Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՈՒԿ ԳՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»

Մայիս 03,2008 00:00

\"\"Ակադեմիայի միջոցներից դժգոհեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը

«Առաջին դեպքն է, երբ հանրապետության նախագահն ու վարչապետը միասին էին ներկա մեր ժողովին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է իշխանության տարբեր թեւերի մոտ»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Բանախոսի կարծիքով, Սերժ Սարգսյանի քննադատությունը՝ կապված նշանակությունը կորցրած գիտական աստիճանաշնորհման ու կոչումների հետ, միանգամայն տեղին էր: «Մեզ մոտ գիտական թեզեր շատ են պաշտպանում նույնիսկ գիտության այն բնագավառներում, որոնք, ըստ էության, այդքան զարգացած չեն: Հայաստանում տարին 600 թեկնածուական թեզ է պաշտպանվում: Այս տարի 106-ը տնտեսագիտության ասպարեզում էր, եւ դա այն պայմաններում, երբ մեր տնտեսությունն այնքան էլ հզոր չէ: Երբեմն թեկնածուականը երիտասարդների համար բանակից խուսափելու ճանապարհ է, ինչը նկատեց նաեւ նախագահը… Նա հարցնում էր, թե ինչո՞ւ աղջիկները չեն դիմում ասպիրանտուրա: Նշեմ, որ նրանք եւս դիմում են, բայց հիմնականում՝ հեռակա ուսուցմամբ»,- արդարացավ Ռ. Մարտիրոսյանը: Անդրադառնալով գիտնականների բողոքներին՝ կապված ֆինանսների բացակայության հետ, ու նախագահի այն պատասխանին, թե կառավարությունը սոցապ նախարարություն չէ, բանախոսն ասաց. «Ես էլ եմ համաձայն, որ կառավարությունը սոցապ նախարարություն չէ, բայց մյուս կողմից էլ գիտությունը այն ոլորտն է, որը պետք է լինի երկրի հովանավորության ներքո»:

«Առավոտի» հարցին, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհեց, թե չկան գիտնականի վաստակի ու վարկանիշի չափանիշներ, եւ ե՞րբ են դրանք մշակվելու, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ վարկանիշը դուք պետք է ստեղծեք: Ցավոք, գիտական աշխատանքի եւ գիտնականի վարկանիշը Հայաստանում ամենացածրն է: 20-25 տարի առաջ, եթե ընտանիքներում կար գիտությունների թեկնածու, դա այդ ընտանիքների պարծանքն էր, իսկ այսօր ընտանիքում եթե 10 գիտությունների թեկնածու էլ ունենաք, առանձնապես պարծանք չի լինի: Փոխարենը սեփական մի խանութով շատ կպարծենան: Երկիրը գոնե պիտի գիտությամբ զբաղվող մարդու նվազագույն սոցիալական խնդիրները լուծի: Այսօր մեր երիտասարդները գիտություն չեն գալիս, որովհետեւ պետական ծառայողների մեջ ամենացածր աշխատավարձը ստանում են գիտության աշխատողները: Իսկ երիտասարդներն, ավարտելով ասպիրանտուրան, մեր գիտական հիմնարկներում հմտանում ու գնում են միջազգային կազմակերպություններում կամ արտասահմանում աշխատելու, որովհետեւ այնտեղ նրանց գիտելիքները բարձր են գնահատվում: Մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, պետք է գիտական աշխատանքը գրավիչ դարձնենք, ինչը պայմանավորված է ե՛ւ նյութական, ե՛ւ բովանդակային առումով»:

ԳԱԱ նախագահն անդրադառնալով թերթերից մեկում հրապարակված այն ինֆորմացիային, թե ինքը Տիգրանյան կեղծանունով «ԿԳԲ»-ի գործակալ է, պատասխանեց. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ից հեռացվել է իմ հրամանով եւ արդեն 14 տարի է՝ նա իմ մասին ինչ կեղտ ասես չի տարածում: Ես երբեւէ նրա թերթում տպագրված հոդվածներին չեմ արձագանքել, հիմա նույնպես չեմ պատրաստվում»:

Դառնալով հայ գիտնականների որակական հատկանիշներին, Ռ. Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ մեր գիտնականների կարողությունները շատ բարձր են, բայց գիտության հենքը հանդիսացող լաբորատորիաները, նյութերն ու կենդանիները, որոնցով աշխատում են գիտության ենթակառուցվածքները, նվազ են: Նրա կարծիքով, պետական որոշ չինովնիկներ գիտության դերը սխալ են հասկանում. «Նրանց հասկացողությամբ՝ գիտությունը մեր տնտեսությանը ոչինչ չի տալիս: Մեր մասին էլ ասում են՝ դրանք ի՞նչ են անում, որ… Ախր գիտության արդյունքը երկու միավորից է կախված՝ նոր գիտելիքի ստեղծում եւ այն տնտեսության մեջ օգտագործում»: Ռ. Մարտիրոսյանը երեկ նաեւ հայտնեց, որ առաջիկայում ստեղծվելու է մի կառույց, որտեղ կաշխատեն Սփյուռքի լավագույն գիտնականները. «Նրանք կդառնան ակադեմիայի արտասահմանյան անդամներ, բայց պայմանով, որ ամեն տարի մասնակցեն ԳԱԱ-ի տարեկան ժողովին, հանդես գան իրենց գիտական հաղորդումներով եւ հանդիպեն գիտության կառույցների աշխատողների հետ: Արդեն 100-ից ավելի գիտնականներ արձագանքել են նախաձեռնությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել