Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Մայիս 03,2008 00:00

«Մենք առայսօր իրականացրել ենք արտաքին հարաբերություններ, արտաքին քաղաքականություն չենք ունեցել. չունենք նաեւ այսօր»,- երեկ «Հայելի» ակումբում նման հայտարարությամբ հանդես եկավ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ հղում անելով նոր կառավարության ծրագրին: «Արտաքին քաղաքականության վերաբերյալ այնտեղ ընդամենը չորս տողով պարզապես հղում է կատարվում նրան, որ արտաքին քաղաքականությունը կիրականացվի Հայաստանի նախագահի անմիջական ղեկավարությամբ եւ ազգային անվտանգության դոկտրինի հիման վրա: Մենք կարող ենք ասել, որ այս կառավարության ծրագրում եւս արտաքին քաղաքականությունը, որպես այդպիսին, ներառված չէ: Շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների մակարդակում: Ծավալուն մի հատված կա արտաքին տնտեսական կապերի մասին: Այսինքն՝ կարելի է տնտեսական կապեր ունենալ՝ առանց արտաքին քաղաքականության»,- ասում է Ա. Մելիքյանը: Այս համատեքստում խոսելով ԼՂՀ հարցի մասին, նա գտնում է, որ Հայաստանը վաղուց պետք է ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Այսօր էլ գտնում է՝ որքան շուտ նախաձեռնվի այդ գործընթացը, այնքան ավելի հեշտ կլինի բանակցային գործընթացում մեր նպատակներին հասնելը, որոնք պետք է հստակ ձեւակերպված քաղաքականություն լինեն: Ուստի, Հայաստանի արտաքին քաղաքականության բացակայությունը միայն թուլացնում է Հայաստանի դիրքերը: Նա համոզված է, որ ԱԺ-ում ԼՂՀ հարցի մասին հայտարարություն ընդունելը որեւէ կերպ չի նպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության մշակմանը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը ողջունում է այնքանով, որքանով ԱԺ-ում կա գոնե մեկ ուժ, որն ասում է՝ «ԼՂՀ-ն Հայաստանի կողմից պետք է ճանաչվի անհապաղ»: Բայց ԼՂՀ-ի ճանաչումը, Ա. Մելիքյանի կարծիքով, ԱԺ-ի իրավասության մեջ չի մտնում, նախ գործադիրը պետք է նման որոշում կայացնի, որն էլ խորհրդարանը կվավերացնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել