Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները նոր տոներ են ուզում

Մայիս 03,2008 00:00

\"\"Ցանկանում են, որ լինեն Արդարության, Հայերի, Ուրախության եւ Հայրության տոներ եւս

«Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում, պարզելու, թե ի՞նչ տոներ գիտեն, գո՞հ են, արդյոք, դրանց նշելու ձեւից: Երեխաների ուղղամիտ պատասխաններից պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ գոհ չեն: «Հատկապես քաղաքում մի տեսակ ուրախ չենք նշում տոները: Գյուղերում ավելի հետաքրքիր է: Երեւի նրանից է, որ այնտեղ ինչ-որ չափով պահպանվել են ավանդույթները: Օրինակ, Վարդավառի տոնը հոյակապ է նշվում Երեւանից դուրս»,- ասաց թիվ 131 դպրոցի աշակերտուհի Սոսի Կիրակոսյանը:

«Կուզեի, որ հոգսաշատ մեծահասակները գոնե տոնական օրերին մոռանային իրենց խնդիրների մասին: Օրինակ՝ ես ինձ ավելի լավ կզգայի, եթե ծնողներիս անհոգ տեսնեի»,- նշեց թիվ 89 դպրոցի աշակերտուհի Անի Մինասյանը:

Թիվ 60 դպրոցի աշակերտ Ալբերտ Հովհաննիսյանն առաջարկեց. «Թող դպրոցներում տոնագիտություն առարկա դասավանդվի, որ կարողանանք ուսումնասիրել ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս երկրների տոները: Շատ տոներ կան, որոնց մասին տեղյակ չենք, ինչպե՞ս նշենք դրանք»: Աշակերտները գիտեին Մայիսի 1-ի մասին եւ նրանց մեծամասնությունը իրեն արժանի աշխատավոր համարեց: Օրինակ՝ թիվ 131 դպրոցի աշակերտուհի Արփի Կիրակոսյանը նկատեց. «Այն, որ գնում եմ դպրոց եւ ամեն օր տնային աշխատանքներ եմ կատարում, աշխատանք չէ՞: Բայց մեզ, չգիտես ինչու, աշխատավոր չեն համարում: Ցավոք, Մայիսի 1-ն էլ տոնական «դարձավ» միայն նրանով, որ ոչ աշխատանքային էր: Համերգներ եւ հետաքրքիր միջոցառումներ համարյա չկային: Այնինչ, լավ կլիներ, որ յուրաքանչյուր համայնք ընտրեր իր ամենալավ աշխատավորին եւ կլորիկ գումարով պարգեւատրեր նրան»: Թիվ 89 դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մինասյանը բնութագրեց հայերին՝ տոներ նշելիս. «Մեր ուրախությունը հիմնականում գոռգոռալու, ճոխ սեղաններ գցելու, բնությունը աղտոտելու մեջ է արտահայտվում: Օրինակ՝ Նոր տարվան մի 10 օր պատրաստվում ենք, հոգնում ու տոնական գիշերը պառկում ենք քնելու: Ճիշտ է, Մարտի 8-ին եւ Ապրիլի 7-ին տղամարդիկ կանանց նվերներ մատուցում են, սակայն հաջորդ օրն այնպես են ջղայնացնում, որ մեկ օր առաջ պարգեւած հաճույքը այլեւս մոռացվում է: Երեխաների պաշտպանության օրն էլ խոսում են փոքրիկների պաշտպանված եւ անհոգ լինելու մասին, այնինչ, հենց այդ օրը կարելի է հանդիպել մուրացիկ, փողոցում անտեր թողնված բազում երեխաների»:

Աշակերտները հիշեցին Հաղթանակի, ՀՀ Առաջին Հանրապետության հռչակման տոները, Ուսուցչի օրը: Առաջին երկուսի մասին շատ տեղեկություններ չունեին: Ուսուցչի օրվա կապակցությամբ էլ թիվ 186 դպրոցի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ասաց. «Այդ օրը լավ կլիներ միջոցառումներ կազմակերպվեին: Թե չէ՝ միայն նվերներ ենք անում»: «Առավոտը» հետաքրքրվեց, թե աշակերտներն ի՞նչ տոն կուզեին լիներ, որ այժմ չկա: «Թող լիներ արդարության տոն, եւ գոնե այդ օրը մարդիկ չխաբեին իրար»,- ասաց Արփի Կիրակոսյանը: «Մայրության տոն կա, թող հայրության էլ լինի ու անպայման հայտարարվի ոչ աշխատանքային օր: Իսկ որպես նվեր՝ թող կանայք հաջորդ օրն իրենց ամուսինների փոխարեն աշխատանքի գնան»,- նշեց Սոսի Կիրակոսյանը:

Թիվ 112 դպրոցի աշակերտ Հայկ Համբարձումյանն էլ ասաց. «Երանի լիներ հայերի տոն: Այդ օրը թող ցանկացած երկրում ապրող հայերը հնարավորություն ունենային տվյալ պետության փողերով տոմս գնել եւ մեկ օրով գալ Հայաստան: Իսկ Հայաստանի բոլոր փողոցներում թող սեղաններ գցված լինեին, որ ուտեինք-խմեինք»: Լիլիթ Մինասյանն էլ ցանկացավ. «Թող ուրախության տոն լիներ, եւ այդ օրը ամեն մեկը գոնե մեկ լավ գործ կատարեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել