Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթամշակութային խճանկար

Մայիս 02,2008 00:00

Ակադեմիկոսն ու նախագահը հանդիպեցին

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ի երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին: Նախագահը նշել է, որ նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում խոսվել է գիտության վիճակի մասին, սակայն մի բան է պաշտոնական քննարկումը, բոլորովին այլ բան՝ մտերմիկ շփումը: Նախագահն ասել է նաեւ, որ ինքն, անշուշտ, որոշակի խորհուրդների կարիք ու նաեւ հարցեր ունի: «Գիտության ոլորտում խնդիրներ ունենք եւ պիտք է հասկանանք՝ ինչպես դրանք հաղթահարենք»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ կարեւորում է անվանի գիտնականի կարծիքը:

Ըստ նախագահականի լրատվականից ստացված հաղորդագրության, Ս. Համբարձումյանն ու Ս. Սարգսյանը թեյի սեղանի շուրջ խոսել են գիտության, կրթության համակարգի բարեփոխումների մասին, համակարծիք եղել, որ այժմ ամենամեծ խնդիրը գիտության, կրթության եւ, ընդհանրապես, մշակույթի վարկը պահպանել կարողանալն է: Նրանց համոզմամբ, քանի որ համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի, գիտելիքի վրա հիմնված հասարակության ձեւավորումն է, ուրեմն պետք է ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական եւ կրթական համակարգ:

Ընդունելություն եւ համերգ՝ ԱՄՆ դեսպանատանը

Ապրիլի 30-ին ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը «Միջազգային այցելու» եւ Ամերիկագիտության ինստիտուտների շրջանավարտների համար ընդունելություն էր կազմակերպել: Հյուրերը հնարավորություն ունեցան ոչ միայն միմյանց հետ շփվելու, այլեւ ունկնդրելու հայաստանյան «Արտասաքս» սաքսոֆոնահարների քառյակի բարձրակարգ կատարումները: Երեւանում նմանատիպ քառյակ ստեղծելու առաջին նախաձեռնությունը (1991-1992) Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանինն էր: Այն երկար կյանք չունեցավ՝ ինչ-ինչ պատճառներով: 2000թ.-ին խմբի անդամներից սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը իր երիտասարդ գործընկերներից նոր քառյակ կազմեց, որն ակտիվ գործում էր՝ մինչեւ խմբի անդամների զինծառայության մեկնելը: 5-6 տարվա ընդմիջումից հետո սաքսոֆոնահարների քառյակը, որոշակի փոփոխություններով, վերամիավորվեց «Արտասաքս» անվանումով եւ առաջին անգամ երաժշտասեր հասարակայնությանը ներկայացավ այս տարվա փետրվարին:

«Pink Floyd»-ի խոզուկը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Coachella Valley Arts and Music Festival» փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ այն մարդը, ով կգտնի «Pink Floyd» ռոք-խմբի կիթառահար Ռոջեր Ուոթերսի կորցրած փչովի խոզուկը, կստանա ոչ միայն $10000, այլեւ փառատոնին ցմահ անվճար մասնակցելու իրավունք: Ըստ «Ռիա-Նովոստիի», 1977-ին խմբի թողարկած «Animals» ալբոմի եւ «Pigs on the Wing» երգի կատարման կարեւոր ատրիբուտն ու թալիսմանը համարվող խոզուկը, անցյալ կիրակի կայացած փառատոնի ժամանակ պատահաբար արձակվել ու օդ է բարձրացել: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ խոզուկը «թռչում» է: Մի անգամ էլ Անգլիայում ֆոտոսեսիայի ժամանակ է այն «փախել» ու գտնվել, որից հետո նրա նկարը դարձել է ռոք-խմբի հերթական ալբոմի շապիկը:

Նշենք, որ Ուոթերսը «Pink Floyd»-ի երգերի հեղինակն ու բաս-կիթառահարն է եղել 1965-1985թթ.: Նրա երգերից շատերը հիթ են դարձել, ինչպես «Mother»-ը, «Shine On You Crazy Diamond»-ը, «Have a Cigar»-ը «Dark Side of the Moon»-ը:

Ինչ վերաբերում է «Coachella» փառատոնին, այն հեղինակավորներից է: Անցյալ տարի փառատոնն ունեցել է 186 հազար այցելու եւ $16,2 մլն շահույթ:

Գերգիեւի հոբելյանը

Այսօր՝ իր ծննդյան 55-ամյակի օրը, ՌԴ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում գալա-համերգ է կազմակերպել՝ համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ: Իր ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ երաժիշտներ, ջութակահար Վադիմ Ռեպինը եւ ալտահար Յուրի Բաշմետը, օպերային երգիչներ Աննա Նետրեբկոն եւ Օլգա Բորոդինան: Ողջ հասույթը կուղղվի Վլադիկավկազի հանրակրթության եւ երաժշտական կրթության ոլորտի կարիքներին:

Վ. Գերգիեւը ծնունդով Վլադիկավկազից է:

Պատկերասրահը կվերաբացվի

Այս տարի լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղի հիմնադրման 35-ամյակը: «Լինսի» հիմնադրամի կողմից իրականացված վերանորոգումից հետո, մասնաճյուղը մայիսի 4-ին վերաբացում է իր դռները: Այնտեղ գործող մշտական ցուցադրությունը պատկերասրահի ֆոնդերից համալրվել է եւս 20 ստեղծագործություններով:

Ներկայացված է XX դարի հայկական կերպարվեստը՝ դարասկզբից մինչեւ մեր օրերը, ընդգրկելով նաեւ սփյուռքահայ արվեստագետների գործեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահի 12 մասնաճյուղերից Ջերմուկինը սկսել է գործել 1973-ից՝ կառավարության հատուկ որոշմամբ, ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի նախաձեռնությամբ:

Ջերմուկի պատկերասրահի մշտական ցուցադրությունում ներկայացված են Մ. Սարյանի, Մ. Աբեղյանի, Խ. Եսայանի, Գ. Գրիգորյանի եւ այլոց գործերը, ինչպես նաեւ մեր ժամանակակիցների ստեղծագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել