Ապրիլի 25-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց Արաբկիրի տարածքի նոտարական գրասենյակի նախկին նոտար Գոհար Բադալյանի դիմումը՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության:
Հայցվորը պահանջում էր գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Արդարադատության համակարգում՝ 30, եւ նոտարական գործունեության 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Գ. Բադալյանին նոտարների որակավորման 2002թ. քննությունների ժամանակ «կտրել» են: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նրան աշխատանքից ազատել են: «Իմ նկատմամբ վարվել են անարդար, իմ իրավունքները ոտնահարվել են: Ես դեռ գործազուրկ եմ: Հայրս 1-ին կարգի հաշմանդամ է, ընտանիքիս 2 անդամներն անաշխատունակ են»,- «Առավոտին» ասում է նախկին նոտարը:
Գ. Բադալյանը հայտնում է, որ նույն՝ Արաբկիրի տարածքում, ներկայումս աշխատում է կեղծ գործարք կատարելու համար նախկինում դատապարտված անձնավորություն: «ՀՀ արդարադատության նախարարությունից 2003-ից մինչ օրս պահանջում եմ որակավորման 3 քննությունների գրավորներս, հանձնաժողովի տված եզրակացությունը, արձանագրությունները, սակայն պահանջս ԱՆ աշխատակազմի ղեկավարի կողմից մերժվում է»,- ասում է «Առավոտին» դիմած նոտարը:
Վերջինս դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ապա քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, սակայն նրա դիմումը մերժվել է: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ հայցվորին 2002-ին ազատել են աշխատանքից, իսկ 5 տարի հետո դատարանը մերժել է նրան վերականգնել նախկին աշխատանքում: «Մ. Գաբոյանն ու Գ. Մալխասյանը (նախարարի տեղակալը) դատարան են ուղարկել արձանագրություններ, ցուցակներ, որոնք չեն կարող փոխարինել իմ գրավորներին եւ հիմք ծառայել հայցս մերժելու համար: ՀՀ տեղեկատվության մասին օրենքի խախտման համար դիմել եմ դատարան, պահանջել, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկեն Մ. Գաբոյանին»,- շարունակում է հայցվորը: Մի նամակ էլ հայցվորը ուղարկել էր ՀՀ նորընտիր նախագահին, խնդրելով, որպեսզի արտադատարանական կարգով լուծվի այս վեճը, քանի որ, ըստ նրա, դատարանի վրա հնարավոր են «արդարադատական» ճնշումներ:
Ի դեպ, Մ.Գաբոյանը վարչական դատարան չէր ներկայացել՝ ուղարկել էր իր ներկայացուցչին:
Երեկ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարական բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Գեւորգյանն «Առավոտին» փոխանցեց, որ Մ. Գաբոյանը արձակուրդում է եւ բացակայում է հանրապետությունից: Քանի որ նա էր փոխարինում Մ. Գաբոյանին, փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ որակավորման քննությունների փաստաթղթերը չեն տրամադրվել Գ. Բադալյանին: Ա. Գեւորգյանն ասաց, որ տեղյակ է վեճին. «Ցավոք, ոչինչ անել չենք կարող, քանի որ մեր բոլոր նյութերը հրդեհի ժամանակ այրվել են»: Մեր հիշեցմանը, թե հրդեհն այս տարի է եղել, իսկ Բադալյանը պահանջել է իր գրավորները՝ 2003-ից սկսած, տիկին Գեւորգյանը պատասխանեց.«Մեր միակ հիմքը դատարանին տրված պատճեններն են, որից նա կարող է օգտվել»: Գլխավոր նոտարի պաշտոնակատարը նաեւ ասաց, որ հայցվորը քննություններից հետո բավական ուշացումով է դիմել դատարան: Նախարարությունն այս վեճի հետ կապված դատարան է ներկայացրել նրա պահանջած բոլոր նյութերը: Նոտարների որակավորման քննություններին մասնակցել են գործող բոլոր նոտարները: Եվ միայն երկու նոտար չի հաղթահարել քննությունները: Ինչ վերաբերում է մեր դիտարկմանը, թե իրենց նախկին գործընկերը երբեւէ չի պատժվել, կարգապահական վարույթ նրա աշխատած տարիներին չի հարուցվել եւ նա ունի խրախուսանքներ, որոնք հաշվի չեն առնվել, տիկին Գեւորգյանը նշեց. «Խրախուսանքները չեն վերաբերում նոտար աշխատած տարիներին, նա դրանք ստացել է արդարադատության նախարարության այլ բաժիններում աշխատելիս»:
Չնայած ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը գրավոր ասել էր, թե «նախարարությունն անելիք այլեւս չունի», սակայն Գ. Բադալյանը հակված է հակառակն ապացուցել՝ դիմել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվողներին, վերին դատական ատյաններ: