Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սփյուռից» գողացե՞լ են

Մայիս 03,2008 00:00

Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ իրենց ինֆորմացիան անօրինական արտատպում են

Նորաստեղծ www.abc.am հայտարարությունների կայքն իրեն ավելորդ նեղություն չի տվել եւ ինֆորմացիա հավաքելու համար դիմել է հեշտ միջոցի: «Սփյուռ» տեղեկատուի կայքէջի բազայից, այսպես ասած, copy-paste է արել մի շարք ֆիրմաների մասին տեղադրված գրեթե ողջ ինֆորմացիան՝ խախտելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

«Մենք դեռ տարիներ առաջ ենք դիմել Հեղինակային իրավունքի ազգային կենտրոն, որպեսզի իմանանք, թե ինչպես կարող ենք պաշտպանել մեր իրավունքները, ինչպես գրանցվենք, որպեսզի մեզ չարտատպեն, եւ խուսափենք գրագողությունից: Կենտրոնից վստահեցրին, որ եթե կայքէջում պարզապես նշվի «Copyright» բառը եւ «սփյուռ» անունը, մենք պաշտպանված կլինենք: Ցավոք, այդ բառը չապահովագրեց գողությունից, բայց գոնե դատարանում հեշտ կլինի ապացուցելը, որ մեզանից են գողացել»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց «Սփյուռի» գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքերով, իրենց կայքից ցանկացած հատվածի եւ ինֆորմացիայի վերարտադրումը եւ տարածումը պետք է կատարվի միայն «Սփյուռի» թույլտվությամբ: Ապացուցելու համար, որ «abc.am»-ն իրոք գրագողություն է արել, Ա. Գրիգորյանը մեզ ցույց տվեց իրենց կայքում եղած այն վրիպակները, որոնք իրենք դիտավորյալ չեն շտկում: Համեմատելով երկու կայքերը՝ նկատեցինք, որ նույն վրիպակները կային նաեւ «abc.am»-ում: Բացի այդ, «Սփյուռի» կայքում զետեղված ֆիրմաների հասցեները գրվում են առանձնահատուկ, նշենք, որ հասցեները նույն կերպով տեղ էին գտել «abc.am»-ի կայքէջում: Ա. Գրիգորյանի խոսքերով՝ «մենք մեծ աշխատանք ենք տարել, որ այդ ֆիրմաների հետ պայմանագրեր կնքենք, նրանք ի վերջո մեզ վճարում են ինֆորմացիան տեղադրելու համար»:

Երբ «Սփյուռի» տնօրինությունը «abc. am»-ին զգուշացրել է, որ դա գրագողություն է, նրանց պատասխանել են, որ իրենք այդ ողջ ինֆորմացիան ինքնուրույն են հավաքում եւ պայմանագրեր կնքում: Ա. Գրիգորյանը, հավաստիանալու համար, որ «abc.am»-ը օրենք չի խախտում, դիմել է իրենց մի քանի բաժանորդներին: Վերջիններս վստահեցրել են, որ իրենք «abc.am»-ի հետ չեն համագործակցում, որոշ ընկերություններ էլ դժգոհել են, որ «abc.am»-ում տեղադրված ինֆորմացիան արդեն հնացած է: Մեր հարցին, թե ինչո՞ւ է «abc.am»-ը նման քայլի դիմում, քանի որ, ըստ էության, այդ ֆիրմաները նրան չեն վճարում, պարոն Գրիգորյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ունենք գրանցված մոտ 2500 ընկերություն: Փաստորեն, այդ կայք այցելողները պետք է մտածեն, որ սա սոլիդ եւ կայացած ֆիրմա է, այլ ոչ թե ընդամենը 2 ամսվա: Հետեւաբար, կհամաձայնեն այդ կայքում վճարովի ինֆորմացիա տեղադրել: Մեկ այլ հանգամանք էլ կա՝ արդեն կայքում տեղադրված ֆիրմաների տնօրենների մոտ կգնան ու կասեն՝ այսքան ժամանակ անվճար ենք դրել, դե հիմա վճարեք, որ թարմացնենք ու ավելացնենք տեղեկատվությունը, բացի այդ, բավականին մեծ քանակությամբ գովազդ կհավաքեն»:

Ա. Գրիգորյանի հավաստմամբ՝ հարցը կարգավորելու համար պատրաստվում են դիմել դատարան, ինչի մասին տեղյակ են պահել նաեւ «abc.am»-ի տնօրենին, որն էլ խնդրել է մի քիչ սպասել, ասելով՝ «Ախպեր, կգամ՝ կխոսենք»:

«abc.am»-ի տնօրեն Արայիկ Խաչատրյանը հրաժարվեց «Առավոտին» որեւէ պարզաբանում տալ Ա. Գրիգորյանի բողոքի առնչությամբ՝ ասելով. «Ես ձեզ ասելիք չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել