Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոսովոն ինքնին նախադեպ է

Մայիս 01,2008 00:00

\"\"Գտնում է Արթուր Աղաբեկյանը եւ բացատրում, թե ինչու՝ եթե առկա է ինքնորոշման իրավունքի հարցը:

ԱԺ պաշտպանության, ՆԳ, Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Աղաբեկյանը Կոսովոյում հանդիպումներ է ունեցել Կոսովոյի նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ եւ վերջիններիս է փոխանցել իր նամակ-շնորհավորանքը՝ Կոսովոյի անկախացման կապակցությամբ: Նամակում ասված է. «Ծնունդով լինելով հայկական Լեռնային Ղարաբաղից եւ որպես ամենուրեք հայ ժողովրդի իրավունքների պաշտպան 117-ամյա Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, պարոն նախագահ, շնորհավորում եմ ձեր պետության անկախության հռչակումն ու միջազգային ճանաչումը: Անկախ Կոսովոն հույս է ներշնչում իմ հայրենի Արցախի ժողովրդին, որը 1991-ից պայքարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար»:

Մեզ հետ զրույցում պարոն Աղաբեկյանն ասաց, որ ինքը հանդիպումներ է ունեցել նաեւ Կոսովոյի վարչապետի, ԵԱՀԿ առաքելության ղեկավար, դեսպան Թիմ Կուլդիմանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի եւ այլ պաշտոնյաների հետ: «Կոյֆորի» (Կոսովոյում խաղաղապահ զորքերի-խմբ.) հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հրամանատարությանը հետաքրքրել են Ադրբեջանի եւ Վրաստանի որոշումները՝ Կոսովոյից իրենց ստորաբաժանումների դուրսբերման կապակցությամբ:

Արթուր Աղաբեկյանը ասաց. «Իհարկե, «Կոյֆորի» հրամանատարությունը փորձում էր այդ փաստերը չքաղաքականացնել, բայց պատասխաններից ակնհայտ երեւում էր, որ այդ երկու երկրներն էլ չեն հանդուրժում Կոսովոյի անկախացումը եւ այդ պատճառով են իրենց ստորաբաժանումները հանել Կոսովոյից»: Արթուր Աղաբեկյանը հանդիպումներ է ունեցել նաեւ հայ զինծառայողների հետ, որոնք խաղաղապահ առաքելությամբ գտնվում են Կոսովոյում:

Արթուր Աղաբեկյանի դիտարկմամբ, մոտակա 5 տարիներին ուղղակի անհնարին է լինելու խաղաղապահ զորքերի դուրսբերումը Կոսովոյից, որովհետեւ «Կոսովոյում այս զորքերի գտնվելը բխում է նաեւ Կոսովոյի ժողովրդի շահերից: Հերիք է անգամ ակնարկ լինի ՆԱՏՕ-ն ներկայացնող ուժերի դուրսբերման մասին, այն անմիջապես դառնում է Կոսովոյի բնակչության քննարկման առարկան, եւ բոլոր գյուղերից, քաղաքներից՝ հասարակական կազմակերպություններն անմիջապես դիմում են հրամանատարությանը եւ անընդունելի են համարում խաղաղապահ զորքերի դուրսբերումը»:

Խնդրեցինք ուղղակի զուգահեռ անցկացնել Ղարաբաղի ու Կոսովոյի հիմնախնդիրների միջեւ եւ ասել՝ Կոսովոյի ճանաչումը կարո՞ղ է որեւէ կերպ առնչվել Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման հետ: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Կոսովոյի ճանաչման օրերին շատերը հայտարարեցին, որ այն նախադեպ չի կարող լինել այլ դեպքերի համար: Սակայն, ըստ պարոն Աղաբեկյանի. «Կհայտարարեն՝ չեն հայտարարի, կցանկանան՝ չեն ցանկանա, Կոսովոն նախադեպ է, այն իմաստով, որ այնտեղ եւս դրված է ինքնորոշման իրավունքի հարցը: Եվ եթե առկա է ինքնորոշման իրավունքի հարց, ուրեմն առկա է նախադեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել