Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՀԿԿ-Ն ՆՇԵՑ

Մայիս 02,2008 00:00

Երեկ՝ աշխատավորների միջազգային օրը, Հայաստանում նշեց միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, թեեւ կառավարական տոնացույցով մայիսի 1-ը նաեւ ոչ աշխատանքային էր: Հետխորհրդային շրջանում կոմկուսն այս օրը միշտ էլ համեստ է նշում՝ երթ մայրաքաղաքի գլխավոր փողոցներով նվագախմբի ուղեկցությամբ, ծաղիկներ են դնում Ալ. Մյասնիկյանի եւ Ստ. Շահումյանի արձանների եւ Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի ու անմար կրակի մոտ: Երեկ կոմունիստները միայն ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի արձանի մոտ եւ մեկուկես ժամանոց սակավաթիվ հանրահավաք արեցին այդ հրապարակում: Տարածքում ծփում էին Սովետական Հայաստանի եւ ՀԿԿ-ի դրոշները: Այս համեստությունը ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը բացատրեց այսպես. «ՀԿԿ կենտկոմի բյուրոն չէր կարող անտեսել, որ երկու ամիս առաջ անմեղ արյուն է թափվել Մյասնիկյանի արձանի մոտ. այսօր այդ մասով անցնել մայիսմեկյան տոնակատարությամբ՝ նվագախմբով, կեցցեներով եւ ուռաներո՞վ… Այդ պատճառով էլ մենք շրջաններից մեր կուսակիցներին չենք բերել, նախընտրեցինք համեստ հանրահավաք: Մենք եղել ենք ժողովրդի հետ եւ կմնանք նրա հետ: Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին»: Հանրահավաքը սկսելուց առաջ կոմունիստները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը: Իսկ հանրահավաքում քննադատական խոսքեր հնչեցին եւ իշխանությունների, եւ արմատական ընդդիմության նկատմամբ, խոսվեց սպասվելիք թանկացումների, գործազրկության, արտագաղթի մասին: Ռուբեն Թովմասյանը նաեւ ժողովրդին չհուսահատվելու կոչ արեց եւ խոստացավ, որ կգա այն ժամանակը, երբ Հայաստանում կրկին կհաղթի սոցիալիստական գաղափարախոսությունը, իշխանության կգա կոմկուսը ու մարդը նորից արժանապատիվ կյանքով կապրի: Իշխանությունների մայիսմեկյան միակ պատրաստությունը ՀԿԿ-ի հանրահավաքին ոստիկանների ներկայությունն էր՝ մեր ընթերցողին հայտնի ոստիկանության ծանր հրետանի Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: «Արտոնված-չարտոնված բոլոր միջոցառումներին մենք պարտավոր ենք լինել»,- «Առավոտի» հարցին պատասխանեց նա, իսկ ընկերոջ հետ կատակեց՝ «էս իմ տոնն ա, ես էլ նախկին կուսակցական եմ եղել»: Ի դեպ, հանրահավաքում հասարակական կարգ պաշտպանող մեկ տասնյակից ավելի ոստիկաններից բացի, «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում եւս տասից ավելի ոստիկաններ «դարանակալել էին» «ՌԱՖ» մակնիշի մեքենայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել