Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍՏԱԺԱՎՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ

Մայիս 02,2008 00:00

\"\"«Հանցագործը» գտնվել է, մնում է «տուժողին» ու «վկաներին» գտնեն

ՀՀ քաղաքացի, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ներսես Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը բավականին հետաքրքրիր պատմություն ունի: Նախաքննությունը շարունակվում է, նրա նկատմամբ 2007թ. նոյեմբերի 13-ից խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կալանքի ժամկետը կլրանա մայիսի 13-ին: Ուշադրության արժանի է այն, որ խափանման միջոց ընտրելիս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նիստը դռնփակ է տեղի ունեցել: Միջնորդությունն էլ ներկայացրել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժինը:

«Առավոտի» տեղեկություններն այս գործի հետ կապված՝ խիստ սահմանափակ են, քանի որ նախաքննությունն իրականացնող մարմինը գաղտնիություն է պահպանում, իսկ դատարանը դռնփակ նիստ է անում: Թովմասյանի պատմությունը հետաքրքիր է նրանով, որ մարդը պատահաբար է իմացել, որ հետախուզվել է, այն էլ 7 տարի: Փաստորեն, ունեցել է 7 տարվա հետախուզման «ստաժ»: Թովմասյանը մեղադրվում է ՌԴ Ռոստովի մարզի Բոկովսկի կայարանի «Ֆենիքս» սրճարանում «տուժող» Յուրի Ստրուկովի հետ վիճաբանելու, սուր կտրող գործիքով (հետագայում պիտի պարզվի՝ բրելոկով) նրան մարմնական վնասվածք հասցնելու համար: Իրականում, Թովմասյանը, իրոք, այդ ժամանակաշրջանում եղել է Ռոստովում, արտագնա աշխատանքի էր մեկնել, սակայն նա նախաքննության մարմնին հայտնել է, թե տուժողին չի ճանաչում, նրանից տեղեկություն չունի եւ չի ընդունում իրեն մեղսագրվածը:

Այս պատմության ընթացքը եղել է այն, որ Թովմասյանը եկել է Հայաստան՝ առանց տեղյակ լինելու, որ իր նկատմամբ 2001թ.-ին քրեական գործ է հարուցվել: 2006-ին նա դիմել է անձնագրային բաժին՝ ՌԴ մեկնելու համար անձնագրի ժամկետը երկարացնելու: Ըստ մեր տեղեկությունների, Թովմասյանին տարել են ոստիկանության քաղաքային վարչություն, ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին:

Սակայն տարօրինակ է, եթե Թովմասյանն իմանար իր նկատմամբ հետախուզման եւ հետապնդման մասին, տարիներ շարունակ քայլեր կձեռնարկեր հետապնդումից խուսափելու համար: Ինչը չի արել: Նրան բերման են ենթարկել Արաբկիրի տարածքում գտնվող այն տնից, ուր 7 տարի բոլորի աչքի առաջ ապրել է նա, որեւէ անգամ պատասխանատվության չի կանչվել կամ գործ չի ունեցել իրավապահ մարմինների հետ: ՀՀ իրավապահ մարմիններին հայտնի է եղել Թովմասյանի գտնվելու վայրը:

Այս տարիների ընթացքում պարզվել է, որ 2001-ին ՌԴ -ում հարուցված քրեական գործի նյութերը 2007-ին են ուղարկվել Հայաստան (նրանք էլ են Հայաստանի արդարադատական մարմինների նման «օպերատիվ» աշխատում- Ռ. Մ.): Նախ՝ գլխավոր դատախազություն, տարածքային դատախազություն ու ապա՝ Քանաքեռ-Զեյթուն ոստիկանության բաժին:

Ընդհանուր իրավասության դատարանը մարտին քննելով խափանման միջոցի ընտրման հարցը, գտել է, որ ոստիկանների միջնորդությունը պետք է բավարարել, քանի որ այն «օրինական է, ճիշտ եւ հիմնավորված»: Ի դեպ, մեր տեղեկություններով, մի դռնփակ նիստ էլ տեղի է ունեցել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում եւ դարձյալ կալանավորման «ճշտությունը» հիմնավոր է համարվել: 49-ամյա Ն. Թովմասյանն ունի 2 երեխա:

ՌԴ հոդվածով նախատեսված 2-8 տարվա պատիժը նույն հանցագործության համար Հայաստանում նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:

Կալանավորման 6 ամիսների ընթացքում Թովմասյանին հարցաքննել են 1 անգամ, ոչ «տուժողն» է գալիս Ռուսաստանից, որպեսզի ցուցմունք տա, ոչ էլ հայ «վկաները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել