Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեխիղճ գնորդին վտարում են իր բնակարանից

Մայիս 03,2008 00:00

Պատճառը բնակարանի նախկին սեփականատիրոջ մորեղբոր որդու արարքն է, ինչն ուղղակիորեն անդրադարձել է նոր սեփականատիրոջ վրա:

Սոնա Սրմաբեկյանը հանդիսացել է Երեւանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 26 բնակարանի սեփականատերը: Նրա մորեղբոր որդին՝ Ռաֆայել Ավժյանը, հանցավոր համաձայնության գալով Ալեքսանդր Համբարձումյանի հետ, կեղծ լիազորագրով նշված բնակարանը 05.11.2004թ. վաճառել է Վարդուհի Մանուկյանին: Կատարած արարքի համար Ռ. Ավժյանը եւ Ա. Համբարձումյանը ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 23.10.06թ. դատավճռով մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել են ազատազրկման: Նախաքննության ընթացքում քննիչի կողմից արգելանք է դրվել նշված բնակարանի վրա:

2006թ. դեկտեմբերի 20-ին Շենգավիթի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ն. Հովսեփյանի նախագահությամբ, քննվեց Սոնա Սրմաբեկյանի հայցն ընդդեմ Վարդուհի Մանուկյանի՝ առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, գույքը ետ պահանջելու եւ այն արգելանքից հանելու պահանջի մասին: Պահանջի դեմ առարկելով, Վ. Մանուկյանը նշել է, որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի համաձայն եւ ինքը չէր կարող ենթադրել, որ նոտարական գրասենյակում վավերացված պայմանագիրը կարող է կեղծ լինել: Բացի դա, բնակարանը զբաղեցնելուց հետո այն բազմիցս վերանորոգել են, կատարել են վճարումներ եւ գազիֆիկացրել: «Ես բարեխիղճ ձեռքբերող եմ, որեւէ խախտում գնման պահին թույլ չեմ տվել»,- հայցը մերժելու խնդրանքով դատարանում հայտարարել է Վ. Մանուկյանը:

Սակայն դատարանը հայցը բավարարել է: Անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը եւ արգելանքը հանելով՝ բնակարանը վերադարձրել Ս. Սրմաբեկյանին:

2007թ. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը նույնպես հայցը բավարարել է: Իսկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը 2007թ. օգոստոսի 30-ին կայացրել է վտարման վճիռ: Այս օրերին ԴԱՀԿ աշխատակիցները Վ. Մանուկյանից պահանջում են ինքնակամ լքել բնակարանը, հակառակ դեպքում սպառնում են դա անել հարկադրաբար: «Առավոտի» հետ զրույցում Վարդուհու մայրը՝ Աղավնի Մարգարյանը նշեց, որ բնակարանը գնել են 6500 ԱՄՆ դոլարով, 1 մլն դրամի էլ վերանորոգման աշխատանքներ են կատարել: Նա բազմիցս դիմել է կառավարություն, սակայն նրան հորդորել են դիմել դատարան, իսկ ապրիլի 18-ին էլ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանելով քաղաքացու նամակին, խորհուրդ է տվել օրենքով չարգելված միջոցներով պաշտպանել իր իրավունքները: «Այդ բնակարանում ապրել է նաեւ 28-ամյա տղաս, որը հուսահատվելով անօրինություններից, օրերս լքեց Հայաստանը եւ մեկնեց Ռուսաստան, նույն ճանապարհը պատրաստվում է բռնել նաեւ աղջիկս: Օրինական բնակարան ենք գնել, բայց այսօր մեզ վտարում են այնտեղից: Մեր իրավունքներն ո՞վ պիտի պաշտպանի»,- հուսահատ հայտարարեց Ա. Մարգարյանը:

Եվս մեկ փաստ. առուվաճառքի պայմանագրում նշված է, որ «սույն պայմանագիրը վավերացված է իմ՝ ՀՀ Կենտրոնի նոտարական տարածքի նոտար Ա. Պ. Մելքոնյանիս կողմից», սակայն անհասկանալիորեն պայմանագիրը կնքել եւ ստորագրել է մեկ այլ նոտար՝ Ելենա Սարգսյանը:

Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ աշխատակիցները Վ. Մանուկյանին վերջնաժամկետ են ներկայացրել՝ նա բնակարանը պիտի ազատի մայիսի 9-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել