Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ, ՆԵՐՔԵՎԻՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ

Մայիս 03,2008 00:00

\"\"Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի աշխատանքներին մարդիկ հետեւում էին ոչ միայն լեփ-լեցուն դահլիճում, այլեւ կառավարության նիստերի դահլիճին հարող ոչ պակաս լեցուն բոլոր միջանցքներում:

Ընդհատակից դուրս է եկել

Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մարտի 1-ի դեպքերից հետո անցել էր ընդհատակ եւ միայն երեկ՝ Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսի ժամանակ ներկայացավ հանրությանը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե որտե՞ղ էր մինչեւ հիմա: Հովհաննես Հովհաննիսյանը չուզեց մանրամասնել, թե ինչու էր անցել ընդհատակ եւ որտեղ էր գտնվում մինչ այժմ, սակայն ասաց, որ ինքը եւ իր ընկերները այսօր էլ հաստատակամ են շարունակել պայքարը եւ այն հասցնել տրամաբանական ավարտի. «Շարունակում ենք մեր գործը, մեր պայքարը մեր ընկերների հետ, մի գործ, որը իշխանությունները փորձում էին եւ այժմ էլ փորձեր են անում կասեցնել ամենաբիրտ եւ կոպիտ ձեւերով, սակայն մենք բնականոն ձեւով շարունակելու ենք մեր պայքարը, հասցնելու ենք այն բարձր եւ ռեալ նպատակի իրականացմանը, որը դրել ենք մեր առջեւ»:

Հարցին՝ քանի որ հիմա Հովհաննես Հովհաննիսյանը դուրս է եկել ընդհատակից, անհանգստություն չունի՞, որ կարող են նաեւ իրեն ձերբակալել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց այսպես. «Եթե մեր ընկերները այսօր քաղբանտարկյալներ են, բանտերում են նստած, մենք, որ դեռ բանտերում չենք, անհանգիստ ենք, թե ոչ, ներքին խնդիր է, բայց պարտավոր ենք ակտիվ մտնել քաղաքականության մեջ: Սա մեր քաղաքական, բարոյական խնդիրն է, եւ, կարծում եմ, բոլորս այդ խնդիրը պետք է մեզ համար լուծենք»: Պայքարի տրամաբանական ավարտը, ըստ մեր զրուցակցի, լինելու է հաղթական: ՀԱԱԿ նախագահը լավատես է. «Իհարկե, հաղթելու ենք, ժողովուրդը հաղթելու է, պայքարը շարունակական կլինի, բայց, կարծում եմ, շատ երկար չի տեւի, կստեղծվի մի իրավիճակ, երբ վերեւները այլեւս իսկապես չեն կարողանա, իսկ ներքեւները չեն ուզենա, եւ, կարծում եմ, հիմա հենց այդ դասական իրավիճակն է, ու սա երկար չի տեւելու, հարցը լուծվելու է շատ արագ»:

Ազատ է արձակվել

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Նաիրիի շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Խաչիկ Սիմոնյանը 53 օր անազատության մեջ գտնվելուց հետո օրերս է ազատ արձակվել (նրանից ստորագրություն է վերցվել քաղաքից չբացակայելու մասին) եւ երեկ մասնակցում էր Համաժողովրդական կոնգրեսին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ տրամադրությունը բարձր է եւ իրեն ու իր ընկերներին ոչինչ չի կոտրելու: Իր ձերբակալության որոշ մանրամասներ պատմեց. «Առաջին օրն եմ քննիչ տեսել, առաջին օրը ինձ վրա «դրեցին» ՀՀ Քրօր-ի 225 հոդվածը, հետո դատապաշտպան պահանջեցի՝ Հովիկ Արսենյանին, որից հետո հոդվածը փոխվեց: Դրանից հետո ոչ մի քննչական գործողություն, ոչ մի բան: Հիմա ազատ են արձակել՝ ստորագրություն վերցնելով»: Խաչիկ Սիմոնյանը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների բոլոր պետերին ձերբակալելը մեկ նպատակ ուներ՝ «Մեկուսացված պահել առաջին նախագահին, բայց դա չի ազդել, ես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն եմ, ազատամարտիկ եմ, արցախյան պատերազմում ջոկատների հրամանատար եմ եղել, ես չեմ կարող իմ առաջին գլխավոր հրամանատարի կողքից բացակայել, ուր էլ գնա՝ գնալու եմ հետեւից»:

Լեւոնին չի ընտրել

Կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Սիմոնյանը եւս եկել էր Համաժողովրդական կոնգրեսին մասնակցելու: Մեզ հետ զրույցում տիկին Անահիտն ասաց, որ ինքը փետրվարի 19-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին չի ընտրել. «Ես Սերժ Սարգսյանին եմ ընտրել, որովհետեւ, մեղմ ասած, ինքս հեղափոխություններ չեմ սիրում եւ կայունության կողմնակից եմ, իսկ Տեր-Պետրոսյանի հանդեպ այս նույն զգացմունքները չունեմ, ինչպես դահլիճում եւ միջանցքներում հավաքված այս մարդիկ: Բայց ես այսուհետեւ լինելու եմ բոլոր հավաքներին, քանի որ մարտի 1-ից հետո, անմեղ զոհերից հետո, ես՝ որպես քաղաքացի, հասկացա, որ այսպես այլեւս չի կարելի շարունակել: Եվ քանի դեռ իշխանությունը չի տվել հարցի պատասխանը՝ ո՞վ հրամայեց կրակել խաղաղ մարդկանց վրա, ո՞վ հրամայեց հային կրակել հայի վրա, ես լինելու եմ ընդդեմ այս իշխանության եւ պայքարելու եմ արդարության վերականգնման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել