Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԻՐԻՏՆ» ՈՒ «ՊՐՈՄԵԹԵՅ ՔԻՄՊՐՈՄԸ» ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՆ

Մայիս 03,2008 00:00

\"\"Ըստ բնապահպանական ոլորտի պատասխանատուների, օդի մեջ հայտնաբերված վնասակար արտանետումների «մեղավորը» մայրաքաղաքի ու Վանաձորի քիմիական
գործարաններն են:

Երեւանում եւ Վանաձորում օրերս էկոլոգները արձանագրել են, որ օդի մեջ առկա է բենզոլի կուտակման թույլատրելի առավելագույն չափից 1,5 անգամ, իսկ տոլուոլի՝ 2,4 անգամ բարձրացում, ինչը կարող է խիստ աղետալի հետեւանքներ ունենալ բնակչության առողջության վրա: Մասնավորապես, այդ քիմիական նյութերը մարդկանց օրգանիզմում կարող են առաջացնել ուժեղ սրտխառնոց եւ գլխապտույտ: Ըստ բժիշկների, եթե մարդու օրգանիզմը ենթարկվում է փոքր քանակությամբ բենզոլի տեւական ազդեցության, դա կարող է արյան քաղցկեղի եւ արյան մեջ հեմոգլոբինի պակասի պատճառ հանդիսանալ, ինչը հատկապես վերջին շրջանում ավելի հաճախ է սկսել դիտվել Հայաստանի քաղաքացիների շրջանում:

Օրերս այս առնչությամբ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարել էր, որ օդի մեջ բենզոլի ավելացման պատճառը Երեւանում «Նաիրիտն» է, իսկ Վանաձորում՝ «Պրոմեթեյ քիմպրոմը»:

Նախարարը բնապահպանական պետական տեսչության մասնագետներին կարգադրել էր ստուգում անցկացնել՝ մթնոլորտը բենզոլով ու տոլուոլով աղտոտման իրական մեղավորներին հայտնաբերելու համար:

Նշենք, որ բենզոլը արոմատիկ ածխաջրածին է, որը կիրառվում է «կապրոնի» ստացման համար: Մասնագետների հավաստմամբ՝ կաուչուկի արտադրության համար «Նաիրիտում» օգտագործվում է նավթի բենզոլ: Իր հերթին «Նաիրիտի» տնօրինությունը հայտարարում է, որ օդի մեջ բենզոլի եւ տոլուոլի բարձրացման պատճառն այլ է. դա կարող է առաջանալ բենզինով շահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումներից: Նկատենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տոլուոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երեւանում գերազանցվել է 2,4, Վանաձորում՝ 1,9 անգամ, ինչը նույնպես հաստատում է, որ օդի աղտոտման խնդիրը քիմիական գործարանների հետ կապ ունի: Մինչդեռ քիմգործարանների տնօրենները հերքում են դա:

«Պրոմեթեյ քիմպրոմի» սեփականատեր, ռուս գործարար Ալեքսանդր Սնեգիրյովն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց. «Մեր արտադրանքից ոչ մի գրամ բենզոլ չէր կարող արտանետվել: Եթե նախարարն ինչ-որ հայտարարություն է արել, թող ինքն էլ դրա համար պարզաբանում տա, ես որեւէ բան ասել չեմ կարող, մանավանդ որ, մենք ձեր կառավարության հետ ոչ մի կապ չունենք եւ մեր կատարած աշխատանքի համար նրանց հաշվետու չենք»: Նշենք, որ պարոն Սնեգիրյովը մեր կառավարությանն իսկապես հաշվետու չէ եւ այս առումով իշխանությունները նրանից որեւէ բան պահանջելու իրավունք պարզապես չունեն: Հիշեցնենք, որ դեռեւս 1999-ին մեր պետությունը «Պրոմեթեյ քիմպրոմն» ուղիղ վաճառքով վաճառեց գործարար Սենիկ Գեւորգյանին, ինչը նշանակում էր, որ գործարանի սեփականատերը կարող էր գործարանը վերազինելու եւ աշխատեցնելու փոխարեն այնտեղ թեկուզ սպասարկման օբյեկտ կամ բազմաբնակարան շենք կառուցել: Նկատենք նաեւ, որ հենց այդ տարիներին էլ գործարանի սարքավորումները մաս-մաս վաճառվեցին, ինչին մեր կառավարությունը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել, քանի որ, ըստ ուղիղ վաճառքի պայմանների, Հայաստանի ղեկավարությունը ոչ մի լծակ չուներ գործարանի աշխատանքը վերահսկելու համար: Այնուամենայնիվ, ավելի քան 20 միլիոն դոլար ներդրում կատարելուց հետո գործարանն այդպես էլ նորմալ չգործարկվեց, եւ քանի որ սեփականատերը սպասված արդյունքը 8 տարիների ընթացքում այդպես էլ չստացավ, նախորդ տարի «Պրոմեթեյ քիմպրոմը» վաճառվեց Ալեքսանդր Սնեգիրյովին:

Ինչ վերաբերում է «Նաիրիտին», ապա գործարանի պատճառած էկոլոգիական վնասների ու տեխնիկական հնարավորությունների մասին «Առավոտ» օրաթերթի բանավոր հարցերին ի պատասխան, ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը խնդրեց դրանք ուղարկել գրավոր: Հարցերը գրավոր ուղարկելուց 10 օր հետո, գործարանի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ պարոն Սաղաթելյանը հարցերը կորցրել է եւ խնդրում է նորից ուղարկել: Մեկ անգամ եւս հարցերն ուղարկելուց հետո լրատվական ծառայության աշխատակից Վարդանուշ Հարությունյանի պատասխանը հետեւյալն էր. «Մենք ձեր ուղարկած հարցերի մասին մեկ այլ լրատվամիջոցի պարզաբանումներ արդեն տվել ենք, դուք կարող եք դիմել նրանց ու տեղեկանալ ձեզ հետաքրքրող հարցերի մասին»:

Հ. Գ. Ավելի ուշ բնապահպանության նախարարության մամուլի պատասխանատու Արծրուն Պեպանյանից տեղեկացանք, որ «Նաիրիտի» եւ «Պրոմեթեյ քիմպրոմի» մասին նախարար Արամ Հարությունյանի հայտարարությունը չպետք է այդքան լուրջ ընդունել ու գործարանատերերին մեղադրել: Նրա խոսքերով՝ «Նախարարը քիմիկոս չէ, հետեւապես չէր կարող իմանալ, որ, ասենք, կաուչուկից բենզոլ չի արտանետվում: Բացի այդ, լրացուցիչ էկոլոգիական տեսչական ստուգումների արդյունքում պարզվել է, որ օդի մեջ բենզոլի քանակը թույլատրելի չափից չի անցնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել