Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ

Մայիս 02,2008 00:00

\"\"Հայաստանում ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների մասնակիցներից մեկը պնդում են, որ մրցույթները ձեւական բնույթ են կրում, ու դրանց հաղթողները կամ օլիգարխներն են, կամ՝ նախկին գծատերերը:

Հայաստանում ուղեւորափոխադրումներն իրականացնում են մատների վրա հաշված ընկերություններ, ու չնայած այս կամ այն երթուղու սպասարկման համար պարբերաբար հայտարարվող մրցույթներին, կարելի է ասել, որ գծատերերը չեն փոխվում ու շատ հաճախ առանց համապատասխանելու պահանջվող չափանիշներին, այս կամ այն երթուղին ուղղակի «ժառանգաբար» տնօրինում են:

Արդեն 4-րդ տարին է՝ Ստեփանավանում գործող «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցում է ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարվող միջմարզային եւ միջպետական մրցույթների, սակայն որեւէ անգամ հաղթող չի ճանաչվել: ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր Անուշավան Նիկողոսյանի հավաստմամբ, իրենք մշտապես ներկայացրել են մրցույթի համար պահանջվող բոլոր փաստաթղթերն ու համապատասխանել են պարտադիր պահանջներին: Ա. Նիկողոսյանի խոսքերով. «Երթուղի սպասարկելու համար առաջնահերթ պայմանը հանրապետական կամ օլիգարխ լինելն է, այլապես հանձնաժողովից զավեշտալի ու անհեթեթ հիմնավորումներով մերժում ես ստանում»:

Դեռեւս 2004-ին «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցության հայտ է ներկայացրել Կուրթան-Երեւան թիվ 440 երթուղու սպասարկման համար հայտարարված մրցույթին, սակայն նրա հայտը մերժվել է՝ իբրեւ թե համապատասխան փաստաթղթեր չունենալու պատճառաբանությամբ: Մրցույթը շահել է «Արսմաշ-Ավտո» ընկերությունը, որն, ըստ Ա. Նիկողոսյանի, Կուրթանում անգամ միկրոավտոբուսների հավաքակայան չի ունեցել, ինչը հանձնաժողովի կողմից մրցույթի մասնակցության պարտադիր պայման է: Նույն թվականին «Անդավը» բոլոր փաստաթղթերը ներկայացրել է նաեւ Ստեփանավան-Թբիլիսի միջպետական մրցույթին մասնակցելու համար: Այս անգամ էլ երթուղու սպասարկման իրավունքը հանձնաժողովը տվել է «Վանթով» կազմակերպությանը:Նշենք, որ մինչ այսօր այս երթուղին այդպես էլ չի շահագործվել: Ներկայումս այն սպասարկվում է միայն վրացական կողմից:

Հաջորդ տարի՝ 2005-ին «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցել է Ստեփանավան-Երեւան թիվ 411 երթուղին սպասարկելու համար՝ տրանսպորտի եւ կապի նախարարության հայտարարած մրցույթին: Նույն մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ «Մ.Գ. Հաուզինգ» ընկերությունը, որն էլ հաղթող է ճանաչվել: Այս երթուղին համարվում է ամենաեկամտաբերներից մեկը, քանի որ մշտապես ծանրաբեռնված է, ուղեվարձն էլ արժե 2 հազար դրամ: Նշենք նաեւ, որ բացի Երեւան-Բերդ թիվ 658, Բերդ-Երեւան թիվ 659 եւ միջքաղաքային այլ երթուղիներից, վերոնշյալ ընկերությունը մայրաքաղաքում սպասարկում է նաեւ թիվ 41, 81, 91, 95, 102 միկրոավտոբուսային եւ թիվ 26, 32 եւ 10 ավտոբուսային երթուղիները:

2007-ին «Անդավ» ՍՊԸ-ն մասնակցել է Մեծավան-Երեւան թիվ 420 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման համար հայտարարված մրցույթին, սակայն կրկին դուրս է մնացել: Մրցույթը շահել է նախկինում այս գիծը սպասարկող «Տիգրան» ՍՊԸ-ն: Ընդ որում, ըստ Ա. Նիկողոսյանի, «Տիգրան» ՍՊԸ-ի արտադրական բազան՝ որտեղ կայանում են միկրոավտոբուսները եւ որտեղ երթուղի դուրս գալուց առաջ կատարվում է դրանց տեխզննումը, գտնվում է ոչ թե, ինչպես կարգն է, Մեծավանում, այլ Երեւանում, սակայն նախարարության մրցութային հանձնաժողովը, չգիտես ինչու, այս հանգամանքի վրա աչք է փակել: Ստացվում է, որ երթուղի դուրս գալուց առաջ տեխզննում անցնելու համար միկրոավտոբուսները պետք է հասնեն Երեւան, հետո վերադառնան Մեծավան եւ ապա մտնեն երթուղի: Ինչ վերաբերում է վարորդների բուժզննմանը, ապա, ըստ Ա. Նիկողոսյանի, «Տիգրան» ՍՊԸ-ն այն պարզապես աչքաթող է արել:

«Անդավ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ խոսքերով. «Այս ոլորտում արդարության եւ ազատ մրցակցության մասին խոսելն ավելորդ է, քանի որ բոլոր հայտարարված մրցույթները ձեւական բնույթ են կրում»: Ա. Նիկողոսյանի կարծիքով, հենց ներկայիս օլիգարխ գծատերերին էլ աջակցելու համար է, որ նախորդ տարի կառավարությունը փոփոխություն կատարեց 2001-ին ընդունած «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման համար կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգում», քանի որ հանվել է, ասենք, արտադրական բազա ունենալու կետը, որը տարիներ շարունակ պարտադիր պայման է եղել, սակայն գծատերերից շատ քչերն են ապահովել:

«Անդավ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ բողոքի առնչությամբ մոտ 10 օր առաջ գրավոր դիմեցինք տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Չնայած 2 օր առաջ նախարարության տրանսպորտային տեսչության պետ Արշակ Պետրոսյանն «Առավոտին» վստահեցրեց, որ հարցերի պատասխանն արդեն պատրաստ է, սակայն երեկվա դրությամբ նախարարությունից մեր հարցերի պատասխանն այդպես էլ չստացանք:

Նշենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, «Մ.Գ. Հաուզինգը» պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Մելիք Գասպարյանին, «Տիգրան» ՍՊԸ-ն՝ պատգամավոր Հարություն Կարագյոզյանին (Կարամելի Հարութ), իսկ «Արսմաշ Ավտոն»՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ «Բոգո» մականունով հարազատներից մեկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. […] փորփրելուց պարզ դարձավ, որ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ն  գրանցված է  Երևանում` […]

Պատասխանել