Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ «ԼԵՎՈՆԱԿԱ՞Ն» ԳՅՈՒՂԵՐԸ

Մայիս 01,2008 00:00

\"\"Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո ներդրողները մտքները չեն փոխել, ընդդիմադիր գյուղերի գյուղապետերն ինքնակամ են հրաժարական տվել, ստուգումներն էլ «սրբազան» պարտականություն են, ոչ թե հետապնդում:

– Պարոն Ղահրամանյան, վերջերս Ձեր նախաձեռնությամբ ԱՊՀ երկրներում ապրող ծնունդով արմավիրցի գործարարները հրավիրվեցին մարզ եւ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզում ներդրումներ անել: Մարտիմեկյան հայտնի դեպքերից հետո գործարարներն իրենց միտքը չե՞ն փոխել:

– Այդ հարցը որեւէ առնչություն չունի մարտիմեկյան իրադարձությունների հետ: Վախի մթնոլորտ ես չեմ զգացել: Մշտական կապի մեջ ենք ներդրումներ անող գործարարների հետ, օրերս էլ հանդիպում ունեցա Յարոսլավլի հայ համայնքի ղեկավարի հետ: Այդ հանդիպումների արդյունքում այս տարի մարզից շուրջ 4 հազար տոննա պոմիդոր են մթերելու, այնպես որ՝ որեւէ խնդիր չի առաջացել:

– Լուրեր կան, որ ձեր մարզի որոշ գյուղապետեր հայտնվել են «սեւ ցուցակում», ինչ է թե՝ նախագահական ընտրություններում այդ գյուղերում ձայների մեծամասնությունը եղել է հօգուտ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ որ այդ համայնքների գյուղապետարաններում վերջերս Արմավիրի մարզպետարանի կողմից կատարվող ստուգումները, ինչպես նաեւ Արշալույսի գյուղապետի հրաժարականը պայմանավորված են հենց այդ փաստով:

– Դրանք ճիշտ լուրեր չեն: Ինձ համար գոյություն չունի լավ կամ վատ գյուղապետ, ինձ համար կան լավ կամ վատ աշխատողներ: Այսքան չարչարվում, տանջվում ենք, որ րոպե առաջ ազգաբնակչության խնդիրներին լուծում տանք, իսկ շատ գյուղապետեր դեռեւս աշխատում են հին մեթոդներով: Այսինքն, այն պարտականությունները, որ գյուղապետի վրա են դրված՝ հողի, գույքահարկի հավաքագրումը, պիտի սրբորեն կատարեն: Պիտի գիտակցեն, որ հողի եւ գույքահարկի ամբողջ հասույթը գյուղի կարիքների համար է ծախսվելու: Պետությունն իր պարտականությունը՝ սուբսիդիան, 100%-ով կատարում է, բայց գյուղապետերը հենց այստեղ լավ ու վատ են անում եւ իրենց հարազատներից հարկերը չեն հավաքում: Մեր կողմից դա էլ է ուսումնասիրվելու, քանի որ գյուղացիները պիտի հավասար պայմաններում գտնվեն: ՏԻՄ ընտրություններ են գալիս եւ շատ գյուղապետեր վատամարդ չլինելու համար չեն ցանկանում իրենց պարտականությունները լիարժեք կատարել: Այժմ էլ ստուգումների հարցն են շահարկում, ասեմ, որ դա մեր քմահաճույքով չի արվում: Սահմանված կարգով բոլոր համայնքները պիտի ստուգվեն: Դա մեր սրբազան պարտականություններից է, եւ չի կարելի այն կապել ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է Արշալույսի գյուղապետին, ապա նա իր հրաժարականի մասին անձամբ է դիմում գրել, ես այստեղ ոչ մի կապ չունեմ: Այդ քայլը բացատրել է իր առողջական խնդիրներով, անցյալ տարի նա սրտի բարդ վիրահատության է ենթարկվել, կառավարությունն էլ հարգել է նրա դիմումը:

– Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ միջազգային կառույցները կոշտ հայտարարություններ արեցին ու անգամ սպառնացին Հայաստանին զրկել «Հազարամյակի մարտահրավերներից», որի միջոցներով իրականացվում է մարզերի զարգացման ծրագիրը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե այդ ծրագիրը սառեցվի, կառավարությունը ֆինանսավորման այլ աղբյուրներ կգտնի: Արմավիրի մարզպետարանը կարո՞ղ է այլ միջոցներ հայթայթել:

– Ինչ վերաբերում է «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի սառեցմանը, ես կարծում եմ, որ դա 2 պետությունների քաղաքական աշխատանքների եւ քաղաքական հարաբերությունների արդյունք է: Սակայն չեմ կարծում, որ ծրագիրը կսառեցվի: Եթե նույնիսկ սառեցվի էլ, գտնում եմ, որ ՀՀ բյուջեն այդ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունն ունի, իսկ մարզում աշխատանքները ֆինանսավորվում են պետբյուջեի միջոցներից:

– Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից 105 լրագրողի շրջանում անցկացված հարցման արդյունքում 2007-ին դուք ճանաչվել եք միակ փակ աշխատող մարզպետը: Արդյո՞ք դժվար է լրատվամիջոցների հետ շփվելը:

– Ինձ համար տարօրինակ է այդ մոտեցումը, մենք որեւէ լրագրողի առաջ որեւէ բան չենք փակել: Կա՞ այդպիսի լրագրող, որ եկել է այստեղ ու ինֆորմացիա չի ստացել: Համենայնդեպս, ես չգիտեմ նման լրագրողի: Մեր դռները միշտ բաց են:

– Մարզում ինչպե՞ս են ընթանում գարնանային գյուղատնտեսական աշխատանքները, արմավիրցիները դժգոհում են, որ իրենց՝ օրենքով նախատեսված 500 կգ-ից մոտ 100 կգ է պարարտանյութ հասել: Մնացածը գյուղացիները ստիպված թանկ գներով են ձեռք բերել:

– Մեր մարզը միակն է հանրապետությունում, որ կառավարության տրամադրած պարարտանյութն ամբողջությամբ վերցրել է, բայց պահանջարկն ավելին է, քան տրամադրվածը, քանի որ տարեցտարի մշակվող հողատարածքներն ավելանում են: 2006-ի համեմատ, 2007-ին մարզում լուրջ առաջընթաց կա: Անցյալ տարի միայն 105 հազար տոննա խաղող ենք ունեցել, 348 հազար տոննայից ավելի բոստանային կուլտուրաներ: Այս տարի էլ խաղողի բերքը սպասվածից ավելի ենք ունենալու, ծիրանի բերքն էլ է լավ: Սերժ Սարգսյանը, երբ ընտրվելուց հետո մեր մարզում հանդիպեց թռչնաբույծների հետ, հանձնարարություն տվեց գյուղնախարարին եւ ինձ՝ մարզում եգիպտացորեն ցանել: Արդեն 500 հա ցանքատարածության սերմը ներկրել ենք, անվճար տրվել է գյուղացիներին, բոլոր գյուղապետերին այդ մասին տեղյակ պահել էինք: Թռչնաբույծները պատրաստ են ստացված ամբողջ բերքը գյուղացուց գնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել