրի ճակատագրին՝ հասկանալով, որ ծուլանալու, սխալվելու դեպքում ոչ միայն մենք ենք ցաքուցրվելու, այլ Հայաստան երկրի փշրանքները ծամվելու են օտարների լկամների տակ: Հիշելու հազար բան ու հազար աշխարհ կա, բայց հիշենք բարի հսկա Սարոյանին. Մենակ մեկ Հայաստան կա, ան ալ հոս է: Զինվորագրվելով Հայաստանի ճակատագրին՝ մենք փորձում ենք փրկել նույն Հայաստանը՝ անցյալը ապագայի համար, ներկան՝ անցյալի ու ապագայի համար, ժողովրդին, իր գոյելու շունչը տալու անցյալին, ներկային ու ապագայինL: Թագավորներից, իհարկե, խեր չկա, բայց երանի էն օրը, որ ժողովուրդը կասի՝ թագավոր ունեմ, թագավորն էլ կասի՝ ժողովուրդ ունեմ (յանի կասի ո՞ր…):