Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազությունը փախցրեց վկաներին

Մայիս 01,2008 00:00

\"\"Երեկ միանգամից ութ վկա տարբեր պատրվակներով հրաժարվել էր ներկայանալ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու Պետրոս Մակեյանի դատավարությանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի եւ Պետրոս Մակեյանի դատը: Նրանք մեղադրվում են Գյումրիի թիվ 34/06 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները «սպառնալիքներով ու հայհոյանքներով խոչընդոտելու՝ շուրջբոլորը վախ եւ անվստահություն սերմանելու» մեղադրանքով: Նախորդ նիստին երկու վկայի համարձակ, անկեղծ խոստովանության շնորհիվ դատավարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրապետությունով մեկ, եւ այդպես շարունակվելու դեպքում դատարանը ստիպված կլիներ ընդունել ամբաստանյալների անմեղությունը: Հավանաբար այդ օրվա խայտառակությունը էժան չէր նստել մեղադրող կողմի վրա, եւ նեղն ընկած դատախազությունը երեկ դիմել էր փրկարար հնարքի՝ վկաներին թույլ չէր տվել դատարան ներկայանալ: Դատը սկսվելուն պես դատավոր Վահե Խալաթյանն ընթերցեց վկաների դիմումները: Նրանցից մի քանիսը գրել էին, որ «դատարանը չի կարող ապահովել իրենց անվտանգությունը՝ այնտեղ հավաքված անքաղաքավարի ամբոխից, որն իրենց ենթարկում է հոգեբանական ճնշումների, վիրավորանքների», մի քանիսը «ընտանեկան խնդիրներ ունեին», մեկը վատառողջ էր, իսկ մեկ ուրիշը «լքել էր հանրապետությունը»:

Չնայած ժողովրդի «ամոթ, ամոթ» վանկարկելուն՝ դատախազ Արմեն Բոշնաղյանը վատ չզգաց դատավարության հետաձգման գույժը հայտնելուց: Ըստ նրա՝ առանց վկաների դատ չի լինում, եւ դատախազությունն ինքը կհրապարակի հանրապետությունից բացակայողների նախնական ցուցմունքները, որոնք էլ հիմք կընդունվեն: Այս հայտարարությունը չափազանց զայրացրեց փաստաբան Հովիկ Արսենյանին. «Ինձ համար այս պատմությունը շատ տհաճ է, երեկ ինձ հայտնի դարձավ, որ վկաներ չեն լինելու: Սա կազմակերպված էր, հասկանալի է, բայց դուք պարտավոր էիք նրանց ներկայությունն ապահովել, պահանջեք տեղեկանքներ ներկայացնել, թե բացակայողները որտե՞ղ են, եւ ինչպե՞ս է, որ վկաները, դատարանում ներկա չլինելով, դահլիճում հավաքվածներին անքաղաքավարի ամբոխ են անվանում»: Հաջորդեց Պետրոս Մակեյանի ու Շոթա Սաղաթելյանի դժգոհությունը. «Վեց-յոթ հոգի ինչպե՞ս միանգամից որոշեցին դատին չներկայանալ, սա նախապատրաստված է հանցագործ ձեւով: Տեսաք, որ գործը փլուզվում է, այս սցենա՞րը կազմակերպեցիք, այդ դեպքում փոխեք մեր խափանման միջոցը, միգուցե վկաները երբեք էլ Հայաստան չգան, մենք ընդմիշտ կալանավորվա՞ծ ենք մնալու»: Մակեյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց փոխել ամբաստանյալների խափանման միջոցը՝ ազատ արձակել, մեկ անգամ եւս հիշեցնելով իր պաշտպանյալի կենսագրությունը՝ Արթիկի շրջկոմի նախագահ, Շիրակի փոխմարզպետը լինելը: Ֆրանսիայի Ժանդարմների բարձրագույն դպրոցում զինվորական կրթություն ստացած Աշոտ Զաքարյանի մասին խոսելիս նրա փաստաբան Միշա Զաքարյանը եւ Հովիկ Արսենյանը կարծիք հայտնեցին. «Նա քայլող լեգենդներից մեկն է, ու մենք՝ ես, դուք, բարոյական իրավունք չունենք նրա հետ այսպես վարվելու: Մի՛ մասնակցեք արդարադատության սպանդին»:

Չնայած դահլիճի՝ «Հիմա՛, հիմա՛, որոշո՛ւմ, որոշո՛ւմ» վանկարկումներին՝ դատարանը չբավարարեց փաստաբանների միջնորդությունը, ասելով, որ այն կքննարկեն հաջորդ նիստին: Հովիկ Արսենյանը դարձյալ զայրացավ. «Հասկանալի է, սպասում եք քաղաքական հանձնարարության, բայց մենք միջնորդություն ենք ներկայացրել, որոշում կայացրեք»: Դատավորը ժողովրդի ճնշման տակ հինգ րոպե շարունակ չգիտեր՝ ինչ պատասխաներ, այնուամենայնիվ, ուժերը հավաքեց, կարմրելով հայտարարեց դատը մեկ շաբաթով հետաձգելու մասին ու մի կերպ փախավ դահլիճից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել