Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայքար «փուչիկների» դեմ

Մայիս 01,2008 00:00

Գիտության պետական կոմիտեի նախագահը արժեք ներկայացնող գիտնականներին կտարանջատի «կեղծերից»

Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա խոսեց ՀՀ գիտության ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: «Խորհրդային տարիներին Հայաստանը համարվում էր գիտական հանրապետություն: Այդ տարիներին գիտությունը բավականին լուրջ ֆինանսավորում ուներ՝ մոտ 400 մլն դոլարի չափով, գումարած ռազմական գիտությանը հատկացվող գումարները: ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ի համար մեծ խնդիրներ առաջացան: Գիտության ասպարեզում այլեւս կենտրոնական ֆինանսավորում գոյություն չուներ, Հայաստանում եղավ ծանր երկրաշարժ, ղարաբաղյան պատերազմը, ուստի 1990-ականներին Հայաստանը հայտնվեց ահավոր վիճակում: Անկումը շարունակվեց մինչեւ 1996-1997-ը… Գիտական ասպարեզում առաջընթաց ունենալու համար հարկ է մտնել համաշխարհային գիտական հանրություն, ինտեգրվել եվրոպական եւ համաշխարհային գիտության ընտանիք»,- ասաց Ս. Հարությունյանը: Նա նշեց, թե արդեն 4 ամիս գործող գիտական կոմիտեն պիտի բարեփոխումներ կատարի՝ մշակելով խաղի նոր կանոններ եւ ռազմավարական ծրագիր: Կկատարվի գիտական հիմնարկների անձնագրավորում, կվերանայվեն աստիճանաշնորհման, ֆինանսավորման համակարգերը: Կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին ղեկավարն ասաց. «Գիտության տարբեր ճյուղային պատկանելության հիմնարկներ կան՝ ակադեմիան եւ բուհական գիտությունը: Խորհրդային ժամանակներից եկած այս տարանջատվածությունը շատ է խանգարում: Փոքր երկրներում նման բեւեռացումը՝ բուհ, ակադեմիա եւ ճյուղային նախարարություններ, լուրջ հաջողություններ բերել չի կարող»:

Իսկ միջազգային համագործակցության մասին պարոն Հարությունյանը հայտնեց. «Ցավոք, ՀՀ-ում մինչեւ հիմա բացակայել է համաֆինանսավորման տարբերակը, համագործակցությունը մի շարք միջազգային կառույցների հետ, որոնք գիտական ֆինանսավորմամբ են զբաղվում: Այսինքն՝ երբ պետությունը տալիս է գումարների մի մասը, մյուսը՝ միջազգային կառույցները: Մեր երկրում դրամաշնորհները մինչեւ հիմա անձնական կապերով են տրվել, մինչդեռ այդ հարցում պետական մոտեցում է անհրաժեշտ»:

ԳԱԱ հաշվետու ժողովին կոմիտեի եւ իր հասցեին հնչած քննադատությունների մասին Ս. Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Դրանց լուրջ չեմ վերաբերվում: Կոմիտեն ձեւավորվել է մի քանի ամիս առաջ, ուստի որոշ ակադեմիկոսների այն որակումները, թե այն ղեկավարում է համալսարանական կոռումպացված մաֆիան, առնվազն ծիծաղելի է: Կոռումպացված բառը օգտագործելիս պիտի նայել մարդու կենսագրությունը: Կարող եք հետաքրքրվել, թե ինչպիսին եմ եղել ես ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ԵՊՀ պրոռեկտոր եղած ժամանակ եւ Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանում աշխատելու տարիներին: Կոմիտեում կա 43 հաստիք, որից ընդամենը 4 մարդ է համալսարանից՝ ես եմ, վարորդս, օգնականս եւ վարչության պետերից մեկը»: «Առավոտի» դիտարկմանը, որ օրերս ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ՀՀ նախագահը վերջ դրեց կոմիտեի ավելորդության մասին տրտունջներին, արդյո՞ք առիթից օգտվելով կոմիտեի նախագահը չի ճնշի իր համար ոչ ցանկալի գիտնականներին, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Որեւէ մեկին ճնշելու ցանկություն չունեմ: Ընդհակառակը, այն գիտնականներին, որոնք լուրջ արժեք են ներկայացնում՝ օգնելու եմ, իսկ նրանց դեմն առնելու եմ, ովքեր փուչիկ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել