Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՆ»

Մայիս 01,2008 00:00

Ըստ պարուսույց Կարեն Միքայելյանի՝ մեր ռազմի պարերն էլ կարող են ողջ աշխարհով տարածվել

Ժամանակակից պարերի ուսուցումը մեր իրականությունում սկսվեց 1980-ականների վերջին: Այսօր արդեն Հայաստանում գործում են հարյուրավոր նման պարային խմբեր: Դրան զուգահեռ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե այդ ոլորտի պարուսույցներից շատերը պրոֆեսիոնալներ չեն: Նկատենք, որ պարարվեստի ուսումնարանն էլ չունի ժամանակակից պարերի բաժին: Հանդիպեցինք Հայաստանում առաջիններից ասպարեզ ելած «Արայի դանս շոու» խմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Միքայելյանի հետ: Նա խոստովանեց, որ մինչեւ հիմա համապատասխան գրականություն ստանում էր դրսից, ու այս տարվա ընթացքում լույս կտեսնի իր հեղինակած «Ժամանակակից պարերի ուսուցման մեթոդիկան»:

Մեր զրուցակիցը նախ պարզաբանեց, որ ժամանակակից պարարվեստը ընդգրկում է սոցիալական ուղղվածության շուրջ 50 պարաոճ: Դրանցից յուրաքանչյուրն իր երկրի ֆոլկլորային պարն է, որը ժամանակի ընթացքում զարգացում ապրելով՝ դուրս է եկել տվյալ երկրի սահմաններից. «Փողոցային մրցույթներում կատարվող ժամանակակից պարերից շատերը այսօր ընդգրկված են նաեւ «Գրեմմիի» անվանակարգերում»:

Կ. Միքայելյանը օրինակ բերեց հիփ-հոփ պարաոճը. «Սա աֆրո-ամերիկացիների ֆոլկն է: Աֆրոամերիկացիները, բնակվելով Ամերիկայի աղքատ թաղամասերում, մասնավորապես՝ Բրոնքսում, իրենց բողոքի ձայնը վերին ատյաններին հասցնելու համար ընտրել են երգի ու պարի սինթեզը՝ ռեփային տարբերակը ուղեկցելով պարային յուրօրինակ շարժումներով: 1960-ականներից հիփ-հոփը զարգանալով ձեռք է բերել երեք ուղղվածություն՝ պար, գրաֆիտի (նկարազարդումներ պատերին) եւ DJ-արվեստ»:

Մեր զրուցակիցը համաձայնեց, որ այսօր ժամանակակից պարարվեստի ոլորտում պրոֆեսիոնալ պարուսույցները չեն գերակշռում, նաեւ հայտնեց, որ Հայաստանում դեռեւս 80-ականներին ժամանակակից պարերի «ներմուծողը» հայ պարարվեստի երախտավոր Հովսեփ Շամամյանն էր, ինքն էլ ուսանել է վերջինիս սանի՝ Կարո Կիրակոսյանի ղեկավարությամբ:

«2007թ.-ից Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում ուսուցանվում են սոցիալ ուղղվածության պարեր՝ պատրաստելով պարուսույցներ: Իսկ մինչ այդ, դասավանդվում էին նաեւ պատմակենցաղային (այսինքն՝ պալատական պարեր՝ պոլոնեզ, մազուրկա, գավոտ եւ այլն), ինչպես նաեւ լատինամերիկյան (ռամբա, սամբա, չա-չա-չա եւ այլն) պարեր»,- ասաց պարուսույցը: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է մեր ազգային պարերն էլ երբեւէ միջազգային ճանաչման արժանանան: Կ. Միքայելյանը պատասխանեց. «Լատինամերիկյան պարերը, օրինակ՝ արգենտինյան տանգոն կամ կարիբյան ավազանի պարերը՝ սալսան, մերենգեն եւ մյուսները, այսօր ողջ աշխարհն է պարում: Չեմ բացառում, որ մի օր էլ, օրինակ, մեր քոչարին նման պատվի արժանանա: Ճապոնիայի պարային ակումբներից մեկում ճապոնացի պարուսույցը արդեն տարիներ շարունակ ուսուցանում է հայկական քոչարին: Հայկական պարերը կարելի է սովորել նաեւ Իսպանիայում եւ Ֆրանսիայում: Ի դեպ, մեր պարերը լիրիկական են, ոչ թե բողոքական: Ունենք ծիսական, ռազմի, անգամ սգո պարեր… Պարտադիր չէ, որ պարի լեզվով միայն բողոք արտահայտվի: Անձամբ ես կուզեի, հասկանալի պատճառով, որ աշխարհով մեկ տարածվեն հատկապես մեր ռազմի պարերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել