Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Մայիս 03,2008 00:00

Այսպիսին էր երեկ կառավարության նիստերի դահլիճում անցկացված Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի մթնոլորտը:

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի սկզբից դեռ 1 ժամ առաջ կառավարության նիստերի դահլիճի առջեւ բազմություն էր կուտակված, եւ ի վերջո՝ սկսվեց հրմշտոց: Իսկ նիստերի դահլիճում նստածների չափ կանգնած մարդիկ կային, որոնք այդպես մնացին 4 ժամ շարունակ: Լեցուն էին նաեւ դահլիճի նախասրահը եւ միջանցքները, որտեղ տեղադրված մոնիտորի եւ բարձրախոսների միջոցով կոնգրեսի աշխատանքին հետեւում էին դահլիճից դուրս մնացածները:

Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը: Կոնգրեսի հետագա աշխատանքի ընթացքում անընդհատ հնչում էին հանրահավաքային վանկարկումներ, ծափեր: Եվ «ամոթ» բացականչություն ու սուլոցներ էին հնչում, երբ տրվում էին Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի կամ Շավարշ Քոչարյանի անունները:

Անհնար է անդրադառնալ հնչած բոլոր ելույթներին եւ մանավանդ՝ հանգամանալից ներկայացնել դրանք: Ուստի՝ միայն առանձին մեջբերումներ:

Լեւոն Զուրաբյանը նշեց, թե բազմաթիվ կալանավորումները, բռնությունները չկարողացան \"\"կոտրել շարժման կամքը եւ կասեցնել այն. «Այս համաժողովրդական շարժումը, որը միավորում է 23 քաղաքական կուսակցություն եւ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, աննախադեպ է նույնիսկ 1988-ի համեմատ»:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի գնահատմամբ՝ համաժողովրդական շարժման պահանջները լիովին համահունչ են ԵԽԽՎ 1609 բանաձեւով Հայաստանին առաջադրված պարտավորություններին: Նա հիշեցրեց, որ նախորդ համանման բանաձեւերը մինչ օրս լիարժեք չեն կատարվել. «Չմոռանանք, որ տարիներ շարունակ ԵԽ-ն պահանջում է եթեր տրամադրել «Ա1+»-ին, պատասխանատվության ենթարկել 2003-ի ընտրություններում կեղծիքներ ու բռնություններ \"\"իրականացրած անձանց»: Ստեփան Դեմիրճյանը կարծում է, թե իշխանությունները պետք է գիտակցեն, որ ճնշումներով, «մակերեսային փոփոխություններով կամ իմիտացիոն բնույթ ունեցող քայլերով հնարավոր չէ հաղթահարել առկա ճգնաժամը: Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Ընտրությունների արդյունքով առաջացած ճգնաժամը պետք է հաղթահարվի ազատ եւ արդար համապետական ընտրությունների անցկացմամբ»:

«Այլընտրանքի» անդամ Նորայր Նորիկյանը ելույթում հայտարարեց. «Հայաստանը կառավարած ախպերական ռեժիմը մեր երկրին վերաբերվել է որպես զավթիչի, կեղեքիչի, նվաճողի, վերջապես տարածքի, որտեղ կարելի է զբաղվել լոկ էլիտար խոպանչիությամբ, ավազակապետական որջի ստեղծմամբ ու բռնապետության կառուցմամբ: \"\"Այս ամենի դեմն առնելու համար է ահա մեր պայքարը, ու ես վստահ եմ, որ ինչ չի հաջողվել մեզ անել երեկ, մենք պարտավոր ենք անել ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը»: Դահլիճը վանկարկեց՝ «Հիմա՛»:Նորայր Նորիկյանը նշեց. «Վերջին 2 ամիսը ապացուցեց, որ այս պայքարը Լեւոն Տեր-Պետրոսյան անձի պայքարը չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ընկերների հետ իր պայքարը տվել է 88-ին ու հաղթել է: Սա մեր հասարակության ու մեր ժողովրդի պայքարն է: Մեզ հարկավոր է մեկ անգամ եւս 88-ի պես անցնել Ռուբիկոնը, ու անցնելու ենք՝ չխորշելով ոչ մեկից եւ ոչնչից, ու մենք հաղթելու ենք»:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը ելույթում նկատեց. «Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե Հայաստանում կա հակամարտող երկու ուժ։ Պետք է հիասթափեցնեմ այդպես մտածողներին։ Համաժողովրդական շարժումը հակառակորդ չունի, որովհետեւ հակառակորդ նշանակում է այլընտրանքային մարդկային մտածողություն, այլընտրանքային մարդկային բարոյականություն, այլընտրանքային մարդկային վարք։ Եվ երկխոսությունը, որի մասին այսքան խոսվում է, եւ որն, իմ կարծիքով, չի կայանալու, չի կայանալու հենց այն պատճառով, որ շարժման դիմաց կանգնած է ոչ թե մի ուրիշ արժեհամակարգ, այլ պարզապես բիրտ ուժ։ Բիրտ ուժը, որ սովոր է ազատ խոսքը լռեցնելու, որ սովոր է մարդկանց սեփականության իրավունքից \"\"զրկելու, որ սովոր է արդարադատությունը նվաստացնելու աստիճան վերահսկելու եւ վերջապես, որ ընդունակ է խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու, չի կարող որեւէ զիջում անել կամ փոխզիջման գնալ։ Այդ ուժը չի կարող փոխվել, որովհետեւ վերը նշված արատները ձեռքբերովի չեն, այլ՝ բնածին։ Որովհետեւ դրանք արտահայտությունն են այսօր Հայաստանում իշխանությունը զբաղեցնող անձանց հոգեկերտվածքի։ Եվ այդ հոգեկերտվածքն էլ նրանց խանգարելու է դույզն-ինչ համոզիչ պատասխաններ տալու ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւին»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ շարունակություն է ունենալու շարժումը՝ Տիգրան Պասկեւիչյանն ասաց. «Ի՞նչ եք կարծում, վախը հաղթահարած, ազատության համն առած, հաղթանակին ընդհուպ մոտեցած մարդը, մարդիկ, մարդկանց բազմությունը կարո՞ղ է եւս 5 կամ 10 տարի հանդուրժել այն ամենն, ինչը հանդուրժել է անցած տասնամյակում»: Դահլիճից ի պատասխան բացականչեցին. «Ո՛չ»:

\"\"Ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի՝ «Միանգամայն տեղին է զուգահեռը «Հոկտեմբերի 27»-ի եւ մարտի 1-ի կրակոցների միջեւ։ Երկու դեպքերում էլ կրակեցին Հայաստանի վրա, կրակեցին Հայաստանի ժողովրդին հուսահատեցնելու եւ ծնկի բերելու նպատակով։ Երկու դեպքերում էլ սպանությունները կրում էին ցուցադրական հաշվեհարդարների բնույթ։ Երկու դեպքերում էլ կրակոցները ծրագրված էին որպես Հայաստանի ժողովրդից հաղթանակը խլելու միջոց։ Երկու դեպքերում էլ ողբերգությունը տեղի ունեցավ իշխող զույգի լիակատար մեկուսացման եւ Հայաստանի հասարակության կողմից մերժման ֆոնի վրա»։

\"\"Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը որպես ստեղծված ճգնաժամի լուծում առաջարկեց «հանցագործ, ինֆանտիլ» խորհրդարանի լուծարում եւ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում. «Մենք պետք է աշխատենք գլխավոր հարվածի ուղղությունը տալ պառլամենտում: Գլխավոր ճակատամարտը պետք է լինի այստեղ: Պառլամենտի գրավումը կլինի մեր ընդդիմության՝ Բաստիլի գրավումը»: Իսկ ընդդիմությանն այսպես բնորոշեց՝ հարուցելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլոց բուռն ծիծաղը. «Առլյատա, եշչյո կակիյե՜ առլյատա: Առլյատա ակտյաբրյատա՝ հոկտեմբերի հեղափոխական ոճով տոգորված»:

\"\"Ելույթ ունեցավ նաեւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որը հայտնեց, թե չի քվեարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, բայց դատապարտեց այն բռնատիրությունը, որում այսօր ապրում է Հայաստանը. «Մարտի 1-ին ծնվեց այն երիտասարդ Հայաստանը, որը չի վախենում ու չի հանդուրժելու բռնապետությունը»: Տիգրան Խզմալյանը որպես ճգնաժամի լուծում առաջարկեց անհապաղ ցրել «մկների ազգային ժողովը», ընտրել նոր խորհրդարան: Դահլիճից ի պատասխան վանկարկեցին. «Սերժիկ, հեռացիր»:

\"\"Մանուշակ Պետրոսյանը կարդաց մի նամակ, որն ուղարկվել էր կոնգրեսին խնդրանքով՝ դիմել ԼՂՀ իշխանություններին եւ հարցնել, թե մինչեւ ե՞րբ են շնորհակալություն հայտնելու փոխարեն՝ ղարաբաղյան հատուկ ջոկատները ծեծելու այն ժողովրդին, որի կրած զրկանքների եւ պայքարի արդյունքում այսօր Ղարաբաղը անկախ է: Մանուշակ Պետրոսյանն ասաց. «Ես ծագումով, ծնունդով բնիկ ղարաբաղցի եմ (հնչեցին ծափեր.- Ա. Ի.): 1988-ին մեզնից ոչ մեկը՝ հայաստանցի, թե ղարաբաղցի, չենք մտածել, թե միանալով Ղարաբաղի մեր հայրենակիցների պայքարին՝ սատար կանգնելով նրանց թե՛ կրակային ճակատում, թե՛ թիկունքում, մենք որեւէ հատվածական խնդիր ենք լուծում… Մենք կատարել ենք մեր պարտքը»:

\"\"«Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն ընթերցեց մեկուսարանից ապրիլի 30-ին Արամ Կարապետյանի հղած ուղերձը Հայաստանի քաղաքացիներին, որում մասնավորապես ասված է. «Վարչախումբը պարտություն է կրում թե՛ ուժային, թե՛ քաղաքական եւ թե՛ բարոյական դաշտում: Եվ դա իրողություն դարձավ, որովհետեւ Դու չվախեցար, չհուսահատվեցիր եւ չայլասերվեցիր»: Ըստ Արամ Կարապետյանի՝ պիտի շարունակվի համառ, աննահանջ պայքարը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի (Րաֆֆի Հովհաննիսյանը Բեռլինում է.- Ա. Ի.) ելույթից առաջ վարողը՝ Լեւոն Զուրաբյանը, շնորհակալություն հայտնեց «Ժառանգությանը»՝ իր կատարած հսկայական աշխատանքի համար: Վարդան Խաչատրյանն ասաց, թե շնորհակալություն հայտնելու կարիք չկա. իրենք այլ տեղ, քան ժողովրդի կողքին՝ լինել չէին կարող: Պատմեց, որ հանդիպել է մեկուսարաններում գտնվող քաղաքական գործիչների հետ. «Խցերը, որտեղ մեր ընկերներն են, իրենց դաժանությամբ կարող էին մրցել միայն թուրքական սուլթանական զնդանների հետ: Բայց այնտեղ չեմ տեսել կոտրված մարդկանց. տղաների դեմքին ես տեսա հավատամքի ու պայքարի կնիք, կամք կար, իսկ եթե կա կամք, ուրեմն կա նաեւ ճանապարհ»:

Վերջին ելույթը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանինն էր: Նա \"\"խոսեց այսօր առկա երկու՝ «միմյանց հակամարտ» Հայաստանների մասին. «Ապացույց-հիմնավորումն էլ սաղավարտավոր ոստիկանն է՝ որպես սահմանային գիծ: Այդ երկու Հայաստաններից մեկը իշխանությունների եւ նրանց սպասարկուների Հայաստանն է: Այն սահմանափակվում է պետական հիմնարկների ղեկավարների, տարբեր տրամաչափի իշխանավորների կաբինետների, նրանց բնակավայրերի եւ նրանց սպասյակ-սպասարկուների բնակարանների ու հիմնական զվարճավայրերի եւ օբյեկտների տարածքով: Հենց այստեղ էլ սկսվում եւ ավարտվում է իշխանությունների Հայաստանը»: Արամ Սարգսյանը նշելով, թե մյուս Հայաստանը «ժողովրդի, այսինքն՝ նաեւ մեր Հայաստանն է», ասաց. «Հիմա՝ երկխոսություն առաջարկող պարոնայք իշխանավորներ, եկեք երկխոսենք: Դրանից առաջ կամ էլ որպես ելակետ՝ ճիշտ կլինի, չէ՞, համադրել յուրաքանչյուրիս ունեցած-չունեցածը: Համեմատեք, խնդրեմ, իմ նշած այդ երկու տարածքները միմյանց հետ: Ո՞րն է ավելի մեծ. ձեր՝ ոստիկանությամբ շրջափակվա՞ծը, թե՞ ժողովրդինը: Համեմատեք այդ երկու Հայաստաններն իրենց չակերտավոր եւ իրական բնակիչների թվով նաեւ: Ո՞վ է մեզնից փոքրամասնությունը: Հա, չմոռանամ հիշեցնել. թե՛ առաջին, թե՛ երկրորդ Հայաստաններն ունեն իրենց նախագահները, որոնց երկուսին էլ դուք ծանոթ եք: Շա՜տ լավ եք ծանոթ: Աստծո եւ ձեր խղճի առաջ խոստովանեք՝ ո՞վ է նախագահ՝ թե՛ ընտրություններով, թե՛ կոչումով, թե՛ էությամբ»: Դահլիճից ի պատասխան հնչեցին երկարատեւ վանկարկումներ՝ «Լեւոն», ու ծափեր: Միջանկյալ նշենք, որ այդպես էին արձագանքում նրա վերաբերյալ ամեն հիշատակությանը, նաեւ այդպես դիմավորեցին ու ճանապարհեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Արամ Սարգսյանը նաեւ ասաց. «Եկեք երկխոսենք. լավ հայերենով, թե վատ՝ դուք որոշեք: Բայց եկեք անկեղծ երկխոսենք: Այս երկու Հայաստաններից ո՞րը գոյատեւելու ու առաջընթաց ապահովելու ավելի մեծ ներուժ ու ունակություն ունի, ո՞րը կարող է ոգի ու մարտնչելու հավատ ծնել: Եկեք պարզենք ճիշտը: Մենք այսօր մեկ հիմնական ու առանցքային խնդիր ունենք. ստեղծել երրորդ Հայաստանը, որը առկա այս երկու Հայաստանների հանրագումարը պետք է լինի: Մեկ միասնական եւ համատեղ Հայաստան՝ իշխանությունների եւ ժողովրդի համար, բոլորիս համար»:

Կոնգրեսի ավարտից հետո, երբ մասնակիցներն անցնում էին Հանրապետության հրապարակով՝ կառավարության շենքի առջեւ դարձյալ ոստիկաններ էին շարք կանգնեցվել՝ «որպես սահմանային գիծ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել