Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ընդդեմ «Հ1»-ի

Մայիս 02,2008 00:00

Իշխանականների հավաքներն է՞լ են սահմանադրական կարգի խախտմամբ եւ բռնի ուժով իշխանության զավթմամբ ավարտվում:

Երեւանի քաղաքապետարանը օրերս մերժել է Հայաստանի առաջադիմական կուսակցության՝ մայիսի 8-ին եւ 12-ին բողոքի ակցիաներ կազմակերպելու հայտը: Չնայած մերժմանը, ՀԱԿ-ն օգտվելով օրենքի այն տարրից, որ մինչեւ 100 հոգանոց ակցիաները կարող են առանց իրազեկման կայանալ, մայիսի 8-ին, ժամը 13-ին, իրենց բողոքով կհավաքվի Ռադիոտան մոտ, իսկ մայիսի 12-ին, ժամը 13-ին՝ ՀՀ-ում Եվրախորհրդի ներկայացուցչության: ՀԱԿ-ը բողոքի ակցիաներ է նախատեսում ընդդեմ Հանրային հեռուստաընկերության, որը համառորեն չի լուսաբանում այս կուսակցության գործունեությունը՝ չնայած այն բանին, որ ի պատասխան կուսակցության դիմումների, Հանրայինում մի քանի անգամ գրավոր խոստացել են առաջիկայում լուսաբանել առաջադիմականների գործունեությունը: Բացի այդ, ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը նամակով դիմել է ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչության ղեկավար Բոյանա Ուրումովային՝ ծանուցելով, որ իր ղեկավարած կուսակցությունն արդեն երկար ժամանակ «զրկված է մեր երկրում որեւէ հրապարակային խոսք հնչեցնելու հնարավորությունից»: «Հատկապես այն պահից, երբ կուսակցությունը սկսեց քննադատել բոլոր պատասխանատուներին՝ մեր երկրում տեղի ունեցող բազմաթիվ բացասական երեւույթների կապակցությամբ, երբ պահանջատիրություն սկսեց դրսեւորել պետական կառույցների հանդեպ ու փորձ արեց միավորել հասարակական որոշ խմբերի՝ միասնական հանրային կամք արտահայտելու նպատակով, մանավանդ պետական, ինչպես նաեւ այլ հեռուստաընկերությունները եւ բազմաթիվ թերթեր կտրուկ հրաժարվեցին լուսաբանել ՀԱԿ գործունեությունը»,- պարզաբանված է նամակում: Փաստելով, որ սա չի տեղավորվում նաեւ ՀՀ-ի՝ ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, Տ. Ուրիխանյանը տիկին Ուրումովային խնդրում է ԵԽ-ի անունից նպաստել մեր երկրում ժողովրդավարության կայացման համար կարեւոր տարրի՝ խոսքի ազատության հաստատման գործին՝ փաստորեն ջուր լցնելով «լեւոնականների» ջրաղացին:

Ի դեպ, Տ. Ուրիխանյանը դիմում է ներկայացրել նաեւ «Կայունություն» պետականության աջակցման հասարակական կազմակերպությունների միության խորհրդի անդամներին՝ հրաժարվելով խորհրդի նախագահի պաշտոնից, ավելին, նա իր ղեկավարած «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» հ/կ-ով դուրս է գալիս նաեւ «Կայունություն» միավորումից: Հետաքրքիրն այն է, որ մի քանի տարի առաջ, երբ ստեղծվում էր «Կայունությունը», համառորեն լուրեր էին պտտվում, որ այն իշխանական հ/կ-ների միավորում է, իշխանության կողմից ֆինանսավորվող կառույց, որը ծառայելու է իշխանական նախաձեռնություններին «ուռա» գոռալու գործին: Հիշեցնենք, որ կառույցին անդամակցում էին իշխանական մտավորականներ Ռազմիկ Դավոյանը, Արամայիս Սահակյանը եւ այլք, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Իր հրաժարականի տեքստում «սերժական» Տիգրան Ուրիխանյանը գրում է. «Աննպատակահարմար եմ գտնում ծավալել կեղծ գործունեություն՝ ազնիվ պոռթկումով եւ բարի ցանկություններով միավորված բազմաթիվ հ/կ-ների կողմից ստեղծված այդ միավորման մեջ: Ինձ համար ընդունելի չէ այն, որ մի շարք անհատներ եւ հ/կ-ներ, մանավանդ նախընտրական շրջանում, բազմաթիվ անգամ հանդես էին գալիս «Կայունության» անունից, որեւէ կապ չունենալով այդ միավորման հետ: Ակնհայտորեն նկատվում էր ինչ-որ շահագրգռություն, որի շրջանակներում գրեթե բոլոր լրատվամիջոցները շրջանառում էին իբր «Կայունության» նախաձեռնությունները, որոնց առթիվ չեն կայացվել օրինական որոշումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել