Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՈՐՏԵ՞Ղ Է ՑՈԼԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ»

Մայիս 02,2008 00:00

Ինչպես հայտնի ֆիլմի հերոսի դեպքում, այս հարցը հասունացել է նաեւ Ազգային օպերային թատրոնի «անհետացած» գլխավոր դիրիժորի պարագայում:

Մինչ երկրի իշխանությունները եւ մշակույթի նախարարությունը մտմտում են Ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կառավարման սկզբունքների մշակման, գեղարվեստական ղեկավար-տնօրեն հաստիքների միավորման եւ էլի որոշ «նորամուծությունների» մասին, այդ թատրոնում հերթական սկանդալային իրավիճակ է հասունանում: Արդեն մեկ ամսից ավելի է, թատրոնի երաժշտական ղեկավարը՝ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, մեծանուն երգչուհի Ելենա Օբրազցովայի հրավերով հայտնվել է վերջինիս ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Փոքր երաժշտական թատրոնում՝ իր հետագա կարիերայի հարցերը լուծելու նպատակով: Այս տեղեկատվությունը «Առավոտը» ստացել է թատրոնի արտիստներից:

Իհարկե, յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի լուծելու սեփական ստեղծագործական ճակատագիրը: Բայց այս դեպքում խոսքը վերաբերում է Օպերային թատրոնում առաջին դեմք հանդիսացող պաշտոնյա երաժշտին: «Մեր թատրոնի խաղացանկը, բեմադրական, երաժշտական նկարագիրը ոչ թե հեռու են բավարար լինելուց, այլ որեւէ առնչություն չունեն բարձր երաժշտական մշակույթի հետ: Երաժշտական ղեկավարի երկարատեւ բացակայությունը, թատրոնում կառավարման թույլ սկզբունքների գոյությունը պարտադրում են անհանգստության ձայն բարձրացնել եւ իսկապես հարցնել՝ յո՞ երթաս, օպերային թատրոն»,- նեղսրտեց «Առավոտի» հետ զրուցած արտիստներից մեկը:

Անհանգստացած արվեստագետները հիշեցնելով, որ Կարեն Դուրգարյանը շուրջ 7 տարի թատրոնում զբաղեցնում է երաժշտական ղեկավարի պաշտոնը, հայտնեցին, որ, օրինակ, Վալերի Գերգիեւի նման հանճարեղ դիրիժորին 5 տարի Մարիինյան թատրոնում շարքային դիրիժոր աշխատելուց հետո միայն վստահեցին նույն թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Նույնն էր նաեւ մեր իրականությունում, երբ Ազգային օպերային թատրոնում գլխավորն էր ճանաչված դիրիժոր Կոնստանտին Սարաջեւը, Միքայել Թավրիզյանի նման տաղանդավոր երաժիշտը մի քանի տարի աշխատեց իբրեւ դիրիժոր, եւ միայն 1940-ին, երբ Սարաջեւը նշանակվեց Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, դրանից հետո Թավրիզյանը ստանձնեց գլխավոր դիրիժորի պաշտոնը: Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք, եթե Դուրգարյանը «աշխատանք ճարի» Սանկտ Պետերբուրգում, ո՞ւմ են պատկերացնում նրա պաշտոնում: Ստացանք հետեւյալ պատասխանը. «Օպերային թատրոնում, բացի գլխավոր դիրիժորից, աշխատում են եւս 6-ը՝ Յուրի Դավթյան, Վիլեն Չարչօղլյան, Ռուբեն Ասատրյան, Կարեն Լավչյան եւ այլք, եվրոպաներում ունենք բարձրակարգ դիրիժորներ ու վստահ ենք՝ հայրենիք հրավիրվելու դեպքում նրանք մեկ րոպե անգամ չեն վարանի…: Ինչ վերաբերում է Դուրգարյանին, մենք նրան տեսնում ենք ավելի շատ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ, քանի որ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի համար 5-6 տարին քիչ է ծանոթանալու ու մարսելու թատրոնի բոլոր ստեղծագործական օղակների աշխատանքը: Ժամանակին կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, երբ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի ականջին ընդամենը փսփսացել էր Դուրգարյանի անունը՝ իբրեւ խոստումնալից, բայց ոչ պատրաստ՝ ստանձնելու օպերային թատրոնի երաժշտական ղեկավարի պաշտոնը, Գրիգորյանը շտապել էր «վերեւներին տալու» Դուրգարյանի անունը: Թեեւ պետք է ասել, որ այս դիրիժորը վերջին տարիներին բավականին աճել է»:

«Առավոտը» օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից էլ ստացավ հետեւյալ պարզաբանումը. «Ինքս ողջունում եմ ցանկացած արվեստագետի, այս դեպքում՝ Դուրգարյանի հաջողությունները: Այո, նա իսկապես գտնվում է Սանկտ Պետերբուրգում եւ կարծում եմ, որ բոլորս պետք է ուրախ լինենք այդ փաստի առիթով, որովհետեւ նրան հրավիրել է, ոչ ավել-ոչ պակաս՝ Ելենա Օբրազցովան, Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրության աշխատանքները վարելու նպատակով: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ նրա բացակայությունը որոշ առումներով բացասաբար է անդրադառնում թատրոնի աշխատանքներին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել