Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին

Մայիս 03,2008 00:00

ԱՄՆ պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացրել է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ հիշատակել 2007-ի հոկտեմբերին Իրանի նախագահի, ապա՝ պաշտպանության նախարարի պաշտոնական այցերը Երեւան, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: «Առավել սերտ դիվանագիտական հարաբերություններին հավանություն տալուց բացի, այս այցերը ամրապնդեցին նախորդ երկկողմ պարտավորությունները՝ էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ»,- փաստում է զեկույցն ու հավելում. «Այս սերտ համագործակցությունը ստիպում է Հայաստանին ձեռնպահ մնալ Իրանի՝ լայնորեն վիճահարույց համարվող պահվածքը քննադատելիս կամ միանալ ՄԱԿ-ի մյուս անդամներին, որոնք պատժամիջոցներ են առաջարկում ԻԻՀ վարչախմբի նկատմամբ»: Պետդեպի զեկույցի համաձայն, Իրանն աշխարհում ահաբեկչությանն աջակցող հիմնական երկիրն է, որը հովանավորում է Lիբանանի, Պաղեստինի ու Իրաքի ծայրահեղական խմբավորումներին:

«Կառավարության համատարած կոռումպացվածությունը, կազմակերպված հանցավորության շոշափելի առկայությունը, ինչպես նաեւ ծավալուն ստվերային տնտեսությունը Հայաստանը պոտենցիալ կերպով խոցելի են դարձնում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման սխեմաների համար»,- ասված է Պետդեպարտամենտի զեկույցում: «Թեեւ պաշտոնական Երեւանը շարունակում է ամրապնդել իր հակաահաբեկչական ներուժը եւ ընդարձակում է այս ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ անվտանգության միջազգային կազմակերպությունների հետ, այդուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը, թափանցիկ սահմանները եւ ազատ անցագրային ռեժիմը դեռեւս հսկայական հնարավորություններ են ընձեռում մարդկանց, թմրամիջոցների ու դրամական միջոցների անօրինական տեղաշարժի համար»,- փաստում է Պետդեպը:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում 2007-ին կատարված քայլերին՝ զեկույցը նշում է, որ Հայաստանը բարելավել է իր սահմանային անվտանգությունը՝ գործի դնելով ավտոմատացված համակարգ, որն արձանագրում եւ մտապահում է ճանապարհորդների անունները մուտքի գրեթե բոլոր պաշտոնական անցակետերում, ինչպես նաեւ պարունակում է ոստիկանության եւ ազգային անվտանգության կողմից թարմացվող ցուցակներ՝ քրեական հանցագործությունների եւ ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց մասին: «Թեեւ Հայաստանը ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագիր չի կնքել ճանապարհորդների մասին տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ, այդուամենայնիվ, Հայաստանի ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը կեղծ ամերիկյան անցագրեր կամ Միացյալ Նահանգներին հետաքրքրող այլ փաստաթղթեր հայտնաբերելիս այդ տեղեկությունները տրամադրում են ԱՄՆ դեսպանատանը»,- փաստված է զեկույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել