Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Մայիս 03,2008 00:00

«Բանվորն ու կոլտնտեսուհին» «կհեռանան»

\"\"Ինչպես Հայաստանում են շատ արձաններ ավելորդ ու ժամանակավրեպ համարվում եւ ապամոնտաժվում, նույնն էլ կատարվում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, մասնավորապես՝ Ռուսաստանում:

Օրինակ, Վերա Մուխինայի «Բանվորն ու կոլտնտեսուհին» հանրահայտ հուշարձանը այս տարվա վերջին կվերանորոգվի: Մոսկվայի մշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանության բաժնից այս մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Ա. Զոլոտուխինան: Ըստ «Ռիա-Նովոստիի», նա նաեւ հայտարարել է, որ դա չի նշանակում, թե «Բանվորն ու կոլտնտեսուհին» կրկին քաղաքային պեյզաժի մաս կդառնան. «Այս հուշարձանը սոցռեալիզմի էտալոն էր՝ կառուցված 1935-1937թթ: Նպատակն էլ եղել է 1937թ. Փարիզի միջազգային ցուցահանդեսում ԽՍՀՄ-ի տաղավարը «զարդարելը»:

Նշենք, որ սկզբում 24,5 մետրանոց քանդակը ունեցել է 30 մետրանոց պատվանդան, իսկ Մոսկվայում այն տեղադրել են 10 մետրանոցի վրա: Այժմ քննարկումներ են ընթանում, թե որտեղ պետք է տեղադրվի Ստալինի սիրելի «Բանվորն ու կոլտնտեսուհին» եւ արդյո՞ք պարտադիր է, որ քանդակը շատ վերեւից «նայի» հանրությանը:

Նկար՝ նկարի մեջ

The Times-ի տեղեկացմամբ, Բրիսթոլի համալսարանի սաները Թյուդորյան ժամանակաշրջանի կտավներից մեկում ռենտգենյան ճառագայթների միջոցով հայտնաբերել են Շեքսպիրի հովանավորներից մեկի՝ կոմս Հենրի Ռիզլիի դիմագծերը: Մասնագետների հավաստմամբ, անգլիացի բանաստեղծը մի քանի սոնետ է ձոնել գեղեցկադեմ կոմսին:

Ռիզլիի դեմքը հայտնաբերվել է նրա տիկնոջ՝ Էլիզաբեթ Վերնոնի դիմանկարի վրա: Ինչպես վերը նշվեց, նկարի գաղտնիքն էլ բացահայտել են Սոմերսեթ կոմսությունում օրերս բացված ցուցահանդեսի վրա աշխատող ուսանողները:

Ռիզլին՝ Ելիզավետա Առաջինի ֆավորիտը, ժամանակին քաղաքական պատճառներով բանտարկված է եղել: Հետագայում նրան ազատ է արձակել Շոտլանդիայի արքա Ջեյմս 6-րդը: Մասնագետների կարծիքով, Շեքսպիրի այն սոնետները, որոնցում ջերմ սիրով խոսվում է սպիտակամաշկ ընկերոջ եւ թուխ լեդիի մասին, վերաբերում են հենց Ռիզլիին եւ նրա կնոջը՝ Էլիզաբեթին:

Լեսբոսցիների դատը

Հունական Լեսբոս կղզում հունարեն հրատարակվող «Davlos» (ջահ) ամսագրի խմբագիր Դիմիտրիս Լամբրուն դատի է տվել Հունաստանի արվամոլների ու լեսբուհիների խոշորագույն մի ասոցիացիայի՝ նրանց կողմից lesbian բառը արգելելու պահանջով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Լամբրուն կարծում է, որ այդ բառը վիրավորում է իսկական արվամոլներին ու լեսբուհիներին, որովհետեւ lesbian-ը թարգմանաբար նշանակում է լեսբոսցի, այսինքն՝ Լեսբոս կզզու բնակիչ: Հիշեցնենք, որ Լեսբոսում է ծնվել անտիկ սիրերգու Սապֆոն, որը մ.թ.ա. 6-րդ դարում աղջիկների վարժարան հիմնադրեց: Ասում են, նա երբեմն սիրահարվում էր իր աշակերտուհիներին, այստեղից էլ լեսբոսության մյուս անվանումը՝ «Սապֆոյի արատ»: Լամբրուն համոզված է, որ Սապֆոն ավանդական կողմնորոշում է ունեցել, քանի որ ոչ միայն ամուսնացել ու դուստր է ունեցել, այլեւ ինքնասպան է եղել մի տղամարդու հետ սիրային խնդիրների պատճառով:

Աստղային հաճույքներ

Ըստ vazhno.ru-ի, Ալլա Պուգաչովան օրերս մեկնել է միլիոնատերերի քաղաք՝ Բադեն-Բադեն եւ իջեւանել Brenners Park-Hotel &Spa-ի լավագույն հյուրանոցներից մեկի նախագահական համարում: Հյուրանոցում պրիմադոննան գրանցվել է ոչ թե Պուգաչովա, այլ Պոգոդինա՝ հավանաբար գաղտնի մնալու համար: 4 օր Գերմանիայում նա անցկացրել է միայնության մեջ, հասցրել 30000 եվրո «մսխել» կազինոյում, այնուհետեւ այցելել ուղղափառ եկեղեցի, վերջում էլ մեկնել Ցյուրիխ՝ Մաքսիմ Գալկինի ծննդյան տարեդարձը նշելու համար: Պուգաչովայի նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը եւս այս օրերին մեծ ծախսեր է արել իր հերթական սիրեցյալի համար: Ըստ ռուսական «Քո օրը» թերթի, Ֆիլիպը ուկրաինացի երգչուհի Անի Լորակի համար Ռոբերտո Կավալիի զգեստների հավաքածուից $200000-ով բացառիկ նմուշ է գնել, որով աղջիկը պիտի հանդես գա «Եվրատեսիլում»: Կավալին, որը Ֆիլիպի մտերիմն է, իսկ Ֆիլիպն էլ դիզայների ապրանքանիշի գովազդային դեմքը, նախ լսել է Անիի երգը, հետո միայն որոշել, թե ինչ զգեստ է հարկավոր նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել