Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ

Մայիս 01,2008 00:00

Սպիտակ քաղաքում գնալով թեժանում է նախընտրական պայքարը: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», նախընտրական քարոզարշավի առաջին օրը իր տան բակում հրդեհվել էր թեկնածու Գագիկ Սահակյանին սատարող Ալիկ Սարգսյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հեղինակը դեռեւս չի բացահայտվել: Ապրիլի 27-ին ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքապետի թեկնածուներ՝ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանի եւ ԲՀԿ-ական Արտյոմ Մակարյանի կողմնակիցների միջեւ: Ըստ «Առավոտի» աղբյուրի, մինչ ծեծկռտուքը Վանիկ Ասատրյանի հորեղբայր Արշալույս Ասատրյանը ճանապարհին հանդիպելով Արտյոմ Մակարյանի շտաբի գործավարուհուն, նրանից պահանջել է բացել պայուսակը, որպեսզի ինքը ստուգի՝ այնտեղ կա՞ն անձնագրեր, թե՝ ոչ, քանի որ ինքը լուրեր է լսել, թե ԲՀԿ-ի շտաբը անձնագրեր է հավաքում: Գործավարուհին հրաժարվել է կատարել Ասատրյանի պահանջը: Այնուհետեւ, ըստ մեր աղբյուրի, Արտյոմ Մակարյանի շտաբի աշխատակցուհի Կարինեի տուն են «այցելել» Արարատ Ավետիսյանը՝ Վանիկ Ասատրյանի քեռու տղան եւ ԲՇՏ-ի աշխատակից ոմն Սոս, եւ տանտիրուհուց հաշիվ պահանջել, թե ինչու են անձնագրեր հավաքում: «Հյուրերի» զրույցին միջամտել է Կարինեի ամուսինը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է եւ պահանջել ազատել իր տունը: «Հյուրերը», սակայն, քաշքշել են նրան եւ վայր գցել: Կարինեն անմիջապես զանգել է շտաբ, որտեղից եկած մարդիկ նախ պահանջել են ազատել տունը, սակայն դիմադրության հանդիպելով՝ ծեծել են անկոչ հյուրերին եւ իրենց հետ տարել Վոլոդյա Ավետիսյանի ավտոմեքենան, այն կանգնեցրել իրենց շտաբի բակում եւ սպասել, թե ով է գալու մեքենայի հետեւից: Այդ համարձակը եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Ղոչիկյանը՝ քաղաքի ոստիկանության բաժնի պետ Սերգո Ավետիսյանի փեսան: Վահեն նույնպես ծեծի է ենթարկվել: Վանիկ Ասատրյանի շտաբը դիմել է ոստիկանություն: Հարցին, թե ինչո՞ւ են իր թիմակիցները գնացել Արտյոմ Մակարյանի շտաբի աշխատակցի տուն, Ասատրյանն ասաց. «Իմ մարդիկ այդ թաղամաս էին գնացել ինժեների տուն՝՝ շինարարական գործերով, նրանք էլ ճանապարհին բռնել-ծեծել են այդ մարդկանց եւ տարել ավտոմեքենան: Սա իրենց կողմից սարքված սադրանք է, որը կբացահայտեն իրավապահները»: Փորձեցինք լսել նաեւ Արտյոմ Մակարյանին, սակայն շտաբից մեզ ասացին, որ թեկնածուն ընտրողների հետ հանդիպման է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել