Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան»՝ միջազգային բորսայում

Մայիս 02,2008 00:00

Ընկերությունը պատրաստվում է դուրս գալ տեղական եւ միջազգային՝ Լոնդոնյան ֆոնդային բորսա:

Այդ մասին հայտնեց «Արմավիայի» նորանշանակ կոմերցիոն տնօրեն Ժյուլեն Դյուֆուրը: Նրա խոսքերով՝ ընկերությանը նման առաջարկ է արել «Միջազգային ֆինանսական խումբը», որն ընդգրկված է Համաշխարհային բանկի կազմում: «Ծանոթանալով «Արմավիայի» գործունեությանը, չնայած որոշ թերություններին, այնուամենայնիվ, ընկերությունը աչքի է ընկնում թափանցիկությամբ եւ կորպորատիվ կառավարման արդյունավետությամբ, ուստի այն կարող է տեղական շուկայում IPO դուրս գալ, այսինքն՝ հայաստանյան ֆոնդային բորսայում իր բաժնետոմսերն ազատ վաճառել: Սակայն, եթե ընկերության ղեկավարները որոշեն դուրս գալ IPO, ես կարծում եմ, որ տեղական բորսայում դա անելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ընկերությունը պարբերաբար միջազգային աուդիտ է անցնում, ինչն էլ նրան իրավունք եւ հնարավորություն է տալիս դուրս գալ միջազգային բորսա, մասնավորապես՝ լոնդոնյան»,- նշեց Ժ. Դյուֆուրը:

Պարոն Դյուֆուրի կարծիքով՝ «Արմավիան» վերջին 3 տարիներին բավականին մեծ շրջանառություն է ունեցել: «Սակայն, եթե խոսվում է շրջանառության աճի մասին, պետք է նշել, որ զուգահեռաբար աճում են նաեւ ընկերության ծախսերը: Օրինակ, թանկացել են ավիավառելիքը, օդանավակայանային այլ ծառայությունները եւ այլն: Աճել են ուղեւորների ծառայությունների համար նախատեսված նավիգացիոն, ինքնաթիռներ գնելու համար լիզինգային ծախսերը»,- «Առավոտին» վստահեցրին «Արմավիայից»:

Նշենք, որ ընկերությունը շուրջ 30 ուղղություններով չվերթներ է իրականացնում ԱՊՀ եւ եվրոպական երկրներ: Իսկ Երեւան-Լոս Անջելես-Երեւան ուղերթը Դյուսելդորֆ քաղաքով մեծ քանակությամբ ուղեւորներ եւ ֆինանսական հոսքեր կապահովի, բացի այդ, «Էյր Բեռլինի» հետ պայմանագիրը թույլ կտա ուղեւորներին մատչելի գներով այցելել եվրոպական շատ երկրներ: «Արմավիան» մուտք է գործել նաեւ բալթյան եւ սկանդինավյան երկրներ՝ շնորհիվ Երեւան-Ռիգա-Երեւան չվերթի: Ընկերությունը վստահեցնում է, որ շուտով «Արմավիայում» կներդրվեն եվրոպական ստանդարտներին համապատասխան էլեկտրոնային տոմսեր:

Ըստ «Արմավիայի» պատասխանատուների, այս ոլորտի ներքին շուկայում բավականին լուրջ մրցակցություն կա:

Անդրադառնալով ավիատոմսերի՝ «Արմավիայի» կողմից գների զսպմանը, ընկերությունից վստահեցրին, որ դա արվում է ոչ թե ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունների կամ ավիաընկերությունների շարքային ներկայացուցիչների մակարդակով, այլ՝ ավելի բարձր մակարդակով:

Խոսելով Հայաստանի մասին, Ժյուլեն Դյուֆուրն ասաց, որ հիացած է Հայաստանով եւ հայ ժողովրդով. «Հայաստանն իր ավանդույթներով եւ կոլորիտով հրաշալի երկիր է: Չնայած ես առաջին անգամ եմ այստեղ, բայց իմ տպավորություններն այնքան վառ են, որ ինձ բոլորովին էլ օտար չեմ զգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել