Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՀԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ

Մայիս 02,2008 00:00

\"\"Անկախության հռչակումից հետո անդամագրվելով եվրոպական տարբեր կառույցներին, վավերացնելով Եվրոպայում գործող մի շարք պայմանագրեր՝ Հայաստանն ընտրեց այդ ապրելակերպը, բնականաբար, իր վրա պարտավորություն վերցնելով կյանքի տարբեր բնագավառները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

Այս համատեքստում վերլուծելով Հայաստանի եվրաինտեգրման անցած տասը տարիները՝ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը մեղադրում է եվրոպական կառույցներին Հայաստանի պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու, ավելին՝ իրենց թերացումներում Հայաստանի իշխանություններին աջակցելու, խրախուսելու մեջ. «Եվրախորհրդին անդամագրվելուց հետո Հայաստանում անց են կացվել 2 նախագահական, 2 ԱԺ ընտրություններ, մեկ Սահմանադրական հանրաքվե: Բոլորը եղել են հիմնովին կեղծված: Բայց դրանց հաջորդել են ջերմ շնորհավորանքները: Միամտություն է կարծել, թե եվրոպական կառույցները պատշաճ տեղեկացված չեն: Ուրեմն, շատ լավ գիտենալով, որ ընտրությունները Հայաստանում ուղեկցվել են համատարած ընտրակաշառքով, հետապնդումներով, բռնություններով, քվեների թալանով՝ այնուամենայնիվ, շնորհավորում եւ լեգիտիմացնում էին ռեժիմին»: Մեր զրուցակիցը համարում է, որ՝ «Սա աչքակապություն է, երկակի ստանդարտների ուղղակի կիրառում՝ մի երկրում քվեներ գողանալ թույլ չենք տա, մյուսում՝ թույլ կտանք, իսկ երրորդում կխրախուսենք, որ ամեն կերպ պահպանի իշխանությունը: Մարտի 1-ը ցնցեց աշխարհին, իսկ իրենք ասում են՝ «ենթադրյալ քաղբանտարկյալներ…»: Այսպիսի կառույցների հետ մենք պայծառ ապագայի՝ ինչպես իրենք են ներկայացնում, հասնել չենք կարող»: Անգլիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների նման վարքագիծը մեր զրուցակիցն այսպես է բացատրում. «Միայն սեփական ազգային շահերի հետապնդումով, որոնց ավելի հեշտ է հասնել, եթե այստեղ թույլ եւ ոչ լեգիտիմ, այսինքն՝ մանիպուլյացիաների ենթակա իշխանություն լինի»:

«Առավոտի» դիտարկմանը՝ մեղադրում ենք այլոց, սակայն արդյոք մենք ցանկացել ենք ժողովրդավար լինել, եվրոպացիներն է՞լ խանգարել են, Վ. Շիրխանյանը պատասխանում է. «Այո, նրանք խրախուսել են իշխանությունների կեցվածքը՝ արեք ինչպես ուզում եք, եթե մնացիք՝ մենք ձեզ կպաշտպանենք: Իսկ ժողովուրդը միշտ արդար է քվեարկել, նույնիսկ այն ժամանակ, երբ չի ունեցել ընդգծված լիդեր: Ժողովուրդը միշտ քվեարկել է այս իշխանությունների դեմ: Այլ բան է, որ մենք պետք է տարանջատենք եվրաքաղաքակրթությունը, որը համաշխարհային արժեք է, այսօրվա եվրաէլիտայի վարած քաղաքականությունից, որի առաջին զոհը ինքը Եվրոպան է»: Այն, որ շատ գործիչներ 2008 թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ ընդունած ԵԽԽՎ բանաձեւը որակում են «բավականին կոշտ», մեր զրուցակցի մոտ թերահավատություն է առաջացնում. «Մնում է շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ-ին, որ չնկատեց 2003–ի, 2004-ի ապրիլին կալանավորված քաղբանտարկյալներին, իսկ այսօր աչքերը բացեց: ԵԱՀԿ առաջին զեկույցն էլ ինձ չի զարմացնում։ Ընտրությունները իրոք ընթացել են Հայաստանի համար նրանց սահմանած ստանդարտներով, ինչի արդյունքում պետք է ձեւավորվեր մաքսիմալ կառավարվող իշխանություն։ Եվրաինտեգրացումը Հայաստանում տեղի է ունեցել Հայաստանի իրականության հետ ոչ մի կապ չունեցող, օտար կլիշեներով, եւ մենք այսօր ունենք հակաժողովրդավարական, հակաշուկայական, հակասահմանադրական, վայրագ լիբերալիզմի երկիր։ Արժե՞ արդյոք սրա համար նրանց շնորհակալություն հայտնել»:

«Առավոտի» դիտարկմանը՝ ազատական տնտեսության հիմքերը Հայաստանում դրվեցին առաջին նախագահի օրոք, ում նախագահական ընտրություններում սատարեց ու շարունակում է սատարել ՍԴՀԿ-ն, Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Առաջին նախագահի ժամանակ տեղի ունեցավ հողի սեփականաշնորհում, որը հնարավորինս արդար եւ ճշմարիտ ճանապարհով եղավ: Այնուհետեւ սեփականաշնորհվեցին մանր օբյեկտները: Ամենալուրջ ու վայրագ սեփականաշնորհումը իրականացվել է Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ կապի, ոսկու համակարգեր, կոնյակի գործարան, էլեկտրացանցեր, հսկա գործարաններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել