Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մայիս 02,2008 00:00

Հիմա երբ շրջվում եմ ու նայում անցնող եւ ուշ աշնան երամի պես անդարձ հեռացող օրերիս ապրած, չեմ կարողանում հաստատեմ ինձ համար, թե ո՞ր մեծ ուսուցչի աշակերտը եղա եւ ո՞ւմ ուսուցիչը եղա ես, ի՞նչ սովորեցի եւ ի՞նչ սովորեցրի: Երբ ինձ էլ էր հետաքրքիր, թե բացի սովորելուց՝ ի՞նչ կարող եմ սովորեցնել, շրջվում եմ ու տեսնում թելի նման բարակ մի արահետ ընդամենը, որը մեզ հայտնի անհայտից սկսվելով՝ հեռանում է մի այլ անհայտություն, ուր հրաժեշտ ես տալիս թվացյալ կատարելությանը՝ շնչառությունդ պահելով ավելի մեծ կատարելության համար, որտեղ անվերջ հետապնդող անորոշությունը, անկատարությունը քո կյանքի անհրաժեշտ մասն է կազմում, երբ դու, արեւի լույսից ու ջրից հետո, քո դիմաց տեսնում ես մարդուն, որի մանկության ամենահին հիշողությունը, ինչպես քո հիշողությունը, երդիկից ընկած արեւի ճառագայթը բռնելու հուսահատ ցանկությունն է եղել…Տեսնում ես մարդուն եւ չես ուզում վիճել, կռվել նրա հետ, որովհետեւ կռվի մեջ հանկարծ կճանաչես նրան, եւ ցանկանում ես կյանքդ ապրել դիմացինիդ չճանաչելով, քանի որ շատ իմացողը դուրս է մտերմությունից, ընկերությունից եւ չի սիրում մարդուն, այսինքն նաեւ՝ քեզ ու ինքն իրեն: Ու թերեւս այդտեղ է գաղտնիքը, որ մարդը բարեկիրթ խոսքի, շարժուձեւերի միջոցով ամեն ինչ անում է, որ թաքցնի իրեն, իր ներաշխարհը մնա չճանաչված, որը զարմանալիորեն անհասկանալի ինքնապաշտպանության ձեւ է, թերեւս բնազդ: Այնինչ, մեր կյանքի օրերը, ինչպես աշնանային տերեւաթափ, հեռանում են մեզնից, անէանում այնտեղ, որտեղից եկել են՝ մեզ իրար դիմաց թողնելով աշնանային անտառի ազնիվ մերկությամբ: Երբ ծառը հստակ տեսնում է ծառին, երբ գետի ջրերը զուլալվում, ներանձնանում են՝ ոչինչ չթաքցնելով երկնքից ու ձկներից: Եվ հիմա մտածում եմ, թե գուցե իմ մեծ ուսուցիչը եղել է արեւի ճառագայթը, որը այդպես էլ չկարողացա բռնել, ջուրը, որին այդպես էլ չճանաչեցի, այսինքն թե՝ չեղա նաեւ ոչ ոքի ուսուցիչը… Ու շարունակ, պահելով շունչս մի այլ վերերկրային կատարելության համար՝ չհասա իմ Ուսուցիչ-ծառի պարզ կատարելությանը եւ չկարողացա բացահայտել ինձ ուրիշների համար՝ մնալով փակ ու չհասկացված, ու չհամարձակվեցի բացահայտել նաեւ ուրիշներին ինձ համար՝ վախենալով նրանց մեջ պատահաբար ինձ հանդիպել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել