Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՑՆՑԵԼ Է ՆՈՐՔԸ

Մայիս 01,2008 00:00

\"\"Ապրիլի 6-ին «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվեց հաղորդում, որ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Վաղարշակ Ոսկանյանի դիակը:

ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկության համաձայն, «օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը Նորքի 5-րդ փողոցում 1983թ. ծնվ. Արազ Բ.-ն, 1978թ. ծնվ. Սուրեն Ծ.-ն, 1979թ. ծնվ. Ռաֆիկ Բ.-ն եւ 1984թ. ծնվ. Վարազդատ Ա.-ն անհիմն վիճաբանել ու ծեծի են ենթարկել 1972թ. ծնվ. Հայկ Մ.-ին, Խաչատուր Ա.-ին, Վարդան Լ.-ին, Վ. Ոսկանյանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»:

Վաղարշակ Ոսկանյանի մահվան վկայականում նշված է, որ նա մահացել է «գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, գանգուղեղային փակ բութ վնասվածքից»:

Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 6-ի գիշերվա ժ.12-ի սահմաններում:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Վաղարշակ Ոսկանյանի կինն ասաց, որ ամուսինը, որը վարորդ է աշխատում տուրիստական կազմակերպություններից մեկում, այդ ժամին հորեղբոր փեսայի հետ դուրս է գալիս՝ ինչ-որ մեկից անձնագիր վերցնելու: Նորքի նշված հատվածում նրանք տեսնում են մոտ 20 երիտասարդների, որոնցից «քեֆը լավ» մեկը գարեջրի շիշը նետում է նրանց մեքենայի ուղղությամբ: Երիտասարդների մեջ Վ. Ոսկանյանի հարազատները ճանաչում են ԱԺ հանգուցյալ պատգամավոր Արմենակ Արմենակյանի որդուն՝ Վարազդատին («Վարոյին», որը փախուստի մեջ է), ՆԳ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի փեսային՝ «Ռաֆուլիկին» (նույնպես փախուստի մեջ է), թաղային հեղինակություններ «Արազիկին», «Գոջոյին»: Սկսվում է քաշքշոց: Նորքեցիների վկայմամբ, վեճը հրահրած «կողմը» սպասում էր մեկ այլ «հրոսակախմբի», իսկ տարօրինակ զուգադիպությամբ նրանց «անհանգստացրել» էին Վ. Ոսկանյանի հետ եղած 4 անձինք: Հրահրիչների մեջ կային ոգելից օգտագործած անձինք էլ:

Իրարից ներողություն չխնդրելու հետեւանքն այն է լինում, որ ծեծի են ենթարկվում Ոսկանյանի կողքին գտնվողները, ապա Վաղարշակը, որը ծնոտին ստանում է ուժեղ հարված: Ոսկանյանի կնոջ պատմելով, ամուսնու վնասվածքները հիմնականում գլխին էին, դեմքին: Իսկ դիահերձարանից բերելիս փակ էին նրա ձեռքերը: «Ամուսինս թշնամի չուներ: Լրիվ անմեղ զոհվել է: Խմիչքի նկատմամբ ընդհանրապես սեր չուներ: Հալալ քրտինքով աշխատող մարդ էր: Հազիվ էինք ծերը- ծերին հասցնում մեր երկու անչափահաս երեխաներին պահելու համար»:

Երեկվա դրությամբ, այս գործով, ըստ հարազատների, որեւէ մեկը «բռնված» չէր, երիտասարդի կյանքը խլածներից շատերը ազատորեն ման են գալիս տարածքում: Նրանք գիտեն, թե հատկապես ո՛ւմ հարվածից սպանվեց անմեղ երիտասարդը:

Հ. Գ. Երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացանք, որ կալանավորվել է Արազ Բալագյոզյանը, որն ընդունել է, թե ինքն է հարվածել Ոսկանյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել