Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՌԱՋԱՐԿԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Մայիս 01,2008 00:00

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ՄԱԱ-ում ասաց, թե իշխանությունը պետք է կատարի այն առաջարկները, որոնք ներկայացված են ԵԽԽՎ բանաձեւի մեջ, եւ ընդգծեց ընդդիմությանը երկրի կառավարման գործում մասնակցության իրավական երաշխիքների անհրաժեշտությունը. «Պետք է պատասխանատվության վերաբաշխում կատարվի Ազգային ժողովում: Եվ ես չեմ խոսում տվյալ դեպքում «Ժառանգության» մասին կամ այսօրվա մասին: Ընդհանուր առմամբ, թե՛ ԱԺ օրակարգի երաշխավորված սահմանման, թե՛ հանձնաժողովներում եւ ղեկավարության մեջ պատասխանատու պաշտոնների ստանձնման առումով եւ մնացած այլ որոշումների կայացման մեխանիզմներն իրականացնելու տեսակետից՝ ընդդիմությունը պետք է ունենա էական մասնակցություն, հանձնառություն ԱԺ-ից ներս»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ սպասում են իշխանության քայլին, եթե այն ուշացավ՝ մայիսի 10-ից հետո «Ժառանգությունը» կներկայացնի սեփական կոնկրետ առաջարկները, թե ինչ է ակնկալում մինչեւ ԵԽԽՎ հունիսի նստաշրջան. «Հարցն այն մասին չէ, որ պաշտոնի առաջարկ պետք է լինի, մենք էլ պիտի ընդունենք, թե չընդունենք: Մենք առաջարկելու ենք համալիր գործողությունների, բարեփոխումների ծրագիր, փաթեթ, որը գործելու է ոչ միայն այսօրվա ԱԺ-ում, այլեւ ընդհանրապես հետագա բոլոր խորհրդարաններում, անկախ նրանից, թե ո՛վ է իշխանություն եւ ո՛վ է ընդդիմություն: Սա կարող է դժվար լինել, որովհետեւ շատ հուզականացված է, բեւեռացված է, կանխորոշված է գրեթե յուրաքանչյուրի մոտեցումն այդ հարցում, բայց անհրաժեշտ է, որ մենք գտնենք այդ ներքին բանաձեւը, որպեսզի այդ պատասխանատվության ստանձնումը լինի ոչ թե մի պաշտոնի միջոցով, այլ լինի բովանդակային եւ վերաբերի ամբողջ ընդդիմությանը»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է այն հանձնաժողովի մասին, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ բանաձեւի առաջարկների կատարման նպատակով, եւ պրն Հովհաննիսյանն ասաց. «Որոշ, չեմ ասում, շահերի բախում կա, բայց կա որոշ հակասություն, որովհետեւ այդտեղ մասնակիցները նաեւ որոշ չափով սուբյեկտն են այդ բանաձեւի պահանջների: Դրա համար ես չեմ համարում, որ լուծումը կգտնվի այդ աշխատանքային խմբի միջոցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել