Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք համագործակցության»

Մայիս 02,2008 00:00

Ըստ Նահատակ ազգերի դաշինքի համանախագահ Ավետիս Քալաջյանի, չնայած իրենց պատրաստակամությանը, ՀՀ ԱԳՆ-ն Ցեղասպանության ճանաչման համար միայն իր պոտենցիալն է օգտագործում:

Նահատակ ազգերի միջազգային դաշինքի համանախագահ, «Հայոց հաղթական ուղի» հ/կ-ի ղեկավար Ավետիս Քալաջյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ Հայաստանն իր ոչ բոլոր ջանքերն է գործադրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, փաստելով, որ Ցեղասպանության հարցը կուսակցությունների կողմից մշտապես շահարկվում է: «Նախագահական ընտրությունների ժամանակ «ցեղասպանություն» տերմինը դարձել էր յուրաքանչյուր թեկնածուի ծրագրի բաղկացուցիչ մաս: Իհարկե, կան կուսակցություններ, որոնք տարիներ ի վեր աշխատում են այս ուղղությամբ, ինչպես, օրինակ, ՀՅԴ-ն: Շատերն էլ խղճուկ ձեւով ու գաղափարներով են հանդես գալիս, ինչ-ինչ արտահայտություններ են հնչեցնում, բայց ժողովուրդը հո տեսնո՞ւմ է, թե ում համար են այդ գաղափարները դառնում գործ եւ ով է դրանք շահարկում: Ինչ վերաբերում է մեր պետությանն՝ ընդհանրապես, Հայ դատի հասկացություն չի որդեգրվել մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ: Մենք Թուրքիայի հետ ընդունել ենք սահմաններ բացելու շուրջ բանակցելու սկզբունքը՝ առանց նախապայմանների: Եվ եթե սահմանները բացվեն, մեր թույլ դիրքերից կկարողանա՞նք Թուրքիային ստիպել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Ա. Քալաջյանը կարծում է, որ նույնիսկ սահմանի բացման դեպքում պետք է բոյկոտել թուրքական ապրանքատեսակը. «Մեր դաշինքը, իմ ընկերները, սփյուռքահայերը երբեք թուրքական ապրանք չենք գնում: Էլի շատերը կան, որ գտնվելով սոցիալապես անապահով պայմաններում՝ թուրքական ոչինչ չեն գնում, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր ասում են, թե առանց դրանց ապրելն անհնար է, որովհետեւ թուրքականը էժան է, իրենց հնարավորությունները՝ սուղ: Ցավոք, անկախ Հայաստանի ժողովուրդը «սրսկված» է այն գաղափարախոսությամբ, որ առանց թուրքական ապրանքի՝ հայերը կյանք չունեն»: Ա. Քալաջյանը հայտնեց, որ իրենց նորաստեղծ դաշինքը պատրաստ է համագործակցել մեր երկրի արտաքին գերատեսչության հետ. «Միշտ պատրաստ ենք համագործակցության, բայց իրենք կարծես հակում ունեն սխալ կամ ճիշտ, բավարար կամ անբավարար ձեւով ամեն ինչ միայն իրենցով անելու: Ես կապեր ունեմ ցեղասպանված ազգերի գերագույն ղեկավարների հետ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ դրսում: Ախր այդ կապերը կարող են պետք գալ»: Ըստ Ա. Քալաջյանի, Նահատակ ազգերի միջազգային դաշինքի խնդիրն է՝ աշխարհին տեղեկացնել ոչ միայն հայոց, այլեւ 70 այլ ազգերի ցեղասպանությունների մասին. «Թուրքերը գերագույն չարիք են: ԵՄ-ն լռելով՝ նպաստում է նորանոր ցեղասպանությունների… Հայոց ցեղասպանությունն ամեն օր շարունակվում է, ամեն պահի, օրինակ, երբ թուրքերը հայկական հուշակոթողներից քանդում են թեկուզ մի քար: Չնայած հայկական հուշակոթող անվանելն արդեն իսկ սխալ է, որովհետեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում հուշակոթող չի մնացել, պարզապես մի քանի եկեղեցի կա պահպանված՝ այն էլ վերածված մզկիթների»:

Նրա խոսքով, չնայած իշխանությունները բազմիցս խոսեցին Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին, սակայն «տեսնելով, որ Սփյուռքն ազատատենչ ոգի ունի ու հնարավոր է, որ այդ նախարարությունը վերածվի ընդդիմության, անմիջապես այն ստեղծելու ծրագիրն արգելափակեց»: Ա. Քալաջյանը անդրադարձավ նաեւ մարտյան հայտնի դեպքերին, ասելով, որ մարտի 1-ը ժողովրդական ապստամբություն էր՝ բառի լայն իմաստով, բայց «մարտի 1-ը չպետք է համեմատել ապրիլի 24-ի հետ… Ժողովուրդը գնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից, շատերը նույնիսկ չհավատալով: Նա ճակատային արմատական միակ ընդդիմադիրն էր, իսկ իշխանություններն իրենց պոռթկումներն արտահայտելու համար դուրս եկան տերպետրոսյանական քաղաքական ուժերի դեմ: Արգելեցին, չթողեցին հանրահավաք անցկացնել, մարդիկ էլ ապրիլի 24-ին դուրս եկան ցույցի, չնայած գուցե գիտակցելով, որ դա սխալ է, որովհետեւ ապրիլի 24-ը պետք է մնա ոչ թե որպես բողոքի, այլ սգո օր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել