Ղարաբաղցի մտավորականի խոհերը
«Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները եւ վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: Տագնապալից ընթացքի առաջն առնելու ուրիշ ձեւ չկա, քան միմյանց դարդուցավը հասկանալը, անաչառ լինելու լավագույն ձեւն այն է, երբ քեզ դնում ես դիմացինիդ վիճակի մեջ ու փորձում հասկանալ քո հնարավոր վարքագիծը:
Տվյալ պարագայում մտապահելով, որ մենք բոլորս Հայ ենք, ես պայմանականորեն հանդես եմ գալիս միջինվիճակագրական ղարաբաղցու դիրքերից եւ փորձում մաշկիս վրա կրել այն, ինչ կրել են իմ երեւանցի միջինվիճակագրական եղբայրներն ու քույրերը:
Եվ այսպես, ի՞նչ կանեի ես, եթե ԼՂՀ-ում կայացած ընտրություններին ՀՀ-աբնակների չմասնակցության պարագայում մի բնիկ երեւանցի մասնակցության իրավունք ձեռք բերեր ու հասներ իշխանության: Իշխանության հասնելով էլ՝ կամաց-կամաց Ստեփանակերտ տեղափոխեր իր երեւանցի ընկեր-բարեկամներին, պարզապես՝ բնիկ երեւանցիների, ու նրանց պաշտոններ տար, խանութներ բացելու, արտոնյալ բիզնես ունենալու հնարավորություն ապահովեր: Որպես հենարան էլ ընտրեր ոչ թե ղարաբաղյան ճանաչված ու հարգված մտավորականների ու կադրերի, այլ, մեղմ ասած, տեղի հասարակության հարգանքը չվայելող անձանց:
Ես, որպես միջինվիճակագրական «էշ ղարաբաղցի», հավանաբար, կկատաղեի երեւանցի «կատուկրասկատվողների» մերօրյա արշավանքից, իմ հոգում եթե ոչ ատելություն, ապա քամահրանք կառաջանար երեւանաբնակների նկատմամբ, եւ իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու անհնարինության մեջ համոզվելով՝ ես էլ դուրս կգայի հանրահավաքի: Եվ եթե ինձ նման միջինվիճակագրական արցախցի քույրերիս ու եղբայրներիս փորձեին համոզել մահակով, ապա հոգուս քամահրանքը ինձնից անկախ կվերածվեր ատելության, հատկապես, եթե հոգիս կրծի այն կասկածը, որ իմ գլխին իջնում է ոչ թե արցախյան սեգ անտառների կաղնու փայտից պատրաստված միջինվիճակագրական հարազատ մահակը, այլ Երեւանում ներկված դագանակը՝ ներկողի հետ միասին:
Այո, որպես միջինվիճակագրական ղարաբաղցի՝ ես, երեւի, այդպես կանեի: Բայց, որպես հայ մտավորական, ես այլ կերպ կվարվեի: Ես առաջին հերթին կմեղադրեի ինձ ու նմաններիս, որ չենք կարողացել դեպքերի նման զարգացման առաջն առնել: Ես ատելությամբ չէի լցվի շարքային ՀՀ-աբնակների նկատմամբ, լեզուս չէր պտտվի վատ բան ասել երեւանցի շինարարի, հացթուխի, մանկավարժի, երաժշտի, վաճառականի, ֆուտբոլիստի, քաղաքագետի, լրագրողի, բանաստեղծի եւ այլոց հասցեին: Ես կհասկանայի, որ նրանք մեղավոր չեն, որ ինձ նման խեղճ ու անպաշտպան են: Ես բոլորին չէի նույնացնի իշխանության հետ, ես չէի սիրի իշխանությանը, նրա կողքին չէի լինի, բայց հոգուս դառնությունը չէի ուղղի այդ իշխանավորների ծագումնաբանական տարածքի ու դրա բնակիչների դեմ: Ես կհասկանայի, որ դա ոչ միայն ծիծաղելի է, այլեւ նողկալի, որ դա թույլի ու անճարակի հոգեբանություն է: Որպես հայ մտավորական, ես կնկատեի, որ «երեւանցի» ղեկավարին բերողը տեղաբնիկ վերնախավն էր, որ նրա ուղեգիծն իրականացնողների ջախջախիչ մեծամասնությունը տեղաբնիկ հայրենակիցներս են, որ տեղաբնիկ մտավորականությունն է ներբողներ ձոնում նրան, որ տեղաբնիկ շոու-աստղերն են նրա փառքը երգում, որ տեղաբնիկ քաղաքական ուժերն են վարձահրավիրվել սատարելու, որ տեղաբնիկ լրատվամիջոցներն են լվանում մեր իսկ ուղեղները, որ տեղաբնիկ գիտնականներն են նրա ուղեգիծը հիմնավորում, որ տեղաբնիկ գործարարներն անհամեմատ շատ են ու ապօրինի ավելի շատ արտոնություններ ունեն… Մի խոսքով՝ որ, ինչպես երգիծաբանն էր ասում՝ «միլիոններով բռակ ենք տվել»:
Կնկատեի ու կսարսափեի, կնկատեի ու չէի դիվայնացնի «երեւանցի» ղեկավարին, այլ կհասկանայի, որ նա էլ է զոհ՝ մեր իսկ բարքերի, մեր իսկ դարավոր «մենատնտեսական» հոգեբանության զոհն ու պրոդուկտը: Կհասկանայի, որ եթե ընդունեմ, որ երկու «երեւանցի» կարողացել են ճկել բազմադարյա քաջությամբ հայտնի իմ ժողովրդին, ապա ստիպված պիտի լինեմ ընդունել նաեւ իմ բազմադարյա փոքրոգությունը: Կհասկանայի այս ամենն ու կսարսռայի: Կսարսռայի՝ հասկանալով, որ «երեւանցիներից» ազատվելով՝ մենք չենք ազատվելու համազգային միասնության մեր մենատնտեսական ընկալումից, մեր հոռի բարքերից, մեր ստրկամտությունից: Կհասկանայի, որ մինչեւ ինքներս չփոխվենք՝ իշխանությունը չի փոխվի: Ու քամահրանքիս հասցեն կփոխեի:
Սրանք ընդամենը խոսքեր չեն: Որպես արցախաբնակ հայ մտավորական, քանիցս փորձել եմ իմ ուժերի ներածին չափ նպաստել, որ Արցախ աշխարհս ավելի քաղաքակիրթ լինի: Բայց եղած չնչին շանսն էլ միշտ շնչահեղձ է եղել ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով, ընդ որում՝ դա այդպես է եղել եւ՛ Տեր-Պետրոսյանի, եւ՛ Քոչարյանի օրոք, քանի որ Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ ձգտել է կառավարելի ու ձեռնասուն իշխանություն ունենալ Արցախում: Ամեն անգամ հույսերս թաղելուց կամ, ավելի ճիշտ՝ անթեղելուց հետո իմ ու նմաններիս մեջ երբեւէ ատելություն չի առաջացել ոչ միայն Մայր Հայաստանում ապրողների, այլեւ նույնիսկ ՀՀ ղեկավարության նկատմամբ, քանի որ տեսնում էի նաեւ այն լավը, որ արվել է Արցախ աշխարհիս համար: Ատելություն չի առաջացել, թեեւ բարեփոխման մեր փորձերն արժանացել են ոչ միայն ՀՀ իշխանությունների հակազդեցությանը, այլեւ հայաստանյան հանրության քար անտարբերությանը:
Ուստի անիմաստ է այսօր բողոքել կողմերից մեկի անտարբերությունից, քանի դեռ կա այդ արատավոր երեւույթը՝ կողմերը, քանի դեռ չենք հասկացել, որ մենք ոչ միայն նույն իրավաքաղաքական ու ֆինանսատնտեսական, այլեւ նույն դարդուցավի դաշտում ենք, նույն մարտահրավերների դեմ հանդիման ենք: Սա կարող է հասկանալ զտարյուն մտավորականությունը եւ հասկանալով հանդերձ՝ չլռել: Չլռել ու այսօրվա միջինվիճակագրական ատելությունը հանել մեջներիցս:
Այս պահին մեծ է հատկապես Արցախի մտավորականության անելիքը: Ի վերջո, հնարավոր չէ փախչել այն իրողությունից, որ Հայաստանում ողբերգություն է կատարվել, որն իրավացի-հանիրավի առնչվում է Արցախի հետ, իսկ առնչողներն էլ ոչ թե մեկ կամ տասը մարդ են, այլ հարյուր հազարավորներ: Այս պահին առավել համբերատարն ու սրտացավը, առավել հանդուրժողականն ու պատասխանատուն մենք պիտի լինենք: Որովհետեւ, թեեւ ցավը բոլոր հայերինս է, բայց առավել ցավեցնողը մեր ՀՀ-աբնակ եղբայրների վերքերն են, նրանք են տուժածը:
Չգիտեմ, թե կոնկրետ ես՝ Գեղամ Բաղդասարյանս, ինչով եմ մեղավոր այդ ամենի համար, բայց ես իմ ու ինձ նմանների անունից ներողություն եմ խնդրում իմ ՀՀ-աբնակ եղբայրներից ու քույրերից ու ասում նրանց՝ կիսում ենք ձեր ցավը: Ես իմ ու ինձ նման ազատ մարդկանց անունից ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու բարեկամներին, նաեւ բոլոր նրանց, ում հոգում զոհվել են հավատը, հույսն ու սերը: Ներողություն եմ խնդրում ձեզնից ու ներում եմ ձեզ՝ արցախցուս նկատմամբ հանիրավի ատելության համար: Դառնացած, վիրավոր հոգին նաեւ աչքերը պղտոր ու անարդար է լինում, եւ ո՞վ պիտի դա հասկանա, եթե ոչ եղբայրը:
Իսկ մենք եղբայրներ ենք բախտակից: Ու ինչ էլ լինի՝ կառուցելու ենք մեր երազած երկիրը, մեր ընդհանուր հայրենիքը: