Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՒՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՈՒԺԵՂ ԵՐԵՎԱԼ»

Մայիս 01,2008 00:00

«Առավոտի» հեռակա հարցազրույցը ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի հետ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

– Իշխանությունները մի կողմից խոսում են ԵԽԽՎ բանաձեւով սահմանված պարտավորությունները կատարելու մասին, մյուս կողմից՝ երկարացնում «վտանգավոր» գործիչների կալանքի ժամկետը, մյուսներին էլ փորձում են «կոտրել»: Այս ամենին ձեր գնահատականը ո՞րն է:

– Ես կարծում եմ, որ հիմա իշխանությունն ինքը չգիտի, թե ինչ անի: Մի կողմից՝ Շարժումը չի դադարում. Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ այլոց ճնշումները շարունակվում են, մյուս կողմից՝ փորձ է արվում ցույց տալու, որ իրենք (իշխանությունը- խմբ.) իրավիճակը լրիվ վերահսկում են եւ որեւէ խնդիր չունեն: Զգացվում է իշխանական ճամբարի խառնաշփոթությունը. երկրի տնտեսական վիճակը վատանում է, ապրանքների գները թանկանում են, ժողովրդական դժգոհությունը չի նվազում: Իշխանությունը կանգնած է երկընտրանքի առաջ. կամ բռնապետության փորձ, որի ավարտը, ինչպես ասել եմ, Հայաստանը կդարձնի «իզգոյ»՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով, կամ էլ երկխոսություն իրական ընդդիմության հետ: ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւից հետո (2008թ. ապրիլի 17-ի թիվ 14/16 բանաձեւը) միանգամայն ակնհայտ է, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո ձերբակալված բոլոր քաղաքական ու հասարակական գործիչները քաղբանտարկյալներ են, որքան էլ իշխանությունը փորձի նրանց կպցնել Քրեական օրենսգրքի հոդվածներ: Համոզված եմ, որ շատ «դատավճիռներ» բողոքարկվելու են Եվրոդատարանում եւ, կասկած չունեմ, որ դրանց ճնշող մասը բավարարվելու է: Այդժամ պատասխան են տալու բոլորը, իսկ տույժերի ու տուգանքների մուծումը իրականացվելու է պետական բյուջեի հաշվին: Եվ հեռու չէ այն օրը, երբ պետությունը իր կրած վնասների փոխհատուցումն է պահանջելու (ռեգրեսիվ հայց) այսօրվա կնիք դնողներից: «Վտանգավոր» գործիչների կալանքի ժամկետի երկարացումը ոչ այլ ինչ է, քան թույլ իշխանության՝ ուժեղ երեւալու ցանկություն:

– Երկխոսության մասին ամեն առիթով եւ առանց առիթի հայտարարող իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական ցանկացած նախաձեռնություն: Ո՞րն է տրամաբանությունը:

– Տրամաբանությո՞ւն: Ի՞նչ տրամաբանություն: Հիշո՞ւմ եք Գորբաչովին: Նա միշտ խոսում էր երկխոսության մասին եւ փորձում էր ռեալ քայլեր անել, ստեղծել հանձնաժողովներ եւ այլն: Մինչեւ երբ… Մինչեւ քայքայեց ԽՍՀՄ-ը եւ կորցրեց ռեալ իշխանությունը: Չհաշվել սեփական ուժերը, կորցնել իրավիճակը գնահատելու կարողությունները, հավատացած լինել քաղաքական հարցերը ուժով լուծելու հնարավորությանը, չհասկանալ, չընդունել արտաքին մարտահրավերները՝ լիդերի հավակնություն ունեցող քաղաքական գործչի համար մեծ դժբախտություն է: Ահա այստեղից էլ բխում են անտրամաբանական քայլերը: Սրան էլ ավելացնենք հայկական՝ «ոչ մի պրոբլեմ չունենք, շեֆ ջան» կարգախոսը, եւ անտրամաբանական քայլերի ամբողջ հիմքը կուրվագծվի:

– Կառավարությունը ձեւավորված է. կոալիցիայում նոր կուսակցություններ չկան, նոր դեմքեր գրեթե չկան: Սա այս իրավիճակում որքանո՞վ կարող է լավագույն լուծում լինել:

– Իսկ լուծում չի տրվել: Ես կարծում եմ՝ դուք էլ եք նկատում, որ այսօր կատարվում են կես քայլեր: Սա գործելակերպ է: Ռ. Քոչարյանը բոլոր հարցերը փորձում էր լուծել պարտիական՝ «չթույլատրել, արգելել» սկզբունքով, այսինքն՝ ուժով: Ս. Սարգսյանը ցայսօր արմատական որեւէ բարեփոխում չի կատարել: Սա իրողություն է, եւ սրան չհամաձայնողը դժվար թե որեւէ պատճառաբանված փաստ բերի: Հակառակ դեպքում, նա պետք է փորձի ապացուցել, որ հնարավոր է երկխոսություն՝ ուժի դիրքերից խոսող իշխանության եւ անազատության մեջ գտնվող ընդդիմության միջեւ:

– Քաղաքական նկատառումներով ձերբակալվածներից ավելի քան 30-ը հացադուլ հայտարարեց, մի մասը դեռեւս հացադուլի մեջ է: Ինչո՞ւ չմիացաք բողոքի այս ակցիային, մեկուսարանում որեւէ կերպ պայքարել չարժե՞:

– Իմ պայքարը մի րոպե անգամ չի դադարել: Ուղղակի կան պայքարի տարբեր հանգրվաններ: Սկզբում ես ցանկացա, որ թե՛ իրավապահները, թե՛ «քաղաքական» ղեկավարները իրավամբ տեսնեն, որ որեւէ մեկը որեւէ բանից չի վախենում, անգամ՝ նստելուց: Հետո սկսվեց իմ պայքարը իրավական դաշտում, երբ ես առաջարկեցի քննել իմ ամբողջ գործունեությունը եւ ինձ ներկայացնել որեւէ անօրինական գործողություն կամ դրա վերաբերյալ փաստ: Չկոտրվելը եւս քաղաքական պայքարի շատ կարեւոր հատկանիշ է: Հացադուլը պայքարի ծայրահեղ միջոց է, եւ եթե դրա կարիքը զգամ, ապա կդիմեմ նաեւ այդ քայլին:

– Ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը ազատության մեջ հայտնվելուց հետո:

– Ծաղիկներ դնել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ՝ ի նշան մարտի 1-ի զոհերի հիշատակի, եւ հանդիպել ձեզ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել