Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ»

Մայիս 03,2008 00:00

Ասում են իշխանական երիտասարդներն ընդդիմադիր լիդերներին

Մեկ-երկու ամսից լրանում է Հայաստանի երիտասարդական կուսակցության հիմնադրման տասնամյակը: Տասնամյակի նախօրեին կկայանա կուսակցության համագումարը, որտեղ նախատեսվում են ծրագրային լուրջ փոփոխություններ: Դրանց մասին, սակայն, կուսակցության նախագահ Վահան Բաբայանն առայժմ լռում է: Միայն ասում է, որ վերանայելու են Ռուսաստանի հետ հարաբերություններում կուսակցական պատկերացումները: ՀԵԿ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը գտնում էր, որ առաջիկայում Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է ընդհանուր միության մեջ լինեն. «Ես կողմնակից եմ մնում Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը, բայց դրանք պետք է լինեն միայն գործընկերային: Բացառում ենք ընդհանուր միության ստեղծումը, առավել եւս՝ ընդհանուր ֆինանսական գոտի ստեղծելը»: Խստացվելու են ներքաղաքական հարցերում կուսակցության մոտեցումները. «Երկրում կարգ ու կանոն պիտի լինի, իշխանությունը ուժեղ պիտի լինի»,- ասում է երիտասարդ քաղաքական գործիչը, որի ղեկավարած կուսակցությունը անցած նախագահական ընտրություններում պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀԵԿ-ում լուրջ հավակնություններ ունեն աշնանը Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Մասնավորաբար, թեկնածություններ են առաջադրելու բոլոր խոշոր համայնքներում եւ այսօր արդեն հայտարարում են, որ իրենց թեկնածուները լուրջ այլընտրանք կլինեն: Արդյոք իրենց ուժերը չե՞ն գերագնահատում՝ դիտարկմանը Վահան Բաբայանը հակադարձում է. «Երիտասարդությունը ժամանակ չունի սպասելու, մտածելու. շատ շուտով գալու է մի ժամանակ, երբ պատասխանատվության բեռը մեր ուսերին է ընկնելու: Մենք պետք է փորձենք մեծ եւ արժանի հավակնություններ դրսեւորել»: ՏԻՄ ընտրություններով գրանցած հաղթանակներով ՀԵԿ-ը նախապատրաստվելու է հաջորդ խորհրդարանական ընտրություններին: «Սա՞ է լինելու Սերժ Սարգսյանին սատարելու գինը»՝ «Առավոտի» հարցին Վահան Բաբայանն ասում է. «Մենք Սերժ Սարգսյանին չենք սատարել պաշտոններ ստանալու համար. կուսակցության մեծամասնությունը գտնում է, որ ծրագրերը, որոնք մենք պատկերացնում ենք, կարող է կյանքի կոչել նա»: Հետեւաբար, ՀԵԿ-ը հիմնականում ողջունում է նոր կառավարությանը՝ իր ծրագրով հանդերձ, ՕԵԿ-ական վերապահումներով: Մասնավորապես՝ ձեռնպահ են մնում կարծիք հայտնել կապի եւ տրանսպորտի՝ հանրությանն անհայտ նոր նախարարի մասին: Փոխարենը քննադատաբար են վերաբերվում ՕԵԿ-ական մյուս՝ արտակարգ իրավիճակների նախարարին. «Մենք գտնում ենք, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի մարդ, ով համազգեստ է կրել, ուսադիրներ է ունեցել: Այդ գեներալական պաշտոնին պետք է լինի ճանապարհ անցած գեներալ, որովհետեւ դա քաղաքական պաշտոն չէ»: Գտնում են, որ վարչապետն անելիքներ ունի գնաճը զսպելու եւ այդքանով հասարակությունում առկա լարվածությունը մեղմելու գործում: Միաժամանակ, ողջունում են մաքսային եւ հարկային ոլորտներում խստացումներին ուղղված նախագահի քայլերը՝ համոզված, որ դրանք հանրությանն օգտակար են լինելու: Եվ իբրեւ երիտասարդ գործիչներ՝ գտնում են, որ երիտասարդական քաղաքականությունը թերի է, ու իրենք անելու են ամենը, որպեսզի առավել լուրջ ուշադրության արժանանան երիտասարդներն իրենց խնդիրներով:

Իբրեւ իշխանության ժառանգորդներ՝ ՀԵԿ-ում կողմ են Հայաստանի կայունությանն ու առաջընթացին եւ դեմ են «պետականության հիմքերը խարխլող» նախաձեռնություններին ու գործունեությանը՝ ի դեմս առաջին նախագահի եւ նրա թիմի: Հետեւաբար երիտասարդները ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի նախընտրական եւ հետընտրական կեցվածքին ըմբռնումով են մոտենում. «Երկիրը կանգնած էր ցնցումների առջեւ, եւ նրանց այդ քայլով հնարավոր եղավ դա կանխել: Իրենց էլեկտորատի խնդիրն է՝ դա հասկանա՞լ, թե՞ չհասկանալ: Մյուս խորհրդարանական ընտրություններում նրանց ընտրազանգվածն իր կարծիքը կարտահայտի՝ լիդերների ճիշտ կամ սխալ պահվածքի մասին: Դատողը ես չպիտի լինեմ: Ես ոչ ՀՅԴ-ին եմ ընտրել, ոչ էլ ՕԵԿ-ին, ես ընտրել եմ Սերժ Սարգսյանին ու պարզ ճակատով ամեն ինչ կանեմ՝ օգնելու համար, որ այս ատելության մթնոլորտը դուրս գա երկրից: Բոլորս հայ ենք, քաղաքական հայացքների համար չպիտի թշնամանանք միմյանց հետ: Վատ չէր լինի, որ ընդդիմադիր ուժերն էլ մարտի 1-ից առաջ համաձայնության գային, ավելի շահած դուրս կգայինք իրավիճակից: Մեր ավագ սերունդը պետք է հասկանա, որ ժառանգելով այն շփման կուլտուրան, որ այսօր կա՝ ապագայում շատ դժվար է լինելու աշխատել, որովհետեւ այսօրվա լարվածությունը, փոխադարձ վիրավորանքները բերելու են շատ լուրջ խնդիրների: Պետք է օրինակ վերցնել Սերժ Սարգսյանից, ով իր հայտարարություններով ոչ ոքի չի վիրավորել: Մինչդեռ հակառակ ճամբարում հակառակն է եղել. մենք խոսում ենք միասնությունից հրապարակներում, բայց իրար հայհոյում ենք աթոռների համար»,- իրեն իրավունք վերապահելով ընդդիմության լիդերներին խորհուրդներ տալ՝ երիտասարդ այս գործիչը շարունակում է իշխանական հայտնի երգը՝ թշնամիների ջրաղացին ջուր լցնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել