Ապրիլի 26-ին եւ 27-ին Երեւանի Կենտրոն համայնքի շուրջ 500 անապահով ընտանիքներ թաղապետարանի հովանավորությամբ այցելեցին պաշտպանության նախարարության Վայքի, Գորիսի եւ Ստեփանակերտի զորամասեր՝ տեսնելու զինծառայության մեջ գտնվող իրենց որդիներին:
«Առավոտը» զրուցեց ինչպես զինվորների, այնպես էլ՝ ծնողների հետ: Զինվորները թեեւ կաշկանդվում էին խոսելիս, այդուհանդերձ, նշում էին, որ ծնողներից երկու տարի բաժանվելը ողբերգություն չէ, քանի որ կատարում են իրենց պարտականությունները հայրենիքի հանդեպ: «Ծառայությունը շատ լավ է անցնում: Դիրքերն այնպես ենք պահում, որ մեր ազգը հանգիստ քնի եւ անվտանգ լինի: Ծառայությունը հետաքրքիր է եւ հաղթահարելի դժվարություն է: Կարծում եմ, ծառայած լինելը կյանքում մեզ շատ կօգնի»,- «Առավոտին» ասաց արդեն մեկ տարվա ժամկետային զինծառայող Արամը:
Զինվորների հետ հանդիպման էին եկել նաեւ հայտնի մտավորականներ Ռաֆայել Քոթանջյանը, Մարտին Վարդազարյանը, Արա Գեւորգյանը, Գրիգոր Ջանիկյանը, Հակոբ Ղազանչյանը, Աստղիկ Գեւորգյանը: Հետաքրքիր էր ռեժիսոր Արմեն Էլբակյանի խոսքը զորամասերից մեկում. «Նայում եմ ձեզ եւ հիշում իմ ծառայությունը սովետական բանակում: Երբ փոքր էի՝ չէի ուզում ծառայել: Հորս (սիրված դերասան Էդգար Էլբակյան- Գ. Մ.) ասում էի՝ չեմ հասկանում, ինչո՞ւ պիտի ծառայեմ ռուսի բանակում, ուզում եմ հայի բանակում ծառայել: Այսպես էի մտածում, քանի որ դպրոցում գրքեր էի կարդացել եւ հասկացել, որ պետք է ունենանք մի երկիր, որին պետք է աշխարհը ճանաչի»:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը միակն էր, որ իր խոսքում, թեեւ այլ մտայնությամբ, հիշատակեց մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները՝ ասելով. «Մեր ժողովրդին պետք է փնտրենք այսպիսի ակցիաների մեջ, այլ ոչ թե մարտի 1-ի մեջ»:
Զինվորներին հյուրընկալած մտավորականները իրենց «ճառերով» խրախուսում էին զինվորներին, իսկ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին, ով կազմակերպել էր այս ակցիան՝ «ձոնում» էին փառաբանման եւ դրվատանքի խոսքեր:
«Առավոտի» հարցին ի պատասխան, թե մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո մեր ժողովուրդը բարոյալքվել է, արդյոք նմանատիպ միջոցառումներն այս հանգամանքներում ճի՞շտ կընկալվեն հասարակության մեջ, ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը պատասխանեց. «Այդ դեպքերն աննախադեպ հետք թողեցին մեր մարդկային փոխհարաբերությունների վրա, սակայն նմանատիպ միջոցառումները գալիս են բոլորին համախմբելու, միակամ դարձնելու եւ ասելու, որ մենք մի ազգ ու ժողովուրդ ենք եւ պետք է ապրենք նույն նպատակի համար: Այսպիսի միջոցառումները գալիս են մոռացության մատնելու այն ողջ անցանկալի, անհարիր երեւույթները, որոնք եղան: Կուզենայի, որ մենք այդ տխուր օրերի հիշողությունը շուտ կորցնենք»:
«Առավոտի» նույն հարցադրմանը ակցիայի մեկ այլ նախաձեռնող՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը չկամեցավ պատասխանել՝ հորդորելով անջատել ձայնագրիչը: Այդպես էլ վարվեցինք:
Կենտրոնի թաղապետարանը զորամասերին հանձնեց հեռուստացույցներ, DVD-ներ եւ մարզական գույք: