Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՎԱԶԻԻՆԴՈՒՍՏՐԻԱԼԻՑ ԴԵՊԻ ՊՈՍՏՄՈԴԵՌՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Մայիս 01,2008 00:00

\"\"Նաեւ այսպիսին է կառավարության 2008-2012 թթ. ծրագիրը, որին երեկ ԱԺ-ն հավանություն տվեց 88 կողմ եւ «Ժառանգության» 3 դեմ ձայներով:

Ամեն անգամ, երբ կառավարությունը խորհրդարան է ներկայացնում իր ծրագիրը կամ հաջորդ տարվա բյուջեն՝ ծավալվում է յուրօրինակ մրցություն, թե ինչ ածականներով պիտի բնութագրվի այն: Մեջբերենք մի քանի բնորոշումներ, որոնց արժանացավ նոր կառավարության քառամյա ծրագիրը: Մեծ մասն այն ուղղակի անվանում էին «հավակնոտ»: Իսկ «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ես այս ծրագիրն անվանել եմ այսպես. եվրոծրագիր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական, ասիական վատթարագույն իրավակիրառման դաշտ ունեցող երկրի համար»։ «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ծրագրի առաջին մասը երբ ուսումնասիրում եմ՝ տպավորություն է ստեղծվում, որ այն կառավարության մարդակենտրոն ծրագիր է՝ ամեն ինչ մարդու համար, բոլոր պայմանները, նրա ազատությունները: Երբ անցնում ենք տարբեր բաժիններով՝ ծրագիրը վերածվում է կառավարակենտրոնի»:

Սակայն բոլորին անցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը նախ անուն դրեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը. «Ներկայիս վարչապետի կառավարությունը եկեք կոչենք բեկման, հույսի եւ ակնկալիքի կառավարություն», իսկ հետո էլ ասաց, թե ներկայացվել է «կվազիինդուստրիալ հասարակությունից դեպի պոստինդուստրիալ, պոստմոդեռն կամ տեղեկատվական հասարակության թռիչքաձեւ զարգացման ծրագիր»: Ավելի՛ն. հետեւելով վարչապետի օրինակին, որը նախօրեին իր խոսքը համեմում էր Ներսես Շնորհալիից եւ Դեկարտից մեջբերումներով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ուզում եմ ելույթս ավարտել չինացի փիլիսոփա Լաո Ցզիի խոսքերով. «Լավագույն կառավարությունն այն է, լավագույն իշխանությունն այն է, որի կառավարումը չի զգացվում»: Դժվար է գուշակել, թե այս բարձր ինտելեկտուալ մաղթանքներից ու բնորոշումներից ինչ հասկացավ պատգամավորների հատկապես մականունավոր հատվածը:

Ի դեպ, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն իր ելույթում Տիգրան Սարգսյանին ասաց. «Եթե որեւէ ճնշում լինի ձեզ վրա այն մարդկանց կողմից, որոնց անվանում են «հեղինակություն», ապա պատրաստ ենք ձեզ պաշտպանել»: Ու թեեւ Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից պատճառաբանեց, որ լինելով համակարգային փոփոխության կողմնակից ուժ՝ չեն կարող այսպիսի ծրագրին կողմ քվեարկել, այսուհանդերձ՝ «Ժառանգությունը» կառավարությանը հաջողություն մաղթեց եւ հայտնեց բացթողումները միասին շտկելու պատրաստակամություն: Փոխադարձ ռեւերանսը հետեւեց վարչապետի կողմից, որը քննարկումների ավարտին շնորհակալություն հայտնեց «Ժառանգությանը» բարոյական աջակցության համար:

Կառավարության ծրագիրն առիթ դարձավ, որ առաջին հրապարակային կսմիթներն արձանագրվեն նորաստեղծ կոալիցիայի միջեւ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամներն անընդհատ շեշտում էին, թե կառավարության ծրագրում գրեթե ամբողջությամբ ընդգրկված են Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն էլ հայտնեց, թե իրենց ոչ բոլոր առաջարկներն են ընդունվել: Ի վերջո՝ ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետը, պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց. «Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այո ասելով ներկայացված ծրագրին՝ կոչ է անում իր կոալիցիոն գործընկերներին զերծ մնալ կուսակցամոլությունից»:

Նաեւ կոալիցիայի շարքերից հնչեց քննադատություն ծրագրի հասցեին: Այս կապակցությամբ փոքր-ինչ ավելի ծավալուն մեջբերում անենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթից. «Ես այն համոզումն ունեի եւ ունեմ, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները կհարկադրեն շատ իրողությունների նկատմամբ վերանայել մեր մոտեցումներն ու վերաբերմունքը, առավել լրջորեն ու խորությամբ վերաբերվել պետական մեքենայի բոլոր օղակներին, արժեւորել նրանց իրական պատասխանատվությունն ու դերակատարությունը: Վերջին 2 ամիսների մեր բոլոր վերլուծություններում ինչո՞ւ եւ ի՞նչ անելու որոնումների մեջ գրեթե բոլորս միակարծիք էինք, որ մեր հասարակությունը բարոյահոգեբանական խորը ճգնաժամ է ապրում, եւ դարձյալ որպես վերջին դեպքերի տխուր դաս՝ փաստեցինք, որ հասարակության, հատկապես երիտասարդության շրջանում ազգային, քաղաքացիական, մշակութային կրթության լուրջ բաց ունենք: Այս օրերին հնչեցին մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող իրական մտավորականների կարծիքներ, որոնց գնահատականը նույնն էր՝ մշակույթի նկատմամբ լուսանցքային քաղաքականությունը հանգեցրեց ազգային արժեհամակարգի խեղաթյուրմանն ու անկմանը»: Սակայն ըստ Լիլիթ Գալստյանի, ինչպես 2007-ի բյուջեի, այնպես էլ կառավարության այս ծրագրի դեպքում՝ «մշակույթի ոլորտը հայտնվել է որբի վիճակում»: Եվ անդրադառնալով ծրագրի այն դրույթին, ըստ որի՝ մշակութային համագործակցության շրջագծում նախատեսվում է Հայաստանը դարձնել Եվրամիության մշակութային տարածաշրջանային կենտրոն, ՀՅԴ պատգամավորը հարցեր ուղղեց. «Բայց ինչո՞վ ենք դառնում մշակութային տարածաշրջանային կենտրոն՝ աղբի մեջ թաղված Երեւանո՞վ, պատմական հուշարձանների անմխիթար վիճակո՞վ, մարզերում մշակութային կյանքի եւ օջախների անհուսալի վիճակո՞վ, թե՞ բյուջեում մշակույթին հատկացված չնչին գումարներով»:

Եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատգամավորներին հավաստիացրեց, որ այս կառավարությունն իսկապես եկել է իրականացնելու փոփոխություններ, ու նաեւ՝ «Մեր խոսքերի եւ գործերի մեջ դուք չեք հայտնաբերելու տարբերություն»:

 Հ. Գ. Կառավարության ծրագրի, ինչպես նաեւ դրան նախորդած մի շարք օրինագծերի քվեարկություններին մասնակցում էր տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար, ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանը: Փաստը արձանագրեցին նիստը լուսաբանող լրագրողները, սակայն երբ փորձեցին նախարարից ստանալ մեկնաբանություն՝ նա կտրականապես ժխտեց: Ավելի ուշ «Առավոտին» ՕԵԿ-ից հայտնեցին, թե քվեարկության այդ կոճակն անջատված է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել