Ամեն ինչ մեր ձեռքում է
Նախորդ հոդվածում («Լրագիր», 7.04.08, «Հայկական ժամանակ», 8.04.08) ես անդրադարձել էի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեւավորված նոր իրողություններին, մասնավորապես Պրահյան գործընթացի արդյունք հանդիսացող եւ 2007 թ. դեկտեմբերին Մադրիդում ներկայացված՝ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթից Ադրբեջանի փաստացի հետ կանգնելու պատճառներին:
Այսօր իսկապես նոր իրավիճակ է ստեղծվել ԼՂ խաղաղ գործընթացում՝ կարգավորման, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Հակամարտության ձգձգման յուրաքանչյուր օր ավելի անբարենպաստ զարգացումներ, միջազգային ֆոն է ստեղծելու մեզ համար: Այդ ամենը ուղեկցվելու է Ադրբեջանի կողմից կոշտացող մոտեցումներով, ռազմատենչ հռետորությամբ, միջազգային ասպարեզում Հայաստանի դեմ ուղղված նորանոր նախաձեռնություններով1 եւ առաջին հերթին՝ բանակցություններում ապակառուցողական կեցվածքով:
Ես նշել էի իմ տեսանկյունից Հայաստանի սակավաթիվ այն ռեսուրսները, որոնց օգտագործամբ, ի վերջո, կարող ենք հարկադրել Ադրբեջանին վերադառնալ առարկայական բանակցությունների, խոսել փոխզիջումների մասին: Դրանք են մեր ներքին համախմբումը, իրական ժողովրդավարության զարգացումը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչմանը հասնելուն ուղղված հստակ ծրագրի մշակումը, ակտիվ դիվանագիտական քայլերը:
Անցել է որոշ ժամանակ եւ կարելի է վերլուծել, թե ինչ ենք անում մենք այս ուղղությամբ, իսկ ամենակարեւորը՝ հաշվի առնելով միջազգային զարգացման միտումները, հատկապես մեր տարածաշրջանում, կոնկրետ ինչ կարող ենք մենք նախաձեռնել ամրապնդելու մեր դիրքերը բանակցային գործընթացում:
Թեեւ նախազգուշացմանը, որ Հայաստանը նման թուլացած իրավիճակում երբեք չի եղել՝ մեր խոցելիության աստիճանը գնալով խորանում է: Դրա վկայությունն են, մասնավորապես, ԵԽԽՎ եւ Ամերիկյան Կոնգրեսի կողմից անցկացված լսումներն ու դրանց արդյունքները, ինչպես նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից օրերս հրապարակած ահաբեկչության դեմ պայքարի զեկույցում տեղ գտած կոշտ գնահատականները՝ ՀՀ կառավարությանը:
Հարց է առաջանում, ինչո՞ւ պետք է մենք այնպիսի իրավիճակ ստեղծեինք մեր երկրում, որ թե՛ եվրոպական այս հեղինակավոր կառույցը, թե՛ ԱՄՆ Կոնգրեսն ու վարչակարգը այդպիսի կոշտ, երբեմն անհարգալից ձեւակերպումներով խոսեին մեր իշխանության եւ նրա ներկայացուցիչների մասին: Հայաստանը հայտնվել է այնպիսի վիճակում, որ այդ խիստ գնահատականները մեկնաբանելիս այսօր արդեն կոալիցիայի անդամներն են նշում, որ դրանք իրատեսական են եւ համարժեք: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, քվեարկելով քննադատությամբ լի բանաձեւի ընդունման օգտին, փաստորեն՝ ճանաչել են կոալիցիայի պատասխանատվությունը փաստաթղթում առկա գնահատականների եւ դրա դրույթների կատարման համար: Ի՞նչն էր մեզ խանգարում նախօրոք քայլեր ձեռնարկել, որ չլիներ մեր պետության նկատմամբ այդպիսի վերաբերմունք: Թե՞ մենք չենք գիտակցում այս գործընթացների բացասական հետեւանքներն ու կարծում ենք, որ սա անցնելու-գնալու է: Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք միջազգային հանրությանը, իսկ ավելի կարեւոր է՝ մեր ժողովրդին ապացուցելու, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու, իրավական պետություն կառուցելու, կանխատեսելի գործընկեր լինելու, միջազգային պարտավորությունները հարգելու մեր պետության ներկայացուցիչների կողմից բոլոր հրապարակային ելույթներում տրված խոստումները իրական են: Մի՞թե մեզ դրսից պետք է բացատրեն, որ ԵԱՀԿ անդամ 56 երկրից զարգացման համար ամենաանբարենպաստ պայմանները մերն են, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ամենացածր ցուցանիշներից մեկը Հայաստանում է (մի քանի անգամ ավելի ցածր, քան, օրինակ, նույն հետխորհրդային ճամբարից Բալթյան երկրներինը), ողջ Եվրոպայում միայն մենք ենք, դեռեւս միայն ահագնացող շրջափակման մեջ: Թե ինչ է այս ամենը նշանակում՝ կարելի է ներկայացնել մի այսպիսի պարզ օրինակով՝ 10-12 տարի առաջ Հայաստանը գտնվում էր զարգացման այնպիսի վիճակում, ինչպիսին էին Բուլղարիան, Ռումինիան, շատ ավելի կազմակերպված էին մեր պետական, ֆինանսական եւ հասարակական կառույցները, քան Մակեդոնիայում, Խորվաթիայում, Վրաստանում ու Ադրբեջանում: Այսօր առաջին երկուսը զգալի առաջ են ընկել՝ դառնալով ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամներ, մնացած երկրների հետ նույնպես մեր տնտեսությունը արդեն չի կարող համեմատվել, հատկապես հաշվի առնելով հեռանկարային հնարավորությունները: Եթե այս ամենի մասին չեն խոսում ամբողջական վերահսկողության տակ գտնվող եւ վախի մթնոլորտում ինքնագրաքննության մեջ կատարելագործված մեր բոլոր հեռուստաընկերությունները՝ դա չի նշանակում, որ հասարակությունն էլ դա չգիտի:
Կարծում եմ, գնդակը իշխանության դաշտում է, եւ իշխանությունն է պատասխանատու քայլեր անելու եւ ապահովելու Հայաստանի հեղինակության բարձրացումը ոչ միայն ներսում, այլեւ միջազգային ասպարեզում: Այսպես՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվելիք շուրջ 250 մլն դոլարի օգնությունը պարտադիր պետք է գա Հայաստան, որովհետեւ դրա տերը ոչ թե իշխանություններն են, այլ ժողովուրդը, եւ ոմանց պատճառով վերջինս չպետք է զրկվի այս նշանակալի ծրագրերի իրականացումից: Նույնը կարելի է ասել վերջերս խնդիրների առջեւ կանգնած Սփյուռքի եւ միջազգային կազմակերպությունների կողմից հովանավորվող գյուղական զարգացման ծրագրի մասին, որը նախատեսում էր հայաստանյան տասնյակ գյուղերի հիմնովին վերակառուցում:
Սակայն ավելի կարեւոր է ԱՄՆ, միջազգային հանրության կեցվածքը ԼՂ հարցի շուրջ ընթացող գործընթացներում՝ ոչ մեկի համար գատնիք չէ, որ մարտի 14-ին ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձեւին դեմ քվեարկելիս թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան եւ թե՛ Ռուսաստանը որեւէ ջանք չգործադրեցին, որպեսզի իրենց դաշնակիցներից2 որեւէ մեկն էլ քվեարկեր Հայաստանի օգտին: Սա մեր նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն է, որը միջազգային ասպարեզում դրսեւորվում է ոչ միայն բանաձեւերով, կոշտ արտահայտություններով եւ օգնության սառեցմամբ: Եթե մենք չկատարենք միջազգային հանրության հանձնարարականները՝ մեր նկատմամբ դիրքորոշումները խստանալու են, տեղափոխվելու են այլ ատյաններ՝ ավելի անբարենպաստ ֆոն ստեղծելու ԼՂ խաղաղ գործընթացում Հայաստանի դիրքերի համար: Ուզում եմ շեշտել, որ եթե Հայաստանը շարունակի վտանգել վստահելի գործընկերոջ իր համարումը, դա հղի է նորանոր բացասական հետեւանքներով: Ծայրահեղ անհրաժեշտություն կա վերականգնելու ներքին հավասարակշռությունը, հարգանքը մեր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին եւ հարգալից վերաբերմունքը ավանդական ժողովրդավարություններ կառուցած երկրների ներկայացուցիչների գնահատականներին3:
Այս ամենը մեզ կօգնի օգտվել Հարավային Կովկասում ընթացող բուռն զարգացումներից, որոնք ինչպես մտահոգիչ միտումներ ունեն, այնպես էլ լի են հնարավորություններով: Միջազգային հանրությունը որքան էլ կարող է թվալ խիստ ու պահանջկոտ, այնքան էլ այն շարունակում է իր խորը ներգրավվածությունը մեր տարածաշրջանում: Կարծում եմ, այլ հարցերի թվում, միջազգային հանրության (որի անբաժանելի մասն է նաեւ Ռուսաստանը) հիմնական աշխարհաքաղաքական մտահոգությունը՝ Հարավային Կովկասում հավասարակշռության՝ բալանսի պահպանումն է: Այսպես՝ չճանաչված հանրապետությունների հետ համագործակցության խորացմամբ Վրաստանի թուլացմանը ուղղված ՌԴ քայլերին անմիջապես հակադրվեցին ոչ միայն ԱՄՆ-ն՝ իր անվերապահ աջակցությամբ Թբիլիսիին4, այլեւ եվրոպական կառույցներն ու ԵՄ անդամ երկրները՝ առայժմ հայտարարություններով դրսեւորված կոնկրետ գործողություններով: Ռուսաստանն ինքը միանշանակ քաղաքականություն չի վարում, մասնավորապես, Վրաստանի ուղղությամբ ձեռնարկվեցին բարիդրացիական ուղղվածության քայլեր՝ վիզաների սահմանափակումների հանում, փոստային, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում, վրացական ապրանքների նկատմամբ արգելափակումների վերացում:
Հավասարակշռության հրամայականը առավել սրությամբ սկսում է դրսեւորվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների պարագայում: Մեր դիտարկած որեւէ ուժային բեւեռին այսօր ձեռնտու չէ կողմերից մեկի անվերահսկելի հզորացումն ու մյուսի խոցելիության խորացումը: Որքան էլ առաջին հայացքից անտրամաբանական թվա, անգամ Թուրքիան մեծ զգուշավորությամբ է վերաբերվում Ադրբեջանում նկատվող ինքնավստահության աճին, ինքնուրույնության աստիճան ունեցող արտաքին քաղաքական քայլերին: Վրաստանն ու Ռուսաստանը իրենց վրա են զգում Բաքվի համարձակ դրսեւորումների հետեւանքները եւ փաստում՝ այդ միտումի շարունակականության անցանկալիությունը: Նույնն է իրավիճակը նաեւ Իրանի պարագայում, որն ունի ադրբեջանական ինքնության «զարթոնքի» խնդիր երկրի ներսում, Կասպիցի կարգավիճակի վերաբերյալ վիճելի հարցեր: Թեհրանը նույնպես չափազանց անհանգիստ է Ադրբեջանի արտաքին քաղաքականության որոշակի կոշտ դրսեւորումներից:
Այս իրողությունների վերլուծությունը գործողությունների որոշակի դաշտ է բացում Հայաստանի համար: Արտաքին քաղաքական ճշգրիտ, հաշվարկված քայլերի դեպքում մենք ունենք բոլոր հնարավորությունները վերականգնելու խաթարված բանակցային գործընթացը եւ մեր դիրքերը: Եթե ներքաղաքական զարգացումները պահանջում են արագ, երբեմն ցեյտնոտային ռեժիմով քայլերի իրագործում, ապա ԼՂ խաղաղ գործընթացում վիճակը այսօր այլ է՝ այստեղ մենք կարծես, ոչ մեր կամքով, ունենք որոշակի ժամանակ նոր մարտավարություն մշակելու համար: Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի կողմից ձեռնարկված լրջագույն քայլերը ավտանգության ապահովման ուղղությամբ, կարծում եմ, որ հնարավոր է հստակ ծրագրի առկայության դեպքում որդեգրել նախաձեռնող եւ առավել ինքնավստահ կեցվածք՝ Ադրբեջանի հետ բանակցություններում:
ԼՂ հարցում հավասարակշռության վերականգնման մեջ շահագրգիռ թվարկված երկրներից կառանձնացնեի տարածաշրջանում հատուկ շահեր ունեցող Ռուսաստանին: Անառարկելի փաստ է, որ Ռուսաստանը վայելում է այլոց թվում ածխաջրածինների եւ հումքային այլ ռեսուրսների գների աննախադեպ աճով պայմանավորված արտաքին քաղաքականության նշանակալի ազատություն եւ հարաճուն ազդեցություն միջազգային ասպարեզում: Իր ռազմավարական ծրագրերի իրականացման համար Մոսկվան այսօր վտանգ է տեսնում արտաքին շուկաներ՝ Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի հումքային պաշարների արտահանման ծրագրերի նկատմամբ Արեւմուտքի կողմից ցուցաբերվող ուշադրության կապակցությամբ եւ փորձում է գտնել համարժեք պատասխաններ: Այստեղ է, որ մենք կարող ենք մեր դրական ներգրավվածությամբ մեր մասնակցությունը ունենալ Հարավային Կովկասում իրականացվելիք խոշոր ծրագրերում՝ եւ ոչ միայն Ռուսաստանի կողմից նախաձեռնվող:
Այս ամենի համար, ըստ իս, կա անհրաժեշտ պայման: Ակտիվ, նախաձեռնող դիվանագիտությունը կարիք ունի աջակցության երկրի ներսից՝ միայն ներքին հզորացման պայմանում այն կարող է լինել արդյունավետ:
Ավելի քան անհրաժեշտ է շուտափույթ քայլեր ձեռնարկել միջազգային հանրության կողմից ՀՀ-ի վերաբերյալ ընդունված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ես միանգամայն համաձայն եմ վերջին օրերին Հայաստանում ավելի հաճախ հնչող այն մտքին, որ երկխոսությունը, համարձակ քաղաքական որոշումների կայացումը առաջին հերթին մեզ է պետք: Չի կարելի ավելի թուլացնել հասարակության դիմադրողականությունը քաղաքական գործիչներին անազատության մեջ պահելով, սփռման մեծ դաշտ ունեցող հեռուստաընկերությունների՝ տեղեկատվության ազատ հոսքը զսպելու քաղաքականությամբ, ոստիկանության կողմից ապօրինի սահմանափակումների գործադրմամբ: Մենք պետք է ստեղծենք ազատ, հրապարակային բանավեճի հնարավորություն, ուր ասպարեզ կգան հասարակության հարգանքը վայելող քաղաքական, տնտեսական նոր գործիչներ, ուր կհնչեն նոր մոտեցումներ եւ գաղափարներ՝ հարստացնելով հենց իշխանության գաղափարական զինանոցը՝ արդյունավետ դիմագրավելու այսօրվա եւ առաջիկա մարտահրավերները: Արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորմանը կնպաստի Հայաստանի ապագայի մասին հստակ տեսլական ունեցող, եվրոպական՝ այսինքն համամարդկային արժեքներ դավանող, ժամանակակից մտածելակերպի տեր մասնագետների ներգրավումը առանցքային դիրքերում: Իշխանությունն էլ պետք է հնարավորինս արագ ձերբազատվի բոլոր այն խոչընդոտներից5, որոնք սահմանափակելու են իր ազատությունը արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար:
Շահեկան դիրքերը վերականգնելու համար կա միայն մեկ ճանապարհ եւ այդ ճանապարհի քարտեզը մեզ տրվել է՝ ցավոք այն մշակվել է ոչ թե Երեւանում, այլ ստրասբուրգներում եւ վաշինգտոններում: Եթե մենք այս անգամ էլ փորձենք իմիտացիա անել, կարող ենք կորցնել ամեն ինչ:
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
1. Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ապրիլի 23-ին ԵԽ նախարարների կոմիտեին ներկայացված Ադրբեջանի մասին զեկույցում, ԵԽՆԿ մոնիտորինգի Ագոյի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է համարում մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցած ադրբեջանանպաստ բանաձեւը:
2. Օրինակ, Ֆրանսիան ի վիճակի էր ապահովել որոշ ԵՄ եւ Աֆրիկայի շատ երկրների աջակցությունը, էլ չենք խոսում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հեղինակության մասին ՄԱԿ-ում:
3. Միջազգային հանրության պահանջները տարբեր շրջաններում արհամարհող ոչ Բելառուսը, ոչ էլ Ուզբեկստանն ու Զիմբաբվեն չունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նման արագ զարգացող եւ քեզ թուլացած տեսնել ցանկացող հարեւաններ, որոնք անհամբեր սպասում են հարմար առիթի՝ գրոհելու (առայժմ դիվանագիտական ասպարեզում) համար:
4. Վրաստանի նախագահի այց Վաշինգտոն, Փոթի ազատ գոտու ստեղծման ուղղությամբ ծրագրված խոշորագույն ներդրումներ, ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ խոստումներ:
5. Առաջին հերթին նկատի ունեմ ԵԽԽՎ վերջին բանաձեւում նշվածները: